«Առանձնապես նոր ուղերձ չլսեցի: Ինձ համար բացահայտում էր այն, որ Նիկոլ Փաշինյանը բացի իր նեղ «կրուգից»՝ կարդում է որոշ վերլուծաբանների և լրագրողների գրածներն ու եզրակացություն անում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա համար անընդունելի է այն, որ շահարկվում է, թե ինչու է վարչապետն իր կնոջն իր հետ տանում, և անհասկանալի է, թե ինչու են նրանք արդարանում:
Դառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ոչ մի ոլորտում՝ բացի մեկից, որը դուք գիտեք, «պռավալ» է եղել, Կարեն Քոչարյանն ասաց. «Ես կառավարության ղեկավարից չեմ սպասում լսել, թե որտեղ է «պռավալ» եղել, այլ ուզում եմ լսել, թե որտեղ է ձեռքբերում եղել: Ինձ սա ավելի շատ է հետաքրքրում: Եթե ասվում է «պռավալ», ապա կոնկրետ պետք է ասի, որ այստեղ եղել է «պռավալ», և դրա պատասխանատուն անհապաղ հեռացվելու է գործից»:
Ըստ Կարեն Քոչարյանի՝ ասուլիսի ընթացքում լրագրողները Նիկոլ Փաշինյանին կարևորագույն հարցերը չհղեցին, օրինակ, երբ կառավարության ղեկավարն Իրանի պես երկրում հայտարարում է բազում օտարերկրյա գործակալների մասին, և մինչև այսօր ոչ մի լրագրող չի հարցրել նրան այդ մասին: Այս առիթով Կարեն Քոչարյանը մանրամասնեց. «Դա ասել ես որպես խմբագի՞ր, որպես օդում կախված լո՞ւր, թե՞ որպես երկրի ղեկավար, որ գիտի՝ վխտում են գործակալները, բայց որևէ իրավական գործողություն դրան չի հետևում»:
Ըստ Կարեն Քոչարյանի՝ «Լիդիանի» հարցով դեռ ոչ մի հստակեցում չկա, մինչդեռ 11 ամիսը բավարար էր այդ հարցը լուծելու համար, գոնե փորձագիտական ուսումնասիրություն անել. «ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլլսն իր ելույթում հայտարարեց, որ մինչև այդ հարցը չլուծվի, ԱՄՆ-ից որևէ ներդրումային ծրագիր ՀՀ-ում չի իրականացվելու: Խոսքն այն մասին էր, որ պետք էր անել փորձագիտական հետազոտություն՝ պարզելու դա վնաս տալի՞ս է ՀՀ բնապահպանությանը, թե՝ ոչ, ոչ թե թողնեինք անորոշ, և դա դառնար նախադեպ այլ լուրջ ներդրողների համար, որ ՀՀ -ում որևէ լուրջ գումարներ չմտնեն»:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը նշեց, թե, ինչպես Նիկոլ Փաշինյանի հարյուր օրվա մասին ժամանակին տպավորություն ուներ, այնպես էլ հիմա՝ անիմաստ տխուր էր նրա գործունեությունը. «Ոչինչ չի փոխվել հիմա, միայն վատացել է: Նոր վարչապետը կառավարությանը դիտողություններ չունի, բայց չգիտես ինչու՝ կյանքը վատանում է: Հիշենք մեծ Քաջ Նազարին, որ ասում էր՝ սարերը պետք է դաշտերից բարձր լինեն: Եթե Նիկոլին թվում է, որ իր գալով՝ կյանքը կանգնելու է, և երկրագունդը չի պտտվելու, չարաչար սխալվում է: Այն, որ կյանքն է առաջ գալիս դեպի հայ ժողովուրդ, ինքը կապ չունի, այն, որ ճգնաժամն է խորացնում է, դա կապ ունի: Նիկոլ Փաշինյանը գտնվում է վատ վիճակում. Աստված չանի՝ իր վատ վիճակն անդրադառնա Հայաստանի վրա»:
Դառնալով ՀՀ-ում լցված գործակալների մասին լուրին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Բա որ քո անվտանգությունն առավոտից իրիկուն զբաղվի ընդդիմությամբ, լրտեսներով պետք է լցվի երկիրը. հետո հպարտ ու կիսահպարտ քաղաքացիների քթից է գալու»:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «Նազարբաևի հրաժարականից հետո երբ ֆեյսբուքում որոշ գլամուրային մարդիկ սկսեցին ասել, թե մեր հեղափոխության ալիքը հասավ Ղազախստան, ես չեմ իմանում ծիծաղե՞մ, լացե՞մ, որովհետև իրենք մի օր ուրախացան ուրախացան, հետո պարզվեց, որ ինքը մնում է Անվտանգության խորհրդի քարտուղար, կուսակցության նախագահ, Դարիգան՝ իր աղջիկը, դառնում է սենատի նախագահ: Էս էր հայկական ալիքի ազդեցությունը ղազախական հրաժարականի վրա: Հեղափոխության ալիքի արդյունքում էլ Աստանան դարձավ Նուրսուլթան: Մինչդեռ ուրիշ էր խնդիրը: Նազարբաևը բավականին մեծ էր. նա պատրաստվում էր սրան վաղուց: Սա սահուն փոխանցումն է»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Նազարբաևի արածը շատ խելոք մարդու հաշվարկ էր. «Ուղղակի հիվանդությունը, որ գամեց մարդուն անկողնուն, ինքը երբեք չէր կարողանա այն մարդուն, որին ցանկանում էր, նշանակել իշխանության: Քանի ոտք ու ձեռքով է, խելոք քայլ կատարեց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ