Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում, որից մեծապես կախված է մարդկանց սոցիալական վիճակը. «168 ժամ»

Մարտ 21,2019 12:52

Վարչապետի ասուլիսից տպավորությունն այնպիսին է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում այլևս ամեն ինչ լավ է, մարդիկ գոհ ու երջանիկ են, չկա դժգոհությունների ալիք, բարձրացել է 85 հազար մարդու սոցիալական նպաստ ու թոշակ, 200 հազար մարդու աշխատավարձ, հիպոթեքային վարկերի 100 տոկոս աճ է արձանագրվել, 2019թ. հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսով աճել է, սրտի վիրահատության արժեքն ընկել է, ավելի քան 200 հազար քաղաքացու հասանելի են դարձել առողջապահական ծառայությունները։

«Սա սոցիալական վիճակի բարելավո՞ւմ է, թե՞ չէ»,- հռետորական հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից՝ գուցեև բարելավում է։ Բայց դրանում համոզվելու համար բավարար չէ այն, ինչ ասում է վարչապետը։

Սոցիալական վիճակի բարելավումն ամենևին էլ մի կոմպոնենտով չի սահմանափակվում։ Դա կապված է տարբեր գործոնների հետ։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում, որից մեծապես կախված է մարդկանց սոցիալական վիճակը։ Խոսքը ոչ թե հայտարարվող 1,5-2 տոկոս գնաճի, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական թանկացումների մասին է։ Այդ խնդրին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռևս Ազգային ժողովի պատգամավոր էր, շատ ավելի բուռն էր արձագանքում։

Հիշենք նրա հայտնի հարցապնդումներից մեկը, որը ներկայացրեց նախկին կառավարությանը՝ իշխանափոխությունից ընդամենը երկու-երեք ամիս առաջ. «Կառավարությունն անընդհատ ասում է, որ գնաճը 2,6 տոկոս է։ Այդ 2,6 տոկոսը ինչպես է ստացել Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նա տալիս է, որ կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը՝ 38 տոկոսով, կարտոֆիլը՝ 28 տոկոսով։ Այսինքն՝ սրանք գնաճի ցուցանիշներն են։ Հիմա ո՞նց են ստացել 2,6 տոկոս։ Որովհետև դրան հակադրել են խառը կանաչու գնանկումը՝ 48,5 տոկոսով, սխտորի գնանկումը ՝ 22,2 տոկոսով, կանաչ սոխի գնանկումը՝ 18,2 տոկոսով, կանաչ և կարմիր տակդեղի գնանկումը՝ 12,1 տոկոսով։ Այսինքն, որ այդքան ասում եք՝ 2,6 տոկոս գնաճ, ես ձեր օգնությամբ պատկերավոր ցույց տվեցի, թե կառավարությունը, վիճակագրությունը, ինչպես է 48 տոկոսը մանիպուլյացիաներով դարձրել 2,6 տոկոս»։

Հետաքրքիր է, իսկ հիմա կառավարությունն ու վիճակագրությունը Նիկոլ Փաշինյանի ասած մանիպուլյացիաներն անո՞ւմ է, թե՞ ոչ։ Իհարկե անում է։ Բայց դա արդեն հավանաբար մանիպուլյացիա չէ, այլ գնաճի հաշվարկման մեթոդաբանություն։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ գնաճը շատ ավելի ակտիվ է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։ Պատահական չէ, որ 1-2 տոկոս գնաճի պայմաններում միայն վերջին մի քանի ամիսներին սոցիալական այնպիսի կարևորության ապրանքատեսակ, ինչպիսին ալյուրն է կամ հացը, թանկացել է 10-20 տոկոսով։ Էլ չասենք մսամթերքի գնաճի մասին, որն անհասանելի է դարձել սպառողների մեծ մասին։

Միջին աշխատավարձը, որը հանդիսանում է սոցիալական վիճակի հիմնական բնութագրիչներից մեկը, այս ընթացքում էական փոփոխություն չի կրել։ Անցած տարի այն ավելացել է 2,9 տոկոսով։ Այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջին աշխատավարձի աճը կազմել է 4,1 տոկոս կամ շուրջ 172,2 հազար դրամ։ Բայց այն դեռ գնահատական է և առաջիկայում անպայման փոխվելու է։ Կասկած չկա, որ նվազելու է։

Ի դեպ, 2018թ. հունվարին միջին աշխատավարձի գնահատված աճը Հայաստանում 10 տոկոսից բարձր էր։

Սոցիալական վիճակի բարելավման մասին խոսելիս, հավանաբար, վարչապետին պետք էր հարցնել, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում քանի՞ նոր աշխատատեղ է բացվել։ Խոսքը բոլորին լավ հայտնի 30 կամ 40 հազար աշխատատեղերի հայտարարագրման մասին չէ: Անշուշտ, շատ լավ է, որ այդքան թաքնված աշխատող բացահայտվել է։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա կապ չունի նոր աշխատատեղերի ստեղծման հետ։

Կամ՝ գուցե Նիկոլ Փաշինյանին պետք էր հարցնել, թե կարո՞ղ է թվարկել մեկ-երկու ընկերություն, որտեղ իր վարչապետ դառնալուց հետո 200, լավ, 100 նոր աշխատատեղ է բացվել։

Իսկ որ այս ընթացքում բազմաթիվ աշխատատեղեր փակվել են՝ փաստ է, բավարար է վկայակոչել միայն Ամուլսարի կամ Վանաձորի պղնձաձուլարանի օրինակը։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031