Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր». Արցախի հարցը կարող է լուծվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցով

Մարտ 21,2019 14:13

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

21 մարտի 2019 թ.       

Երևան

 

Օրեր առաջ դավաճանության սահմանին հասնող դատողություններ են հնչել Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու վերաբերյալ, ինչը պարտավորեցնում է կատարել հետևյալ հստակեցումները:

Անկախության վերականգնումից ի վեր խորացող պետականության ճգնաժամի և դրա մասին վկայող հիշյալ դատողությունների պատճառը պետականության հիմքում դրված՝ այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգն է, քանի որ այն հիմնված է հայկական սուբյեկտությունը բացառող՝ 1921 թ. մարտի 16-ի քեմալաբոլշևիկյան պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության ու ստալինյան սահմանադրության վրա և գործառում է դրանք սպասարկող խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում:

Պատահական չէ, որ այդ հայեցակարգի համակարգաստեղծ բաղադրիչներից մեկը Արցախի կեղծ անկախության կարգավիճակն է՝ նրա կեղծ սուբյեկտացման գործընթացի հետ միասին:

Սա Ռուսաստանին հնարավորություն է տալիս պահպանելու իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, իսկ երբ պահը գա՝ Արցախը մանրադրամի նման օգտագործելու Ադրբեջանին, ապա նաև՝ ամբողջ Այսրկովկասին կրկին իր վերահսկողության տակ առնելու համար: Այս ծրագրի ավարտական փուլում Ռուսաստանը նորից Արցախը կհանձնի Ադրբեջանին, քանի որ նա կարիք կունենա վերականգնելու իր վերահսկողությունն ապահովող, սակայն Արցախի դե ֆակտո ազատագրմամբ խարխլված տարածաշրջանային ճարտարապետությունը, ինչպես նաև փոխհատուցելու Ադրբեջանին՝ անկախության զգալի կորստի դիմաց:

Դիտարկվող հայեցակարգից է բխում նաև Արցախի հարցը խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի և Դոնբասի հարցերի շարքում դիտելու մոտեցումը, որն ամբողջությամբ ծառայում է այդ հարցերը Ռուսաստանի կառավարման տիրույթում պահելու նպատակին: Մեր մասով այն իրականում կոչված է բացառելու ոչ միայն Արցախի հարցի, այլև ինքնիշխան հայկական սուբյեկտի կայացման որևէ տարբերակ:

Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել է Այսրկովկասի նկատմամբ լիակատար վերահսկողության հասնելու իր ծրագիրը, ինչի համար ձգտում է Արևմուտքին դուրս մղել Արցախի հարցի կարգավորման գործընթացից և այն կառավարել միանձնյա կերպով: Այդ է պատճառը, որ նա փորձում է կազմաքանդել կամ, առնվազն՝ չեզոքացնել Մինսկի խմբի ձևաչափը, ինչի նպատակով նաև խրախուսում է Արցախի սուբյեկտացումը:

Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի և, առհասարակ՝ միջազգային-իրավական չափանիշները պաշտոնապես ընդունած կողմ, չի կարող ուղիղ ձևով ու բացեիբաց հակառակ դիրք բռնել, ուստի իր ծրագիրն իրականացնում է անուղղակի և միջնորդավորված քայլերով: Որպես պատասխան՝ օրեր առաջ ստացանք այդ ծրագրի դեմ ուղղված Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը, որը, հակառակ իր նկրտումների, ստիպված ստորագրել էր նաև Ռուսաստանը: Արևմուտքի համար առաջանահերթ է չեզոքացնել Այսրկովկասի ռուսականացման ռիսկը, և նա գործում է ըստ այդ առաջնահերթության:

Ուստի Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու բնույթի դատողությունները պետք է կանխել և չեզոքացնել որպես պետականության սպառնալիքներ: Մեր դառը փորձից հիշում ենք, թե ինչ եղավ հետո, երբ, օրինակ, Ռուսաստանին այդպիսի մանդատ տվեցինք 1920 թ. օգոստոսի 10-ի Թիֆլիսի պայմանագրով կամ, երբ մեր ապագան տեսանք Ռուսաստանում:

Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության հակահայ իրավաքաղաքական հայեցակարգից և դրանից բխող՝ Արցախի սուբյեկտացման կրեմլանպաստ ու կործանարար մոտեցումներից, որդեգրել ազգային պետության իրավաքաղաքական հայեցակարգ և, ըստ այդմ՝ մշակել ու իրագործել համահայկական ռազմավարություն: Այդ հայեցակարգը պետք է միտված լինի մեր ազգային առաքելությանը, հիմնված լինի հայրենատիրության նպատակի և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա, ինչպես նաև առաջնորդվի դրանք ճանաչող և ամրագրող միջազգային-իրավական ակտերով:

Պետք է ի վերջո և մեկընդմիշտ նկատի ունենալ, որ Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին, իսկ Հայաստանի ապագան Հայաստանում է, և որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված և մասնատված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցով:

Մենք ենք տերը մեր երկրի:

Սասնա ծռեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Այ մարդ, դե լավ, էլի, հերիք է անլուրջ բաներ խոսեք։ Ախր ձեր կուսակցությունը ԼՂՀ-ում չեն ընդունում մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, տարիքից, սեռից և սոցիալական դիրքից։ ԼՂՀ-ում դուք մերժելի եք հավասարապես բոլորի համար։ Գիտեք ինչու՞ ․ որովհետև ձեր ասածներից ֆաշիզմի, անհեռատեսության, կույր գավառամտության հոտ է փչում, դուք վստահություն չեք ներշնչում ոչ ձեր տեսքով, ոչ բովանդակությամբ։ Քաղաքական կուսակցության համար շատ եք ներվային, էմոցիոնալ, պոպուլիստ, անսկզբունքային և ղարաբաղցու ներքնաշխարհից և մենթալիտետից հազարավոր կմ հեռու եք։ Դուք չափից շատ օտար եք ԼՂՀ-ի միջին վիճակագրական քաղաքացու համար։ Սա միայն մի մարդու կարծիքը չէ, քայլեք Ստեփանակերտի փողոցներով և հարցրեք մարդկանց։

  2. Delea says:

    «Այսօր, մենք ունենք, երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն: Ողջ հայ ժողովրդի խնդիրն է տեր կանգնել մեր հանրապետություններին, իսկ ամբողջ հայություն, դա նշանակում է՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք» կարծում է Արցախցին որ կրկնում է Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումը, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ:
    Դա պրովակացիա է:
    Պետք է Արցախը հայտարարվի Հայաստանի անբաժանելի մաս եւ Հայաստանն արդեն ամբողջովին իր վրա վերցնի հարցը:
    Չկա ու չի լինելու երկրորդ հայկական պետություն,կա մի ազգ եվ մի պետություն դա Հայաստանի Հանրապետությունն է:Բավական է մեր ազգին պահել վախի կարգավիճակով:24 տարի քամեց Արցախը ՀՀ-ը իր սուտի պատերազմով:Աստված չանի եթե կռիվը սկսվի էլի մե ազգն է Երեվանից վազելու սահմանները պաշտպանելու:
    Արցախն առանձին շրջան է «Արցախի շրջան» ՀՀ կազմի մեջ եվ Արցախի ժողովուրդը կապրի այնպես ինչպես բոլորս:Արդեն մեր երեխանները 100% պաշտպանում եվ զոհվում են հանուն ՀՀ եվ մեր հայրենիքի, կատարելով ՀՀ սահմանադրական պարտքը եվ ոչ թե ինչ որ Արցախի սահմանադրության համար:
    Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է:

    Էջմիծնի նախկին հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031