Երեկ՝ մարտի 20-ին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը Հատուկ քննչական ծառայությունից գրություն է ստացել, որը թվագրված է մարտի 18-ին։ Այսպիսով, ՀՔԾ-ն մարտի 16-ի գրությամբ դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին՝ հայտնելով. «2019 թվականի մարտի 14 եւ 15-ին «Ժողովուրդ» օրաթերթի համարներում հրապարակվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով որպես վկա հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի հարցաքննությունների արձանագրություններից որոշ հատվածներ, որոնք հրապարակվել են առանց գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։ Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ տրամադրել հիշյալ անձանց հարցաքննության արձանագրությունները ձեռք բերելու աղբյուրը»։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը («Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը»), չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրը, նույնիսկ ամենադաժան փորձությունների միջով պատրաստ ենք անցնել, սակայն մեր աղբյուրը չենք բացահայտի։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում