«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեյսբուքով «Մի հետաքրքիր պատմություն կոռուպցիայի մասին» տեսանյութում ներկայացրեց մայրաքաղաքի դպրոցներից մեկի հետ կապված ահազանգի հետքերով իրենց իրականացրած հետաքննության արդյունքները:
Ըստ ուսումնասիրության, բացահայտվել են առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, այդ թվում՝ փաստաթղթերի կեղծում, աշխատավարձերից որոշակի գումարի պահում և այլն: Բայց հետաքրքիրն այն է, որ աշխատակիցները թեև այդ ամենից բողոքել են, սակայն ցանկություն չեն հայտնել օգնել հ/կ-ին և հրաժարվել են իրականության մասին բարձրաձայն պատմել:
«Եվ այս պայմաններում Հայաստանում կառավարությունը, ոստիկանությունը, հ/կները, իրավապահ մարմինները ինչ էլ որ անեն, միևնույն է, կոռուպցիայի դեմ պայքարը չափավոր էֆեկտ կունենա, քանի դեռ մարդիկ չեն ցանկանում բացահայտել այն կոռուպցիան, որն անձամբ իրենց է վնասում: Եվ քանի դեռ դա տեղի չունենա, կոռուպցիայի բացահայտման մասով հեղափոխություն էլ տեղի չի ունենա»,- ասել էր Դ. Իոաննիսյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, նշեց, որ համաձայն է հնչեցված տեսակետի հետ:
«Բայց, իհարկե, ճիշտ կլինի, որ սկզբնական փուլում կոռուպցիայի դեմ պայքարն առաջնորդեն իշխանությունները: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ ներքևներում պետք է լուռ սպասեն, որ վերևներից գան, հասնեն իրենց: Ու եթե մարդիկ իրենց հույսը դնեն միայն վերևների կողմից իրականացվող պայքարի վրա, ապա պետք է պարզ լինի նաև, որ ամեն ինչ չէ, որ վերևները կկարողանան հասցնել բացահայտել: Ուստի, ժողովուրդն էլ իր հերթին պետք է աջակցի իշխանություններին»,- ասաց Վ. Հոկտանյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում