Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող դատի տա, ես այնքան մաքուր եմ, որ որեւէ բանի մասին չեմ մտածում». Աստղիկ Գեւորգյանը՝ Սաթիկ Սեյրանյանին

Մարտ 21,2019 15:33

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ժուռնալիստների միության» նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց, որ միության նախորդ ղեկավարության օրոք միությանը պատկանող տարածքները վարձակալությամբ են տրվել խայտառակ՝ էժան գներով, վարձակալներն էլ դրանք ենթավարձակալության են հանձնել այլ կազմակերպությունների՝ բավականին բարձր գներով:

«Ժուռնալիստների միության» նախկին նախագահ, մինչեւ 2017թ.-ը պաշտոնավարած Աստղիկ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում խնդիրն այսպես պարզաբանեց. «Տարածքներն էժան չեն տրվել, այլ տրվել են հնարավոր գներով, որովհետեւ ահավոր վիճակում էին՝ ավերակ, խողովակները փտած, առանց ջեռուցման եւ հարմարությունների: Բոլոր վարձակալներին դրանք տրվել են նույն պայմաններով: Բոլոր փաստաթղթերը տեղում են. էժան ենք տվել, որպեսզի վարձակալները ներդրումներ անեին, նորոգեին: ԺՄ-ն որեւէ կոպեկ չի ծախսել նորոգումների վրա»:

Ինչ վերաբերում է ենթավարձակալությանը, Աստղիկ Գեւորգյանի խոսքով՝ կարգն է այդպիսին. «Ներդրում են անում, բա գումարներն ինչպե՞ս հետ գան իրենց: Ենթավարձակալության ինստիտուտը նրա համար է, որ ներդրում անողը շահույթ ունենա: Այդպես է դեռեւս 1977թ.-ից»:

Սաթիկ Սեյրանյանը նաեւ ասել էր, որ որոշ տարածքներ վարձակալությամբ էին տրվել ԺՄ վարչության անդամներից երկուսի կեղծ ստորագրությունների արդյունքում, հարուցվել է քրեական գործ: Այս առնչությամբ էլ Աստղիկ Գեւորգյանը տեղեկացրեց. «Երկու անգամ ինձ հրավիրել են քննչական մարմին՝ այդ հարցի կապակցությամբ: Ոչ թե կեղծվել են, այլ նոտարն ասաց՝ «կարո՞ղ եք վարչության անդամների անունները գրել», ես էլ գրեմ եմ իմ ձեռագրով: Իսկ վարձակալության հաստատումը ես եմ ստորագրել՝ կնիքով: Քննիչը լսեց, ծիծաղեց…Թող դատի տա, ես այնքան մաքուր եմ, որ որեւէ բանի մասին չեմ մտածում: Որեւէ կեղծ պայմանագիր գոյություն չունի, որեւէ գույք չի պակասել»:

Աստղիկ Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ միության տարածքները վարձակալած լրագրողական կազմակերպություններին ընդառաջել է վարձակալության գնի հարցում, քանի որ որպես ԺՄ նախագահ՝ իրեն չէր կարող թույլ տալ չաջակցել. «2017թ.-ի դրությամբ Սաթիկ Սեյրանյանն իր թերթի գրասենյակի վարձակալության համար 15 միլիոն դրամ է պարտք: Չէի կարող ԶԼՄ-ի հանդեպ կոշտ գործողություններ անել: Չունի, չի տալիս: Ասաց՝ «տվեք դատարան», բայց ես դատարան գնացող կին չեմ»:

Ասուլիսում Սաթիկ Սեյրանյանը նաեւ ընդգծել էր, որ իր եւ Աստղիկ Գեւորգյանի հարաբերությունները որոշակիորեն սրված են եղել. «Նա համառորեն երկու տարի ինձ չէր ընդունում ԺՄ-ի կազմ, գուցե մրցակցությունից էր վախենում, որ միության անդամը կարող է առաջադրվել ԺՄ նախագահի պաշտոնում: Նամակային ճնշումներից հետո միայն ես դարձա միության անդամ»: Աստղիկ Գեւորգյանն այս առնչությամբ էլ նշեց. «Դա ինձ մոտ միայն քմծիծաղ է առաջացնում: Նախագահին ընտրում է համագումարը, ոչ թե մրցակցությունը: Ես առողջական խնդիրների պատճառով եմ հրաժարվել ԺՄ նախագահի պաշտոնից, վիրահատվել էի: Ինձ բոլորն են ճանաչում, ես կարիք չունեմ ինքս իմ մասին կարծիք հայտնել: Ինձ համար նշանակություն չուներ, թե ինձ ով է փոխարինելու, ես մաքուր եմ աշխատել քառասուն տարի՝ բարձր պահելով միության անունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031