Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության հաստատումը կարող է լինել հակամարտության լուծման նախադրյալ. The Washington Post

Մարտ 21,2019 13:18

Տասնամյակների էթնիկ հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրաստվում են հանդիպել և լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարատև վեճը: Վերլուծաբանները, սակայն, բազմաթիվ պատճառներ ունեն չհավատալու, որ հերթական հանդիպումը կհանգեցնի ջերմացման, The Washington Post պարբերականում գրում է Սթոնհիլ Քոլեջի (ԱՄՆ) քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը:

Այնուամենայնիվ, անցյալ անգամվա նմանատիպ խթանից հետո կարևոր մի բան փոխվել է: Մեկ տարի առաջ հայ ցուցարարները հեռացրեցին վարչապետին, ինչը հանգեցրեց անցյալ տարվա դեկտեմբերի ազատ ընտրություններին: Որոշ տվյալներ վկայում են, որ ժողովրդավարական հասարակություններն ավելի հակված են խաղաղություն փնտրել հարևանների հետ, և դրան հասնելու հավանականությունն ավելի մեծ է, եթե քաղաքացիական հասարակության խմբերին թույլատրվում է կապ հաստատել սահմանի մյուս կողմի հետ, նախքան պաշտոնական բանակցությունները:

Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական բեկումը թերևս փոխել է երկու կողմերում էլ առաջնորդների մղումները: Այժմ տարածաշրջանի երկու երկիր՝ Հայաստանը և Վրաստանը ժողովրդավարություն են ձեռք բերել:

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ տարածաշրջանում շատ ժողովրդավարություններ կան, հակամարտությունների և թշնամանքի հնարավորությունը նվազում է: Ժողովրդավարական հասարակությունները նախընտրում են հարևանների հետ խաղաղ հարաբերություններ: Նրանք հակված են զարգացնելու գործակցությունը և փոխզիջումների գնալ իրենց տարածաշրջանում: Եվ ժողովրդավարական հասարակություններն էլ ավելի հակված են աջակցել միմյանց ընդհանուր նպատակներին և տնտեսական շահերին ավելի մեծ շուկաներում: Դա թուլացնում է աջակցությունը հակամարտությունների ռազմական «լուծումներին»:

Բայց դա միայն բավարար չէ: Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ խաղաղության համաձայնագրերը, որպես կանոն, իրագործվում են, երբ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը մասնակցում են խաղաղության գործընթացին: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ներգրավվեն այն խմբերը, որոնք առավել շատ են տուժել հակամարտությունից՝ հակամարտության գծին մոտ գյուղական համայնքները, կանայք, փախստականները և Լեռնային Ղարաբաղն ինքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ վերևից ներքև խաղաղության գործարքները հաճախ ձախողվում են, եթե կողմերը միաժամանակ լայն կապեր չեն հաստատում հասարակությունների միջև:

Իհարկե, անիրական է միմյանց հետ կապեր հաստատելու կոչերը, քանի դեռ սահմանին կանգնած են զինվորականներ, և քանի դեռ չկան տարածաշրջանային անվտանգության երաշխիքներ: Տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերը՝ այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Լեռնային Ղարաբաղը, ոչ կառավարական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության խմբերը և մյուսները պետք է ներգրավվեն՝ կերտելու լայն տարածաշրջանային անվտանգության համաձայնագրեր և ինստիտուտներ: Տարածաշրջանային անվտանգության կառույցներն էլ պետք է աջակցեն կայուն խաղաղության համաձայնագրի ապահովմանը: Հակառակ դեպքում հակամարտության շփման գծի երկայնքով կապերը կմնան մակերեսային և սահմանափակ, իսկ կառավարությունների միջև պաշտոնական խաղաղության համաձայնագիրը երկար կյանք չի ունենա, կարծում է քաղաքագետը:

Նման տարածաշրջանային անվտանգությունը կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար ընդհանուր կանոններ, պայմանագրեր, արձանագրություններ և խնդիրների լուծմանն ուղղված կազմակերպություններ: Դրանք թույլ կտան համայնքների առաջնորդներին միասին աշխատել ընդհանուր խնդիրների շուրջ, ինչպիսիք են թմրանյութերի անօրինական շրջանառությունը, գյուղական աղքատությունը, ոչ բարեկարգ առևտրային ճանապարհները, ջրային համագործակցությունը կամ մշակութային նշանակության օբյեկտների պահպանումը:

Տարածաշրջանում նման կապերի ստեղծումը կարող է շեղել դիվանագիտությունը կարճաժամկետ զիջումներից և փոխարենը այն կենտրոնացնել առավել երկարաժամկետ, ամբողջ տարածաշրջանի համար ընդհանուր տնտեսական խնդիրների վրա: Նման բազմակողմ ֆորումները կարող են թուլացնել մրցակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ օգնելով տարբեր սոցիալական խմբերին ամրապնդել վստահությունը և կապերը հակամարտող կողմերի միջև, նախքան միջազգային միջնորդները և իշխող էլիտան իրենց ժողովուրդներին խնդրեն զիջումների մասին: Անվտանգության տարածաշրջանային երաշխիքները կարող են հստակեցնել և հաստատել բռնության բացակայությունը՝ որպես տարածաշրջանի հիմնարար սկզբունք և ստեղծել քաղաքական կայունություն, որն այնքան անհրաժեշտ է հակամարտության շուրջ առավել խորը դիվանագիտություն հաստատելու համար, եզրափակում է Աննա Օհանյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031