Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազների եւ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու նորմի չեղարկումը հետաձգվեց

Մարտ 21,2019 15:15

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել են ՀՀ քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին նախագիծ, որն այսօր քննարկվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը պարզաբանեց` նախագծով առաջարկում են, որ դատական տուգանքը չի կարող կիրառվել գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը, որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ:

Նախագծի հեղինակը գտնում է, որ դատախազների եւ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի հունվարի 1-ից, պետք է փոփոխվեն: Հիմնավորումն էլ սա է` երբ օրենքը ընդունվել է, բացակայում էր փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը. «Դատական պրակտիկայում չենք ունեցել նույնիսկ մեկ դեպք, երբ խնդիր առաջանա, եւ դատավորի կողմից փաստաբանին կամ դատախազին տուգանենք: Այսինքն, նման օրենքի անհրաժեշտություն ժամանակի ընդունելու կարիք չի ունեցել ԱԺ-ն»:

Բացի այդ, ըստ պատգամավորի, դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: «Մեր նպատակն է արդար դատական համակարգ ունենանք, հավասար մրցակցային,`թե դատախազ, թե փաստաբանություն ունենանք, ուստի գտնում եմ, որ դատարանը չպետք է նման լիազորություններ ունենա եւ նիստի ժամանակ դատավորը նրանց տուգանի»:

Կառավարությունը լրամշակել է նախագիծը`փաստաբանի վերաբերյալ դատարանի որոշումը ուղարկվում է Փաստաբանների պալատ եւ ՓՊ-ի որոշման հիման վրա նրան տուգանում են կամ ոչ: Իսկ դատախազի դեպքում էլ, որոշման լիազորությունը փոխանցված է գլխավոր դատախազին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն առաջարկեց հետաձգել այս հարցի քննարկումը եւ փորձեն գտնել լուծում, որը հավասար պայմաններ կստեղծի դատավարության բոլոր մասնակիցների համար:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վերապահում ունի. եթե այսօր այդ հոդված փոփոխում են փաստաբանների վերաբերյալ, ապա մեկ ամիս հետո կրկին պետք է փոփոխեն ոչ փաստաբանների նկատմամբ: ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նկատեց, որ Փաստաբանների պալատում առկա լարվածությունը կարող է պալատի ներսում խտրական վերաբերմունքի հիմքեր ստեղծել: Նույնը` Գլխավոր դատախազի պարագայում էլ կարող է խտրական, տարբերակված մոտեցում ցուցաբերվել. «Անձերից վերանանք, ընդհանրապես եմ ասում, որ մի դեպքում չկիրառեն, մի դեպում կիրառենք: Եթե այդ պահին արդարադատություն իրականացնող, դատական նիստի բնականոն ընթացքի պատասխանատվությունը կրող դատավորին չենք կարողանում լծակ տալ եւ դատավորն ընդամենը միջնորդելու է, այդ պահին արդարադատության խոչընդոտման հանգամանքը չի կարող վերանալ, այդ նույն փաստաբանը կարող է ասել, միջնորդում ես միջնորդի եւ նույն վարքը շարունակի խանգարելով դատական նիստի բնականոն ընթացքը: Նույնը նաեւ դատախազը՝ հաշվի առնելով իր Գլխավոր դատախազի հետ բարիդրացիական հարաբերությունները, նույն վարքը շարունակի»: Արթուր Դավթյանը համամիտ չէ: Ասում է` չենք առաջնորդվում այն կանխավարկածով, որ ՓԲ-ում կամ գլխավոր դատախազությունում անօրինականություն է տիրում. «Մենք թե այն կառույցի, թե մյուսի նկատմամբ վստահությամբ ենք լցված, քայլում ենք դեպի առաջ՝ ունենալով օրինական լավ երկիր» :

Ինչեւէ, հարցի քննությունը հետաձգվեց մինչեւ երկու ամիս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031