Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Սենց բան հնարավո՞ր է. պետական աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»

Մարտ 21,2019 12:42

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգին անդրադառնալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նամակ է ստացել, որ «Արմաթ» լաբորատորիաների 350 խմբակներ վարող շուրջ 260 խմբակավարներ արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: «Ես ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է 21-րդ դարում Հայաստանում, որ պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,- զարմացավ Ն.Փաշինյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը անցած տարիներին ֆինանսավորվել են դրամաշնորհով, այս տարի մրցութային ֆինանսավորում պետք է լինի, ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկել են, իրենք բանակցել են, նախագիծ են պատրաստել, ինչը կոմիտեի նիստին կքննարկվի և կընդունվի հաջորդ շաբաթ:

Իսկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ պարզաբանեց, որ խոսքը պետական աշխատողներին չի վերաբերում, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին, եւ բյուջեի հավելվածում կա առանձին հավելված, որ այս կամ այն կազմակերպության բացառիկ ծառայության դիմաց առանց մրցույթի ֆինանսավորման համար պետք է որոշում կայացնել, եթե դա իսկապես բացառիկ ծառայություն է:

Պարոն Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ պարզ է՝ եթե պետական բյուջեում փողը կա, պետությունն էլ կարևորել է այդ ծառայության մատուցումը, բայց երեք ամիս է՝ այդ ծառայությունը մատուցվել է ու մարդիկ իրենց վճարը չեն ստացել, դա աննորմալ երևույթ է: «Հիմա կարող ենք անունը դնել մրցույթ, բայց ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց են հնարավոր դառնում սենց երևույթները,- ասաց վարչապետը՝ շարունակելով,- եթե ֆինանսավորման ձևը փոխել են, որ ավելի լավ լինի, ինչո՞ւ է ավելի վատ, ինչո՞ւ չի եղել մրցույթը»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ կազմակերպիչը դպրոցներում դասասենյակը կահավորել է, պետությունը վճարել է խմբակավարների վճարը, և երբ պետք է մրցույթ լիներ, կազմակերպիչը բողոքել է, որ գույքն իրենն է, ԿԳՆ-ն համաձայնել է. «Այսինքն՝ գույքն իրենցն է, եթե իրենք չշահեն, ծրագիրը չի իրականացվելու: Մրցույթի ձևն առաջարկում ենք փոխել ուղիղ դրամաշնորհայինի»: ԿԳ նախարարի պատասխանը վարչապետի տարակուսանքն առաջացրեց. «Այն ժամանակ ինչո՞ւ են նման որոշում ընդունել»:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ բավարար ժամանակ չի եղել քննարկումների համար, դրա համար որոշակի ռիսկեր են առաջացել: Նրա խոսքով՝ այն ժամանակ իրենք բարձրացրել են նաև Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի հարցը, այլապես նույն խնդիրն այնտեղ կունենային, բայց հաջորդ եռամսյակում դա ի հայտ կգա: Հ. Արշակյանի խոսքով՝ եթե կազմակերպիչը որևէ բան է ստեղծել, դրա ղեկավարումը մրցույթով կազմակերպելը գրեթե անհնարին բան է:

Ջանջուղազյանը հակադարձեց, որ հապճեպ ոչինչ չի արվել, նախագիծը շրջանառվել է կոմիտեներում, բայց այժմ կարելի է որոշում ընդունել և հարցը լուծել: Ըստ նրա՝ Գյումրին և Վանաձորն այլ դեպք է. «Բյուջեում ավելի քան բավարար միջոցներ կան` սահմանված կարգով ստանձնած բոլոր պարտավորությունները այս ժամանակահատվածի համար ֆինանսավորելու նպատակով»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը որպես լրացուցիչ հարց, ընդգրկել այսօրվա օրակարգում, որպեսզի մեկ շաբաթ էլ չհետաձգվի խնդիրը:

«Որպեսզի մի հատ էլ էլի չքննարկված որոշում կայացնենք, չէ՞, հետո պարզվի դրա մեջ էլի մի կետ ա եղել, որը մի հատ ուրիշ տեղ մի հատ ուրիշ պրոբլեմ է ստեղծում: Ո՛չ, երեք ամիս ժամանակ է անցել, պետք էր ժամանակին էդ որոշումները կայացնել, քննարկել և ընթացք տալ: Եվ ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ՝ ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք անել առաջիկա մեկ, երկու, երեք ամսվա մեջ և տենց գնալ առաջ, ոչ թե ասենք՝ վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ էս ինչ ա, ասեք՝ լավ, բերեք էն որոշումը սեղանի ոտքի տակից հանեք, բերեք, դրեք նիստում քննարկենք,- հակադարձեց Ն.Փաշինյանը և հավելեց,- Քննարկեք, ժամանակին կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, բոլոր գործերը արեք ժամանակին, ոչ թե վերջին պահին եկեք, լավ, որ սենց աղմուկ բարձրացավ, կայացնենք էդ որոշումը: Էդ աղմուկը համարեք միշտ բարձրացած է»:

Տ. Ավինյանը ասաց, թե նոր է իմանում խնդրի մասին, առաջարկում է, եթե կարող են, այսօր անել որոշումը: «Եթե կարող էինք, ինչո՞ւ չենք արել: Մեկը թող բացատրի՝ ինչու չենք արել, հետո հասկանանք, թե ինչի հիմա անենք»,- ասաց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031