Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի Աստղիկ Գեւորգյանի եւ քննիչի ծիծաղը շարունակելի լինի, հրապարակում եմ այս փաստաթուղթը». Սաթիկ Սեյրանյան

Մարտ 21,2019 18:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ժուռնալիստների միության» նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց, որ միության նախորդ ղեկավարության օրոք միությանը պատկանող տարածքները վարձակալությամբ են տրվել խայտառակ՝ էժան գներով, վարձակալներն էլ դրանք ենթավարձակալության են հանձնել այլ կազմակերպությունների՝ բավականին բարձր գներով: Սաթիկ Սեյրանյանը նաեւ մատնանշել էր, թե շենքային ինչպիսի վատ ու անմխիթար պայմաններ են ժառանգություն մնացել ԺՄ-ի նախորդ ղեկավարի պաշտոնավարման հետեւանքով: «Ժուռնալիստների միության» նախկին նախագահ, մինչեւ 2017թ.-ը պաշտոնավարած Աստղիկ Գեւորգյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր ԺՄ-ի ներկայիս նախագահի հայտարարությունները, հսկատեցրել, որ վարձակալության պայմանագրերից մեկում կեղծ ստորագրություններ չկան, նաեւ հայտնել էր, որ «168 ժամ»-ը մեծ պարտք ունի ԺՄ-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Սաթիկ Սեյրանյանը լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց՝ տրամադրելով վարձակալության պայմանագրերից մեկը, որում ԺՄ վարչության նախկին անդամների ստորագրություններն են(տես փաստաթղթի լուսանկարը): «Շնորհակալ եմ, որ նաեւ Աստղիկ Գեւորգյանի տեսակետն եք ներկայացրել իմ փաստերի կապակցությամբ: Հուսամ՝ նախաքննական մարմինն Աստղիկ Գեւորգյանի խոսքերը կընդունի որպես ցուցմունք»,-նախ նշեց Սաթիկ Սեյրանյանը, ապա, դառնալով փաստաթղթին՝ շեշտեց. «Որպեսզի Աստղիկ Գեւորգյանի եւ քննիչի ծիծաղը շարունակելի դառնա, հրապարակում եմ այդ փաստաթուղթը: Թող տեսնեն՝ դրանք անուն ազգանուննե՞ր են, թե կեղծված ստորագրություններ: Դա նոտարական փաստաթուղթ է: Խոսքը Ֆ. Ափունջյանի եւ Գ. Ջանիկյանի ստորագրությունների մասին է: Խոսել եմ նրանց հետ: Այդ ստորագրությունները նրանցը չեն, դրանք կեղծված են: Նրանք անգամ տեղյակ չեն եղել նման գործարքի մասին»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը: Հիշեցնենք՝ Աստղիկ Գեւորգյանն ի պատասխան մեղադրանքի, թե իր օրոք կեղծված ստորագրություններով փաստաթղթի միջոցով վարձակալության պայմանագիր է կնքվել, պատասխանել էր, որ ինքը գրել է վարչության անդամների անուն ազգանունները միայն եւ դրել իր կնիքը (եւ քննիչը ծիծաղել է՝ լսելով այդ պարզաբանումը): Իսկ Սաթիկ Սեյրանյանի պնդմամբ՝ փաստաթղթում ոչ միայն չկան ձեռագիր անուն-ազգանուններ, այլեւ վարչության երկու անդամներից երկուսի ստորագրությունները կեղծված են:

Ինչ վերաբերում է Աստղիկ Գեւորգյանի հավաստիացումներին, որ իր օրոք ԺՄ-ի գույքից ոչինչ չի պակասել, իսկ կազմակերպություններին տարածքները վարձակալությամբ տրվել են հավասար պայմաններով, Սաթիկ Սեյրանյանը հակադարձեց. «Հրավիրում եմ բոլոր լրագրողներին եւ շահագրգիռ կողմերին ԺՄ-ի շենք՝ շրջայցի: Ցույց կտամ, թե ինչպիսի աղետալի վիճակում է եղել եւ կա միությունը: Դրա ականատեսն են նաեւ այն լրագրողական կազմակերպությունները, որոնք վարձակալների թվում են: Ունեմ փաստեր, թե ԺՄ-ի նախորդ ղեկավարից ինչպիսի պարտքեր են մնացել ներկայիս ղեկավարությանը, ցույց կտամ նաեւ ռումինական վնասված կահույքը եւ «դիտարժան» համակարգիչը, շենքային պայմանները: Օրինակ՝ 40 տարի ղեկավարած անձը մեզ թողել է մինչեւ 2112թ.-ը կնքված վարձակալության նվաստացուցիչ պայմանագիր, ինչը դեմ է միության շահերին: Լավ կլիներ՝ Աստղիկ Գեւորգյանը ներկայացներ, թե ընդհանրապես ի՞նչ է արել մամուլի համար իր պաշտոնավարման 40 տարում»:

Աստղիկ Գեւորգյանն Aravot.am-ին նաեւ հայտնել էր, որ «168 ժամ» թերթը, որի գլխավոր խմբագիրն է Սաթիկ Սեյրանյանը, ԺՄ-ին 15 միլիոն դրամ է պարտք: Այս առնչությամբ էլ Սաթիկ Սեյրանյանը մեզ տեղեկացրեց. «ԺՄ-ի եւ «168 ժամ»-ի արխիվներում պահպանվում են փոխադարձ նամակներ, որոնցում պարտքերի մասին է խոսվում: Պարտքի մասին նրա հայտարարությունը չափազանցված է: «168 ժամ»-ի՝ ԺՄ-ին ուղղված 2016թ.-ի նամակում նշվում է, թե թերթը որքան գումար է որպես աջակցություն տվել ԺՄ-ին՝ բացի վարձավճարներից: Խոսքը հինգ միլիոն դրամի մասին է: Շնորհակալ եմ, որ ինքը խոսեց, եւ իմ ձեռքերն այժմ ազատ են հրապարակելու այդ ամենը: ԺՄ-ն Աստղիկ Գեւորգյանի օրոք որեւէ կոպեկ չի հատկացրել շենքի պահպանության կամ ԶԼՄ-ների աջակցության համար: Փաստերով կարող եմ ներկայացնել, թե քանի անգամ են ներդրումներ արել միայն վարձակալող կազմակերպությունները, այդ թվում՝ «168 ժամ»-ը, Հելսինկյան կազմակերպությունը եւ «Ֆոտոլուր» գործակալությունը՝ իրենց միջոցների հաշվին, որպեսզի պայմանները բարելավվեն: Ընդ որում, Աստղիկ Գեւորգյան այդ ծախսերը չէր հանում վարձավճարների գումարներից, այդ ամենը լրագրողական կազմակերպություններն իրենց հաշվին են արել: Ես ունեմ բոլոր փաստերն առ այն, որ նա որեւէ պայմանի բարելավում չի արել»:

Սաթիկ Սեյրանյանը նախաքննական մարմին կոչ արեց ավելի ուշադիր եւ հետեւողական լինել: Հիշեցնենք՝ այսօրվա ասուլիսում նա հայտարարել էր, որ ստորագրությունների կեղծման առթիվ քրեական գործ է հարուցվել. ընթանում է նախաքննություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031