Հայկական երաժշտությունը, ըստ տարբեր աղբյուրների, սկիզբ է առել մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել միջնադարյան հայ պատմիչներ Մ. Խորենացու և Փ. Բյուզանդի աշխատությունների շնորհիվ:
Հայ մշակութային կյանքում մեծ դեր են ունեցել գուսաններն ու աշուղները: Գուսանական երգերի մասին վկայում են 5-րդ դարի հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փ. Բյուզանդը, Մ.Խորենացին, Եղիշեն և այլք։
Հայկական միջնադարյան և ուշ միջնդարյան ավանդական երաժշտությունը ներկայացվում էր փոքրաթիվ կազմերով: Երգերի նվագակցությունը հաճախ լինում էր թառի/սազի, քամանչայի և դափի միջոցով: Այսօրինակ հնչողությամբ հայկական երաժշտությունը հնում մեր նախնիների կողմից ներակայացվել է՝ որպես պրոֆեսիոնալ երաժշտության մատուցման ձև: Քաղաքային մեջլիսների, գյուղական շրջագայությունների, խնջույքների և պրոֆեսիոնալ համերգների ընթացքում հայ աշուղները, գուսաններն ու սիրո երգիչները հանդես են եկել նմանատիպ կազմերով:
Ցավոք, այս ավանդույթներն այսօր գրեթե մոռացված են, և դրանց պահպանումը, ըստ իս, ունի կենսական կարևորություն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Առաջին հերթին, վերոնշյալ ժողնվագարանները մեր հասարակական կյանքում շատ քիչ են ներկայացված, և այսպիսի անտարբերության հետևանքով պարզապես անընդունակ կլինենք հետագա սերունդներին փոխանցել այս ժառանգությունը: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այս ավանդույթների պահպանման և պրոպագանդման ուղղությամբ, ինչի շնորհիվ կկարողանանք փրկել «կարմիր գրքում» հայտնված մի շարք նվագարաններ: Բացի այդ, ավանդական երաժշտության պահպանմամբ կկարողանանք փրկել նաև ազգային նկարագիրը: Ավանդական երաժշտության խրախուսմամբ, ամենակարևորը՝ լուծում ենք ազգային անվտանգության առաջ ծառացած մի շարք խնդիրներ:
Մեր մշակութային սահմանները շատ խոցելի են և, իրոք, կարիք ունեն պաշտպանության: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ 1918 թ. իրեն պետություն և ժողովուրդ հորջորջած Ադրբեջանում մեծ ուշադրություն են դարձնում ազգային այս նվագարաններին՝ մասնավորապես թառին, դափին և քամանչային: Այդ պետությունը ջանք ու եռանդ չի խնայում միջազգային ատյաններում և միջազգային հանրության շրջանում այդ նվագարանների կատարողական արվեստը իրենց ոչ նյութական մշակութային ժառանգություն ներկայացնելու ուղղությամբ: Ցավոք, այդ ջանքերը պսակվում են նաև հաջողությամբ: 2012 թ. UNSECO-ն թառի կատարողական վարպետությունը/արվեստը ճանաչեց որպես ադրբեջանական ոչ նյութական մշակութային ժառանգություն: Այս «հաղթարշավը» կարող է շարունակական լինել մեր պասիվության պարագայում: Նմանօրինակ հաջողությունների նրանք հասնում են պետական աջակցության և պարբերական հոգածության շնորհիվ: Մեկդարյա այս պետությունը աշխարհին ապացուցելու բան ունի, այդ է պատճառը, որ նրանք ցանկանում են ազգային դիմագիծ ունենալ: Նրանք պայքարում են նաև Իրանի դեմ, որպեսզի ամեն կերպ ապացուցեն, որ իրենց մշակույթն անկախ է, իսկ իրենք այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդն են: Նրանք շատ լավ գիտակցում են, որ ազգապահպանման ամենակարևոր բաղադրիչը մշակույթն է:
Շատ ժողովուրդներ կարող են խոսել մեկ լեզվով, դավանել նույն կրոնը, բայց ունենալ ամբողջովին այլ ծագում: Այսինքն՝ լեզուն և կրոնը ազգերի տարբերակման ցայտուն ցուցիչներ չեն՝ ի տարբերություն ազգային մշակույթի: Միևնույն մշակույթը կրող երկու ժողովուրդ չկա: Այդ էր պատճառը, որը դեռևս Հ. Ալիևի օրոք մեծ ջանքեր ներդրվեցին (և այսօր էլ ներդրում են) Ադրբեջանում ազգային նվագարանների կատարողականությունը զարգացնելու գործում: Մինչդեռ փաստ է, որ տարածաշրջանում մշտապես հայերն են եղել վերոնշյալ նվագարանների պատրաստման և տիրապետման վարպետները՝ անգամ հարևան Իրանում: Ի բարեբախտություն մեզ՝ նմանատիպ փաստեր պահպանվել են նաև գրավոր վավերագրություններով:
Այս ֆոնին շատ ցավալի է, որ մեզանից գողացված այս ժառանգությունը ներկայում մենք ինքներս ենք օտարում մեզանից: Որպես խնդրով մտահոգ քաղաքացի և արվեստի մարդ՝ ես՝ Ալեքսանդր Սահակյանս և Արամ Մովսիսյանը (երգիչ, դափահար) 2018 թ. սկզբին հանդես ենք եկել մի նախաձեռնությամբ, որը եզակի է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև՝ ձևով: Նախաձեռնությունը կոչվում է «Եռախոսություն»՝ թառի, դափի և երգի (Trialogue of Armenian Music): Այս երեք բաղադրիչների միասնությամբ մենք ներկայացնում ենք հայկական ժողովրդական՝ աշուղական, գեղջկական, ազգագրական, հոգևոր և այլ ժանրի երգեր ու երաժշտություն: Մեծ աշխատանքի և համառ ջանքերի շնորհիվ մենք զգալի չափով զարգացրել ենք այս գործիքների կատարողականությունը՝ նպատակ ունենալով ժողովրդական լայն զանգվածների շրջանում տարածել ու վերարժևորել գրեթե մոռացած մշակութային այդ ժառանգությունը:
Պատմական գիտությունների թեկնածու, թառահար Ալեքսանդր Սահակյան