Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեւի երաժիշտն ուզում է մշտական հաստատվել Հայաստանում

Մարտ 21,2019 14:30

Էթնիկ առումով Թուրքիան աշխարհի ամենախայտաբղետ երկիրն է եւ մինչ օրս տարակարծություններ կան, թե նրանք ովքեր են, երբ են հայտնվել պատմության թատերաբեմում, ինչ ծագում ունեն եւ այլն: Մասնագետների մեծ մասը գտնում է, որ թե պատմամշակութային, թե էթնիկ առումով Թուրքիայի տարածքը մանրակրկիտ հետազոտությունների կարիք ունի: Պատմաբանները էթնիկ խմբերից առանձնացնում են ալեւիներին, նշում, որ նրանց ծագումնաբանությունը, սովորույթները, կենցաղը մոտ է հայերիս, քանի որ ալեւիներն ապրում են հիմնականում մեր պատմական հայրենիքի տարածքում: Այս դիտարկմանը համաձայնեց «Առավոտի» զրուցակիցը՝ Ստամբուլից ժամանած երաժիշտ Ջաբրայիլ Քալընը, որն այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում սազ, դուդուկ, շվի նվագարաններով կներկայանա մեր հանդիսատեսին: Ի դեպ, համերգը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Մեր զրուցակիցն էլ տեղեկացրեց, որ կներկայացնի հայ եւ ալեւի ժողովրդական մեղեդիներ, ինչպես նաեւ՝ Կոմիտաս:
Ջաբրայիլը խնդրեց իրեն դիմել Գաբրիել անվամբ: Նա արդեն տասն անգամ եղել է Հայաստանում եւ երազում է ընդմիշտ հաստատվել այստեղ: Հավելեց, որ երազանքն իրականացնելուց հետո հնարավորություն կունենա ավելի շատ բեմ դուրս գալ ու հայերիս ծանոթացնել, նաեւ ուսուցանել ալեւիների ժողովրդական մեղեդիները. «Հայկականի նման դրանք էլ են բխում հոգուց… Շատ ենք լսում նաեւ հայկական երգ ու երաժշտություն»:

«Ավարտել եմ Ստամբուլի կոնսերվատորիան, դուդուկիս պրոֆեսորը ալեւի էր՝ Ալի Յիլմազը, ալեւի էր նաեւ սազիս պրոֆեսորը՝ Արիֆ Սաղը, իսկ շվի սովորել եմ ազգությամբ թուրք Բուռլան Թառլաբաշիի դասարանում: Ցավոք, Ստամբուլում ալեւի արվեստագետների համար դժվար է: Թեեւ չկա ստույգ վիճակագրություն, բայց Թուրքիայում բնակվում են շուրջ 10 մլն ալեւի: Եվրոպայում էլ, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, բնակություն են հաստատել ավելի քան 1 միլիոնը: Շատ շատերն էլ ուզում են հաստատվել Հայաստանում, այդ թվում՝ գործընկերներս, որոնք ավարտել են Ստամբուլի կոնսերվատորիան…»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում երաժիշտը տեղեկացրեց, որ ալեւիները պավլիկյան քրիստոնյաներ են, սովորում են թուրքերեն, քրդերեն, զազաերեն, իսկ իրենց լեզուն մոտ է համարում հայերենին ու քրդերենին: Երաժիշտը հատուկ շնորհակալություն հայտնեց Երեւանի կոնսերվատորիային՝ հյուրընկալության համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝

Գաբրիելի թողարկած CD-ները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031