Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան Զաքարյան. «Սեքյուրիթի Դրիմն» այդ տարածքի հետ կապ չունի, իսկ «Թուլս թաուն»-ը տարածքի վարձակալության դիմաց միլիոնների պարտք ունի

Մարտ 21,2019 18:15

«Իրենք պահնորդներով եկել՝ շոու էին սարքել, տարածքն էին գրավում, որը անհասկանալի էր, ընդ որում, լրատվամիջոցներում տարածել էին «Սեքյուրիթի Դրիմի» անունը, որը որեւէ առնչություն չունի տվյալ տարածքի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարտի 19-ին, Տիգրանյան 27 հասցեում տեղի ունեցած միջադեպին, ասաց «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը: Պարոն Զաքարյանի խոսքով, շենքի սեփականատերը, որից տարածք է վարձակալել «Թուլս թաուն» խանութը, Հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական ձեռնարկություն է, որի տնօրենն ինքն է եւ որտեղ, պարզապես տարածք է վարձակալում նաեւ «Սեքյուրիթի Դրիմը»:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Aravot.am-ը հայտնել էր, որ Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գտնվող «Թուլս թաուն» շինանյութի եւ գործիքների առքուվաճառքով զբաղվող խանութում են եւ ինչ-որ գործողություններ են անում: Խանութի սեփականատիրոջ շահերի պաշտպան Արամ Ղլեչյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ «Թուլս թաուն»-ն այդ շենքում արդեն 5 տարի է տարածք է վարձակալում, ունեն համապատասխան պայմանագիր, սակայն, երբ ցանկացել են մուտք գործել խանութ եւ ապրանքների ցանկը պարզել, Ալեքսան Զաքարյանն ահազանգել է ոստիկանություն: Ոստիկաններն էլ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել սեփական խանութի տարածք:

Ըստ Ալեքսան Զաքարյանի, Արամ Ղլեչյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ խանութի հետ պայմանագիրը այս տարվա մարտի սկզբներին խզվել է եւ խանութի գործունեությունը տվյալ տարածքում՝ դադարեցվել:

«Հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական ձեռնարկությունն այդ խանութի հետ վարձակալության պայմանագիր է ունեցել, որը խզվել է: Պայմանագիրը խզվել է փոխադարձ՝ խանութի տնօրինության հետ առանց որեւէ բարդությունների: Մենք եկել ենք փոխադարձ համաձայնության, քանի որ նրանց ֆինանսական վիճակը թույլ չէր տալիս տվյալ տարածքում գործունեությունը շարունակել: Պայմանագիրը խզվել է խանութի նախորդ տնօրենի օրոք»:

Ալեքսան Զաքարյանի խոսքով, արդեն երկար ժամանակ է՝ խանութը տարածքի վարձավճար չի վճարում, եւ արդեն միլիոնների պարտք է կուտակվել. «Որպեսզի մենք չընկնենք փոխադարձ քաշքշուկների մեջ, եկել ենք փոխադարձ համաձայնության, որ պայմանագիրը խզվում է: Եվ պայմանագիրը փոխադարձ ստորագրություններով, կնիքներով խզվել է: Դրանից հետո, երեքշաբթի օրը, գալիս են պահնորդներով մտնում տարածք, մենք համապատասխանաբար հրավիրեցինք ոստիկանություն: Եկան, փաստաթղթերը ստուգեցին համոզվեցին, որ նրանք այդ տարածքի վրա որեւէ իրավունք չունեն: Տարածքը նրանցից ազատեցին եւ վերադարձրին սեփականատիրոջը՝ այսինքն՝ ինձ: Ինչո՞ւ նման աղմուկ սարքեցին: Այսինքն՝ դա շոու էր»:

Պարոն Զաքարյանն ասաց, որ Արամ Ղլեչյանը «Սեքյուրիթի Դրիմի»-ի տնօրենի նախկին պաշտոնակատարն է եղել, որին փոխարինել է նոր տնօրենը. «Հիմնադիրների որոշումներով ընդունվել է նոր տնօրեն եւ նա, հիմա, ամեն կերպ փորձում է շահարկել այդ փաստը:

Մեր հարցին, թե տվյալ դեպքում պարոն Ղլեչյանը խանութի սեփականատիրոջ շահերի ներկայացուցի՞չն էր, պարոն Զաքարյանը պատասխանեց, այո՝ Ղլեչյանը խանութի հիմնադրի փաստաբանն է, բայց նա նույն Ղլեչյանն է, որը «Սեքյուրիթի Դրիմի» տնօրենի պաշտոնակատարն էր 2018 թվականի ամռանից մինչեւ մարտի 14-ը. «Հիմնադիրների խորհրդի որոշմամբ ընդունվեց նոր տնօրեն եւ անցավ իր պարտականությունների կատարմանը»:

Aravot.am-ի հարցին, թե Արամ Ղլեչյանը պնդում էր, որ իրավունք չունեիք պայմանագիրը միակողմանի լուծել, պարոն Զաքարյանը պատասխանեց՝ պայմանագիրը միակողմանի չի լուծվել. «Նախ՝ մենք կարող էինք միակողմանի լուծել, որովհետեւ վարձակալության դիմաց միլիոնների պարտք կար, բայց, որպեսզի չընկնենք այդպիսի քաշքշուկների մեջ, նախկին տնօրենն էլ խելացի տղա էր, հասկացավ, որ անիմաստ է այդ կռիվը, մենք եկանք փոխադարձ համաձայնության եւ երկկողմանի կնքած վարձակալության պայմանագիրը դադարեցրինք»:

Մեր հարցին՝ Արամ Ղլեչյանը նաեւ պնդում էր, որ թույլ չեք տվել անգամ գույքը տարածքից հանել, տեղափոխել, իսկ այնտեղ եղել է, նրա վստահեցմամբ, միլիոնների ապրանք՝ թանկարժեք շինանյութ, գործիքներ, պարոն Զաքարյանը պատասխանեց, որ խանութը պարտք է ձեռնարկությանը, նաեւ «Էլիպս» ընկերությանը, որի հիմնադիրներից մեկը նույնպես ինքն է, հետեւաբար, գույքը նույն տարածքում մնացել է մինչեւ հարցը կարգավորվի. «Տնօրենների միջեւ կրկին կնքվել է փոխադարձ համաձայնություն, որ այդ ապրանքին ձեռք չի տրվում, մինչեւ որ որոշվի այդ պարտքի ճակատագիրը, ապրանքի եւ այլն: Հիմա այդ ապրանքը ոչ մենք ենք տնօրինում, ոչ իրենք ենք տնօրինում: Իրականում նրանք որեւէ առնչություն չեն ունեցել այդ ամենի հետ»:

Պարոն Զաքարյանի խոսքով, պարտքի գումարը գերազանցում է նրանց ունեցվածքի չափը:

Ալեքսան Զաքարյանն ասաց՝ ինչ գումարի մասին, որ հայտարարում են՝ փաստաթղթավորված է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031