Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյանը փաստեր հրապարակեց. ի՞նչ խայտառակ պայմաններով են վարձակալվել «Ժուռնալիստների միության» տարածքները

Մարտ 21,2019 13:45

2017թ.-ից ՀՀ Ժուռնալիստների միության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԺՄ-ին պատկանող տարածքների վարձակալության խնդիրը: Ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասը, փաստացի, այլեւս միությանը չի պատկանում: «Կնքվել են ստրկատիրական՝ նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը բարդ ճանապարհ է մեզ խոստանում: ԺՄ-ը գտնվում է Պուշկինի 3/ա հասցեում՝ կոմերցիոն առումով լավ տարածքում, այն ունի մի քանի վարձակալներ: Իշխանությունները բարձրաձայնեցին, թե օպերային հարակից սրճարաններն ինչ խայտառակ պայմաններով են վարձակալվել, բայց ԺՄ-ի շենքում ավելի վատ վիճակ է: Երեք վարձակալների հետ լուրջ խնդիր ունենք, մյուսների պարագայում բոլորի պայմանագրերը պետք է փոփոխվեն»,-տեղեկացրեց Սաթիկ Սեյրանյանը:

Նա որպես օրինակ մատնանշեց, որ վարձակալներից «Էլզա Գրիգ» ընկերությունը 798,6 ք/մ տարածքը մինչեւ 2018թ-ը վարձակալել է 400.000 դրամով, իսկ համատիրության վճարումները եւ գույքահարկի վճարումը պետք է կատարի ԺՄ-ն: Գույքահարկը միայն մեկ տարվա համար կազմում է 566 000 դրամ, այսինքն, «Էլզա Գրիգ»-ը մեկ քառակուսին վարձակալել է 501 դրամով: «Հետագայում պարզել ենք, որ նշյալ տարածքը ենթավարձակալությամբ տրվել է 3 միլիոն 800 հազար դրամով: «Էլզա Գրիգ»-ի սեփականատիրոջ հետ եմ խոսել: «Խդոյի Գրիշ» անունով ճանաչված հեղինակություն է, որը հայտնի է նրանով, որ տարածքներ է վերցնում եւ մեծ գումարներով վարձակալության տալիս: Ծանր խոսակցություն ունեցանք: Ասացինք, որ այսուհետ նման պայմաններով վարձակալություն չի կարող լինել: Նա ասաց՝ «դու ինձ ուզում ես քցել»: Իսկ ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը ԺՄ-ին գցի»,-պատմեց Սաթիկ Սեյրանյանը:

Ապա մյուս օրինակը ներկայացրեց. ԺՄ-ի դահլիճը, որում, օրինակ, նախկինում համերգներ եւ «Վիտամին ակումբ»-ի շոուներն են ընթացել, «Ավանգարդ Քլաբ» ընկերությանը վարձակալությամբ տրվել է մինչեւ 2112թ.-ը՝ 480 հազար դրամով. «Գույքահարկը եւ համատիրության վճարները ԺՄ-ի վրա են՝ 542.000 դրամ, այսինքն, «Ավանգարդ Քլաբ»-ը մեկ ք/մ-ն վարձակալել է 628 դրամով: Հիմա առնետանոց եւ ավերակ է այդտեղ: Հիմա չգիտենք, թե ինչպես վարվել: Որեւէ միջոցառում այդտեղ անել հնարավոր չէ: Տարածքները պաշտպանված են խայտառակ պայմաններով: Դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին՝ աջակցության խնդրանքով: Այդ տարածքները ձեռք են բերվել ավագ սերնդի լրագրողների ջանքերով: Միությունը կարող է լուրջ եկամուտներ ունենալ դրանցից եւ աջակցել ԶԼՄ-ներին, սոցիալական օգնության ծրագրեր իրականացնել, բայց հնարավորություն չկա: Միության գույքահարկի պարտքն արդեն հասել է 3 800 000 դրամի: Եթե միությունն իրեն վերադարձնի իր տարածքները, կարող է այդ վճարումներն անել, բոլոր խնդիրները հոգալ: ԺՄ-ն այժմ ունի մեկ պայթած համակարգիչ, որով հնարավոր չէ ոչինչ անել»:

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ երրորդ վարձակալը «Արամայիս Հարությունյան ԱՁ»-ն է, որը ԺՄ-ի շենքի հետնամասը(138 ք/մ) վարձակալել է մինչեւ 2030թ-ը՝ ամսական 50 000 դրամով. «Այդտեղ հոսթել է գործում: Ոստիկանության համակարգի նախկին աշխատակից է վարձակալը, որի հետ դժվար է շփման մեջ մտնել: Իսկ ահա մեկ այլ վարձակալ «Ֆոտոլուր» գործակալությունը 36 ք/մ-ն վարձակալում է 80 000 դրամով: «168 ժամ» թերթն էլ իր տարածքը վարձակալում է 215 000 դրամով»:

Սաթիկ Սեյրանյանի խոսքով. «Տխուր պատկեր է, երբ մեդիա-կազմակերպությունները, որոնց շնորհիվ այդ շենք լրագրողի ոտք է մտնում, ավելի թանկ վարձավճար են տալիս, քան կոմերցիոն տարածքները վարձակալածները: ԺՄ-ի տարածքները պետք է վերադարձվեն իրեն՝ անկախ նրանից, թե ով է միության նախագահը: Ի դեպ, քրեական գործ է հարուցված: Պարզվել է, վարձակալությամբ տալու ընթացքում ԺՄ վարչության անդամների ստորագրություններ են կեղծվել: ԺՄ նախկին ղեկավարությունը խոստովանել է, որ այդպես է եղել»:

Սաթիկ Սեյրանյանը նաեւ նշեց, որ տարածքների վարձակալության խնդրի առնչությամբ նամակ են հղել քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն արձագանք չկա՝ գուցե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2189861877995459/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031