Լրահոս
Օրվա լրահոսը

Դասերի ժամին աշակերտներին մի՛ կանչեք լրացուցիչ պարապմունքների, մեր աշակերտներին անկարգապահության դաս մի՛ տվեք. Անահիտ Բախշյան

Մարտ 21,2019 11:06

Մի քանի օր առաջ  ԿԳ նախարարը հայտարարեց, որ  սեպտեմբերից ԲՈՒՀ-երի հենակետային ավագ դպրոցներում ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կրեդիտային համակարգ, որը մշակման փուլում է  և որտեղ աշակերտների բացակայությունները նրանց համար ունենալու են բացասական հետևանքներ ու հուսամ, որ այս դեպքում մեր ծնողները հաշվի կնստեն դպրոցի կարգապահության հետ։

Գաղտնիք չէ, որ ավագ դպրոցի խնդիրներից է աշակերտների բացակայությունները, որոնք  ծնողների կողմից հաճախ հիմնավորվում են այն պատճառաբանությամբ, որ իրենց երեխաները կարիք ունեն լրացուցիչ պարապմունքների և նրանց հետ պարապողներից ոմանք, հենց դասերի ժամին են կանչում, իսկ ծնողը, տարբեր պատճառներով, չի ընդդիմանում։  Ու այդպիսիք հիմնականում բուհերի կամ կրթական հիմնարկների մասնագետներն են, ովքեր տվյալ բուհում դասախոսներ կամ նույնիսկ ամբիոնների վարիչներ կամ կրթական հիմնարկներում  պատասխանատու պաշտոն զբաղեցնողներ են։ Փաստորեն, այս մասնագետներն իրենց աշխատանքային ժամերին զբաղվում են կոմերցիոն այլ գործունեությամբ բավական չէ, նաև խաթարում են ավագ դպրոցի գործունեությունը։

Ու օգտվելով  նրանից, որ որոշ ծնողների մոտ իրավացիորեն ավագ դպրոցում կրթության արդյունավետության նկատմամբ դեռևս վստահությունը ցածր է, նրանք, փաստորեն իրենց անձնական շահույթը ստանալու նպատակով, ավելի են նպաստում այդ վստահության անկմանը, որը պատիվ չի բերում կրթության մշակներին։ Նման պրակտիկա ունեցող առարկայական մասնագետներին առաջարկում եմ  լինել ազնիվ, երեխաներին  դասապրոցեսի ընթացքում չկանչել այդ պարապմունքներին, նրանց չվարժեցնել անկարգապահությանը,  իրենց մասնագիտական աշխատաժամանակը ծառայեցնել այն նպատակին, որի համար ստանում են աշխատավարձ։

Հարգելի գործընկերներ, նկատի ունեցեք և սեպտեմբերից դպրոցական դասերի ժամին աշակերտներին լրացուցիչ պարապմունքներ ոչ միայն մի նշանակեք, այլև պահանջեք երեխաներից չբացակայել դասերից, դա կարգապահության պահանջ է, որը երեխայի արժեքային հատկանիշների ողնաշարին  պետք է ամրացնի  դպրոցը։

Դուք, որպես բուհերի դասախոսներ, նշանակում է՝ պետական այրեր, ևս պարտավոր եք նպաստել ավագ դպրոցների կայացման գործընթացին, դպրոցներում կարգապահության աստիճանի բարձրացմանը, այնինչ աշակերտներին դպրոցական դասերից կտրելով նրանց անկարգապահության դաս եք տալիս և  սեփական շահերից ելնելով, խոչընդոտում եք դրանց կայացման առանց այդ էլ դժվար ընթացքին։ Ազնիվ մոտեցում չէ։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

«Հերացի» ավագ դպրոց, ԵՊԲՀ-ի ռեկտորի ներկայացուցիչ

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

20․03․2019թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031