Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ուսապարկը դնել ու տուն գնալն էլ ուղղակի ֆիզիկական մի գործողություն չի, դրան քաղաքական իրադարձություններ պետք է նախորդեն». Հակոբ Սիմիդյան

Մարտ 21,2019 15:58

Հայտնի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի իրադարձություններից հետո 1 տարի, 4 ամիս ընդհատակում է եղել, որի 11 ամիսն անցկացրել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի տանը, մնացած ամիսներին նա տեղից տեղ է տեղափոխվել:

«Լոֆթում» Նիկոլ Փաշինյանը իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ ասաց, որ այն ժամանակ Սիմիդյանի միջոցով լուրեր է ստացել,որ ԱԱԾ-ին հրահանգված է՝ իրեն հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ իմիտացիա ստեղծեն զինված դիմադրության ու ֆիզիկապես ոչնչացնեն:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Սիմիդյանին հարցրեցինք՝ այդ տեղեկությունը զուտ մամուլի հրապարակումների վրա՞ էր հիմնված, որ ԱԱԾ-ն ուզում է ոչնչացնել Փաշինյանին, թե՞ այլ աղբյուրի: Նա պատասխանեց. «Երբ ինքը արդեն մեր տանն էր, նաեւ քննարկումները, թե ինչ է խոսվում, ինչ են քննարկում մարդիկ, այդ խոսակցությունները ես, իհարկե, լսում էի եւ փոխանցում էի պարոն Փաշինյանին»: Հարցին՝ այսինքն, ռեալ ինչ-որ բան չի՞ եղել, որ ԱԱԾ-ն ուզել է ֆիզիկապես ոչնչացնել Փաշինյանին՝ Սիմիդյանը պատասխանեց. «ԱԱԾ-ի վերաբերյալ ամեն ինչ եղել է մամուլում, այդ տեղեկությունները մամուլում կային, հրապարակումներ տեսանք, որ ԱԱԾ-ն չի պատրաստվում ուղղակի ձերբակալել պարոն Փաշինյանին, ձերբակալման իմիտացիա է ուզում ստեղծել, բեմադրել, որ դիմադրություն է եղել»:

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն ասել էր, որ մի անգամ, երբ ընդհատակում այցելել է Նիկոլ Փաշինյանին, կասկածներ են ունեցել, որ իրեն հետեւելով՝ Փաշինյանի տեղը ֆիքսել են ու ստիպված են եղել տեղափոխություն անել: Սիմիդյանն այս առնչությամբ ասաց. «Չգիտեմ տիկին Հակոբյանը որ դեպքի մասին է խոսել, պետք է իմանամ որ դեպքի մասին է խոսել, որ կարողանամ մեկնաբանել»:

Հարցին՝ այն ժամանակ, երբ ձեր տանն էր մնում Նիկոլ Փաշինյանը, հաճա՞խ էր նրան այցելում Աննա Հակոբյանը՝ Սիմիդյանը պատասխանեց. «Ես հիմա թույլ տվեք չպատասխանեմ: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ դրա մասին Աննա Հակոբյանը եւ պարոն Փաշինյանը մեկնաբանեն: Այն պահին, երբ մեկնաբանության հերթն իմը կլինի, ես ավելի պարզ կասեմ դրա մասին»:

«Երկրի հակառակ կողմը» գրքում Չե Գեւարայի հատվածում Փաշինյանը գրել էր՝ «…Չե Գեւարան, թերեւս, հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն եւ օրենքներ։ Ես այսպես եմ հասկանում Չե Գեւարային։ Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի եւ հեռանում է անսպասելի։ Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն։ Իսկ ո՞ւմ պետք է պատկանի իշխանությունը հեղափոխություն ապրած երկրներում. քաղաքացուն, քաղաքացիների հավաքականությանը, որ կոչվում է ժողովուրդ։ Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետեւեր Չե Գեւարայի օրինակին…»: Երբ գրքի քննարկման ժամանակ վարչապետին հարցրեցին, թե ինչո՞ւ ինքը այդ «իսկական հեղափոխականի» նման չվարվեց, Փաշինյանն այսպես բացատրեց «Ես մտածում էի հեղափոխության այն բանաձեւի մասին, որը գրվել է ու ես ի՞նչ պետք է անեմ այդ իրավիճակում: Իհարկե, մտածել էի, որ երբ առաջին փուլն ավարտված է, ես պետք է վերցնեմ իմ ուսապարկը՝ ասելով, որ հեղափոխականի իմ առաքելությունն ավարտված է: Բայց մտածեցի՝ իսկ ի՞նչ տեղի կունենա հետո: Հետո ՀՀ վարչապետ կդառնա, ասենք, Կարեն Կարապետյանը ու ես մտածեցի, որ ժողովուրդն իրեն կզգա օգտագործված՝ ինչ-որ ուրիշ նպատակների համար ու մինչեւ հիմա էլ այդ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է: Միակ պատճառը, որ այդ սցենարը չի գործել, դա է, ես հասկացա, որ մարդկանց մոտ շատ ավելի մեծ հիասթափություն կլինի ու նույնիսկ զայրույթ, իրենց համար ի հայտ կգա առավել լավ թյունինգ արած ծախված մի հատ ընդդիմադիր գործչի կերպար, որ ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, որ ծառայեց ու թողեց գնաց իրենց տուն»:

Հակոբ Սիմիդյանն այս առնչությամբ ասաց. «Այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը, այդպես է, երբ այդ գլուխը գրվում էր պարոն Փաշինյանի կողմից, մենք բավականին երկար խոսել ենք այդ գլխի մասին, այդ ամեն ինչի մասին: Թույլ տվեք չմանրամասնեմ, թե ինչ ենք խոսել, մի օր դրա առիթը կլինի եւ ավելի մանրամասն կզրուցենք դրա մասին»:

Մեր հարցին՝ այդտեղ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ուսապարկը միշտ իր ուսերին է, այսինքն՝ ես ամեն րոպե պատրաստ եմ տուն գնալու, երբ որ զգամ, որ հասել եմ իմ նպատակներին, այստեղ դուք, որպես թիմի անդամ, որը այսպես ասած «թիկունքն է պահում» Նիկոլ Փաշինյանի, մտավախություն չունե՞ք, որ մի օր Նիկոլ Փաշինյանը համարի, որ իր առաքելությունն ավարտված է, ուսապարկը վերցնի, գնա տուն, ի՞նչ եք անելու դուք բոլորդ՝ նա պատասխանեց. «Ես որեւէ մտավախություն չունեմ, պարոն Փաշինյանի որոշումն է լինելու յուրաքանչյուր փուլում անելիքի, ձեւաչափի, քաղաքականության մեջ լինել-չլինելու հանգամանքները: Այնպես որ, ոչ մի մտավախություն, իհարկե, չկա»:

Մենք հստակեցրինք, օրինակ, նախկին իշխանության ներկայացուցիչներից Էդուարդ Շարմազանովն ասում էր՝ հենց Նիկոլ Փաշինյանը գրիպ ընկավ՝ բոլորը կորած են, թիմը մի շաբաթ հետո վերանալու է՝ Սիմիդյանը արձագանքեց. «Փաստը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը թիմի առաջնորդն է, նաեւ երկրի վարչապետն է, այն պահին, երբ որեւէ փոփոխության անհրաժեշտություն, կամ որեւէ նման հանգամանք առաջ կգա, թիմի հետ կքննարկվի այդ ամեն ինչը, այսինքն, ուսապարկը դնել ու տուն գնալն էլ ուղղակի ֆիզիկական մի գործողություն չի, դրան քաղաքական իրադարձություններ պետք է նախորդեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031