Երեւանի պետական համալսարանը թեւակոխել է փոփոխությունների մի նոր փուլ։ Դա համալսարանը կտանի՞ դեպի առողջացում, թե՞ ընդհակառակը, ցույց կտա ժամանակը։
Արդեն իսկ աշխատանքից ազատվել են գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն ու աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը։ Մինչ այդ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր սպասվող կադրային ու կառուցվածքային փոփոխությունների մասին։ Աշխատակազմի ղեկավարի հաստիքը կարծես թե այլեւս չի լինելու, իսկ թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Գեղամ Գեւորգյանին, առայժմ չի նշվում։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը պատասխանեց, որ այդ մասին կհայտնեն նոր նշանակումն արվելուց հետո։ Չհաստատված տեղեկություններով՝ ապագա պրոռեկտորը երիտասարդ կադր է եւ առայժմ աշխատում է Սլավոնական համալսարանում։ Ռեկտորը պատրաստվում է առաջիկայում նրան ներկայացնել աշխատակազմին։
Երեւանի պետական համալսարանում արդեն մի քանի օր լուրեր են պտտվում, որ աշխատանքից ազատվել կամ ազատվելու է նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը։ ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ Գրիգորյանը շարունակում է աշխատել։ Իսկ այդպիսի զարգացումների հնարավորությունը չեն մեկնաբանում ոչ խոսնակը, ոչ էլ պրոռեկտորը։ Վերջինս միայն ասաց, որ ինքն աշխատում է:
Պաշտոնից հեռացված պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը քառորդ դրույքով շարունակում է մնալ համալսարանի պրոֆեսոր, նաեւ գիտական խմբի եւ դրամաշնորհի ղեկավար է։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում