Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը կդիմի դատարան՝ վիճարկելու էթիկայի հանձնաժողովի որոշումը

Մարտ 21,2019 16:23

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմելու է դատարան՝ վիճարկելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր նկատմամբ հարուցած վարույթը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սանասարյանը:

Էթիկայի հանձնաժողով էր դիմել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանձնաժողովը գտել է՝ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին օրենքը». «Սանասարյանի վարքագիծը՝ նրա կողմից արված հրապարակային հայտարարությունները եւ գրառումը չեն նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձևավորման՝ հետեւյալ պատճառաբանությամբ՝ Սանասարյանի դրսեւորած վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձեւավորման համար, քանզի Պետական վերահսկողական ծառայության կողմից Երեւանի պետական համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ վերը մեջբերված հրապարակային հայտարարությունները և գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել եւ մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունք դրսևորում եւ «ուժի ցուցադրում»։

Սանասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ խորհրդակցել է իրավաբանների հետ, կարծում է՝ պետք է վարույթը չհարուցվեր. «Ամեն դեպքում ուրախ եմ, որ նոր Հայաստանում էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ նաեւ մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն»:

Սանասարյանն ասաց, որ եթե դատարանը ոչ իր օգտին որոշում կայացնի՝ ինքը հետեւություն կանի:

Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ էթիկայի հանձնաժողովը նախկինում չի էլ գործել, ընդամենը մի քանի պաշտոնյայի նկատմամբ է վարույթ հարուցել: Հիմա, ըստ Սանասարյանի, հանձնաժողովը սկսեց աշխատել Արամ Սիմոնյանի շնորհիվ:

Դիտարկմանը՝ կարծես Սանասարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում, վերջինս ասաց, որ իր գլխին արդեն 11 տարի է սեւ ամպեր են կուտակվում, եւ դրանք իրեն չեն անհանգստացնում:

Հարցին՝ արդյոք կուլիսային «ինտրիգներ» կան Սանասարյանի թիկունքում, վերջինս ասաց՝ «Չեմ կարծում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031