Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում 100 տոկոսով վարկ կա՞. Փաշինյանը արձագանքեց Ջավադյանին

Մարտ 21,2019 13:24

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով առևտրային բանկերի տոկոսներին, ներկայացրեց գյուղացիների դժգոհությունը բարձր տոկոսների մասին։ Մասնավորապես, վարչապետը տարակուսանք հայտնեց, որ 500 հազար վարկի դեպքում 50 հազար դրամ կոմիսիոն է վճարում։ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչու չեն կարողանում արձանագրել իրական տոկոսները։ Ըստ նրա՝ երբ քաղաքացին վարկ է վերցնում, ի վերջո, ի՞նչ ծախսեր պետք է անի արդեն իսկ ստացված վարկերից և որքանո՞վ է դա տրամաբանական:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ նախկինում ընդունվել է սպառողական վարկավորման մասին օրենք, որն ամբողջությամբ պաշտպանում է քաղաքացիների շահերը: Ըստ նրա՝ մինչև 10 մլն վարկերը ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառի տոկոսի մեջ և ներկայացնի քաղաքացուն, և նույն դրույքները մտցրել են նաև հիփոթեքային վարկի մեջ:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր չի այդ ծախսերը ներառել տոկոսում և հայտարարությունն այդպես տալ, որպեսզի նաև կառավարությունը հստակ պատկերացում ունենա շուկայի մասին, իսկ այսօրվա թվերն իրականությունը չեն արտացոլում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց հայտարարությունները վարկավորումների վերաբերյալ համապատասխանում են իրականությանը, իսկ խնդիրը վերաբերում է մանր սպառողական վարկերին, որտեղ կոմիսիոն գումարը մեծ ազդեցություն է ունենում, բայց ԿԲ-ն ունի զսպելու գործիքներ:

«Տենց չի, որ բանկերը հիփոթեքային տոկոսադրույքները իջեցրել են, փոխարենը կոմիսիոն վճար են վերցնում: Բացարձակ չկա նման բան»,- վստահեցրեց Գրիգորյանը՝ նշելով, որ 50 հազար կոմիսիոն վճարը տոկոսադրույքի վրա կարող է ազդել միայն 500 հազարանոց վարկերի դեպքում, իսկ խոշոր վարկերի մեջ նման իրավիճակ ի հայտ չի գալիս: «Կներեք, մենք 500 հազար դրամանոց վարկ ունենք, որի համար պետք է 50 հազար կոմիսիոն վճար մուծե՞ն»,- զարմացավ վարչապետը՝ հավելելով, որ իր հանդիպումների ժամանակ գյուղացիները հենց նման վիճակ են նկարագրել: Նրա խոսքով՝ եթե 500 հազար դրամ վարկի համար պահանջում են 50 հազար կոմիսիոն վճար, նշանակում է հենց սկզբից վարկի 10%-ը նրա ձեռքից վերցնել, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, նրան հենց սկզբից դնում ենք վատ դրության մեջ:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը օրինակ ներկայացրեց, որ ավտոմեքենայի ձեռքբերման համար վարկ է տրվել 2.3 մլն դրամ, ամսական վճարների ժամանակացույցով վարկի սպասարկման գումարը միշտ գերազանցում է տոկոսադրույքի վճարին՝ համապատասխանաբար 43 հազար և 25 հազար դրամ: Նրա խոսքով՝ փաստացի տոկոսադրույքը նշվում է, բայց երբեմն փոքր վարկերի դեպքում այն գերազանցում է 40-50%-ը, և փոքր գումարների դեպքում վարկառուների բեռն ավելի ծանր է: Նա առաջարկեց վերին շեմ սահմանել սպասարկման գումարի համար:

Ա. Ջավադյանի խոսքով՝ բոլոր պայմանագրերում այս բոլոր ծախսերը նշվում են, անգամ ՀՀ-ի արտաքին վարկավորման պայմանագրերում:

«Լավ, նշվում է, իմանում ենք, որ մեր գյուղացու վարկը 50% է, դրանից մենք չենք մխիթարվում»,- ասաց Փաշինյանը: Ջավադյանը վստահեցրեց, որ գյուղացիական վարկերը 24%-ը չի գերազանցում: «Հարց է ծագում՝ գյուղացին ի՞նչ պետք ա անի, որ 24% վարկ փակի»,- կրկին հարցադրում արեց վարչապետը:

ԿԲ նախագահի խոսքով՝ վարկառուները ամեն ինչից լավ տեղյակ են: Նա նկատեց, որ լոմբարդներն ու այլ տեսակի ֆինանսական կառույցներում տոկոսն անհամեմատ բարձր է՝ անգամ 100% և ավելի. «Դրա համար բոլորը խոսում են, որ լոմբարդները փոքր ու միջին բիզնեսի ձև չեն: Անցած տարի 129 լոմբարդ 140 մլն հարկ է տվել՝ աշխատելով էդ տոկոսներով, 17 բանկ՝ 49 մլրդ: Պատկերացնո՞ւմ եք: Բոլորն ասում են, թե պետք է պաշտպանել փոքր ու միջին բիզնեսի շահերը: Դրա միջին և փոքր բիզնեսը ո՞րն ա: Ֆինանսական կառույցը չի կարող լինել միջին և փոքր բիզնես»:

«Հայաստանում 100%-ով վարկ կա՞»,- զարմացավ Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ մամուլից այնպիսի տպավորություն ունի, որ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից: Մ. Գրիգորյանը նշեց, որ լոմբարդների հետ խնդիր կա ու վաղը նորից հանդիպելու են նրանց հետ: Նրա խոսքով՝ սա վաշխառություն չի, շուկա է ու, եթե անձը վատ վարկային պատմություն ունի, պետք է բարձր տոկոսով վարկ վերցնի, եթե լավ վարկային պատմություն ունի, կարող է բանկից վերցնել, և պետք է շուկային շատ չմիջամտել:

Ն.Փաշինյանն արձանագրեց, որ նաև ֆինանսական գրագիտության խնդիր կա և ամեն մարդ ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների մասին. «Մարդն իր արարքներից առաջ չի մտածել իր երեխաների մասին, մեկի, մյուսի մասին և հիմա փորձ է արվում իր կատարած արարքի պատասխանատվությունը դնել որևէ ուրիշի վրա՝ հարևանի, կառավարության: Սա այն գիտակցական ամենակարևոր փոփոխություններից մեկն է, որ պետք է ունենանք՝ մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031