Սկիզբը՝ այստեղ
Արցախի ձայնը լսելի դարձնելու ամենահարմար պահը
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն անցյալ շաբաթ «Ազատությանը» տված հարցազրույցում ուշագրավ դիտարկում է արել, նկատելով, թե արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից. «Պետք են նոր իրատեսական առաջարկներ, եւ նաեւ ձեւաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որեւէ առաջընթաց, բայց եթե մնան հնացած սկզբունքները եւ Արցախը չմասնակցի, որեւէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում»։ Հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով հրաժարվել սկզբունքներից, խոսքը Մադրիդյան սկզբունքների մասի՞ն է, Մայիլյանը պատասխանել է. «Ես ասում եմ, որ այդ սկզբունքները եւ այս վերջին 27 տարիների ընթացքում տարբեր առաջարկները, որ եղել են եւ որոնք սեղանին են, դրանք հնացած են, պետք է վերանայվի»։
Արցախից եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյա՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ իր հերթին մարտի 12-ին կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ի հետ զրույցում խոսելով Անվտանգության խորհրդի նիստում քննարկած թեմաներից՝ հետաքրքրական դիրքորոշում է ներկայացրել: «Համոզված եմ ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի բանակցություններին: Որեւէ ֆորմատ չի խախտվում: Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես: Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար»: Ճշգրտող հարցին՝ խաղաղության պայմանագիր երեք երկրների միջե՞ւ, նա հավելել է. «Իհարկե, Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության պայմանագիր կնքել: Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր Հայաստանի վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետի, ինչպես նաեւ ժողովուրդը, պատրաստ են դրան: Միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Երեք գլխավոր թեզերն է առաջ քաշված»:
Արցախի իշխանություններն, ակնհայտորեն, ղարաբաղյան կարգավորման գործընթացում սկսել են առավել ակտիվություն ցուցաբերել, իրենց գնահատականներով ինչ-որ առումով նույնիսկ պաշտոնական Երեւանին հուշում են, թե ինչ ուղղությամբ է պետք առաջ ընթանալ:
Ստեփանակերտում քննարկվե՞լ է, արդյոք, Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու, նոր մոտեցումներ ներկայացնելու եւ ավելին՝ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու հասնելու ուղիները… Ըստ ամենայնի, Ստեփանակերտում իրենց պատասխանատու են զգում առաջիկա բանակցություններում ձեւավորվելիք մթնոլորտի համար: Ստեփանակերտից ամենաբարձր մակարդակով Արցախի միջազգային ճանաչման, ապա՝ Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու ու «խաղաղության պայմանագիր» ունենալու հայտարարությունները, վստահաբար, համաձայնեցված ուղերձներ են թե՛ Հայաստանի ղեկավարությանը, թե՛ միջազգային հանրությանը, եւ թե՛ Ադրբեջանին:
Ստեփանակերտում զգացին Արցախի ձայնն էլ ավելի լսելի դարձնելու ամենահարմար պահը եւ որսացին այն: Այս իրավիճակում, պաշտոնական Երեւանը ստացել է հստակ հնարավորություն առաջիկա բանակցային գործընթացը ի շահ հայկական կողմի ծառայեցնելու: Որեւէ կերպ չպետք է թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը կարգավորման գործընթացում թելադրողի դիրքերից հանդես գա:
Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրը, անցյալ շաբաթ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով. «Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն աշխատում են այս ուղղությամբ։ Այս պահին համաձայնեցվում է հանդիպման օրը, որի մասին ավելի ուշ կհայտարարվի»: Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու շուրջ, ընդ որում՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ նախարարները հանդիպեն Ալիեւ-Փաշինյան բանակցությունների նախօրեին։ «Ամեն ինչ կարող է լինել: Չեմ ուզում նախօրոք խոսել այս մասին, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել», – ասել է Մամեդյարովը։
Անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդիպման էր պատգամավորների հետ, այն տեւել էր գրեթե 3 ժամ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդեն հստա՞կ են ժամկետները Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ արդյոք բանակցությունները Մադրիդյան 3 սկզբունքների, 6 տարրերի շուրջ են ընթանալու, Մնացականյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է հանդիպմանը, կա մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք, ավարտում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք, այդ պահը դեռեւս չի եկել, որ մենք հայտարարենք: Այստեղ միմյանց հարգելու խնդիր է կողմերի միջեւ, մենք միաժամանակ հայտարարում ենք հանդիպման ժամկետի եւ վայրի մասին»: Դառնալով կարգավորման սկզբունքներին՝ ԱԳ նախարարն ասել էր. «Մենք գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ, ինչը կա վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթում: Այդ մոտեցումների շուրջ եւ այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավել երկխոսության մեջ եւ շարունակել այն ընթացքը, որ մենք ունենք»: Երբ լրագրողները փորձել էին ճշտել՝ այսինքն, խոսքը Մադրիդյան սկզբունքների մասի՞ն է՝ Մնացականյանը պատասխանել էր. «Ինչի՞ եք այդպես ասում: Մենք ասում ենք, որ մենք ունենք այնտեղ տարբեր հարցեր եւ դուք նկատի ունեք 3 սկզբունքները եւ 6 տարրերը, կա ձեւավորված բանակցային շրջանակը եւ այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերը, հիշում եք՝ վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարեւոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանում ու ինչպես են դրանք ընկալվում: Մենք հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար ստատուսի եւ անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն ձեր ասած 3 սկզբունքների եւ 6 տարրերի նշված փաստաթղթում, որոնք հայտնի են եւ որոնք հիշեցրեցին նաեւ վերջերս»:
Ապա` նա հավելել էր. «Մենք նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի նախապայման, այլ՝ արդյունավետությանն ուղղված գաղափար, մոտեցում: Ինչպես նաեւ մենք անդրադարձել ենք հարցերին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին ու գիտեք, որ վարչապետը արտահայտվել է բավականին համարձակ այդ առումով եւ բնական է, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը մնում է օրակարգում: Այո, վարչապետն ունեցել է համարձակություն ասելու այն, ինչ ասել է: Ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու, ձեւավորվելու մասին, արտահայտվել է եւ բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել: Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը յուրաքանչյուր կողմից պետք է լինի: Մենք այս հարցերը եւ մնացած հարցերը արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ՝ մեկը մյուսից ոչ տարանջատած»:
Զոհրաբ Մնացականյանը միեւնույն ժամանակ նկատել է, թե՝ հասկանում են, որ հայկական կողմից առաջ քաշված նոր գաղափարներ կան. «Երբ գոյություն ուներ 20 տարվա ձեւավորված ձեւաչափ եւ տարբեր գաղափարներ, որ ձեւավորվել են նաեւ այն ժամանակ, մենք փորձում ենք այս մեր նոր մոտեցումներով եւ նոր տրամադրվածությամբ ու վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք արդյունավետ առաջ գնալ բանակցություններում»:
Հայկական կողմն արդեն չի թաքցնում, որ նոր մոտեցումներ է ներկայացրել: Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակից դառնալու թեման միջազգային հանրությունն այս փուլում համարեց անընդունելի, սակայն հայկական կողմն ըստ երեւույթին կշարունակի այն պնդել: Պաշտոնական Երեւանի մյուս՝ նոր մոտեցումները որքանո՞վ են ընդունելի ադրբեջանական կողմի համար, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, պաշտոնական Երեւանը շարունակում է հրապարակային ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումները նաեւ այլ հարցերում:
Անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությանը, որ սկզբունքները հնացած են, արդյոք այստեղ Արցախի եւ Հայաստանի դիրքորոշումների մեջ տարբերություն չկա՞ ու չե՞ն հակասում իրար՝ Մնացականյանը պատասխանել է. «Պարոն Մայիլյանն այդ հայտարարությունն արել է՝ որպես Արցախի Հանրապետության արտգործնախարար, ես անձամբ արտգործնախարարի հետ շարունակական աշխատում եմ, մենք աշխատում ենք, փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է այն իրականությունը, որովհետեւ սա իրապես պրակտիկ հարց է, եւ Արցախի իշխանությունները եւ Հայաստանի իշխանությունները տարբեր միավորներ են: Մենք երբեւէ չենք հրաժարվել ու չենք հրաժարվում այս խաղաղության գործընթացի մեջ մեր դերակատարությունից, մեր դիրքորոշումից, Հայաստանը եղել եւ մնում է միակ երաշխավորը Արցախի Հանրապետության, մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով այս բանակցության եւ խաղաղության գործընթացին՝ մենք նաեւ շատ լավ հասկանում ենք, որ կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման եւ բանակցությունների նաեւ Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ է»: Ճշգրտող հարցին՝ այսինքն, այս դեպքում հայացքների տարբերությո՞ւն կա, թե՞ սկզբունքները իսկապես հնացած են՝ նա պատասխանել է. «Եթե սկզբունքները դիտարկում ենք՝ որպես շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, այդ շրջանակը գոյություն ունի, երբեւէ որեւէ մեկը չի մերժել դա, որ գոյություն ունի, բայց այդ շրջանակի շատ կարեւոր է մեկնաբանումը, համադրումը մոտեցումների, դիրքորոշումների եւ պարտավորությունների համադրումը, որովհետեւ եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն եւ եթե սպասվում է, որ մի կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու: Եվ այդ առումով շատ հաճախ մեզ հարց էր գալիս, թե որքանո՞վ է Հայաստանը զիջում, չի՛ կարող լինել նման երեւույթ, չի՛ կարող, չի՛ աշխատելու: Նույնիսկ, եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա պարզ չի աշխատելու՝ անկախ նրանից, թե այդ մարդը որտեղ է գտնվում: Մենք ընդգծել ենք հստակ կարեւոր մի սկզբունք՝ ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն եւ նման 150 հազար կոնկրետ մարդկանց ու իրենց անվտանգության համապարփակությունը մնում է ամենակարեւոր սկզբունքային խնդիրը: Մենք ունե՞նք իրավունք խոսելու իրենց ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգության մասին, այո՛, ունենք եւ նաեւ այդ պարզաբանումը մեկնաբանվել է մեր կողմից ու դրանից բխող ստատուսի հարցը: Սա է հիմնական մոտեցումը, որ վերաբերում է պարտավորությունների համադրմանը, որտեղ էական հարց կա՝ պահպանել այն, ինչը վերաբերում է համապարփակությանը՝ մարդկանց անվտանգության, կյանքի անվտանգության»:
Միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանը՝ Մնացականյանի մակարդակով արձանագրել է, որ հայկական կողմը բանակցային գործընթացը փակուղի չի տանելու: «Մենք չենք անելու որեւէ բան, որը փակուղի է տանելու, որովհետեւ մենք մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը գործընթացի, սա շատ էական հարց է: Մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Այստեղ կոնկրետ պրակտիկ եւ սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն եւ ներգրավվածություն, սա նորություն չի: Որպեսզի բանակցություններում մենք արդյունավետ աշխատենք, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ որոշիչ ձայնի, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնել… Սա սկզբունքային կարեւոր հարց է, սա նախապայման չէ եւ մենք ցանկանում ենք շարունակել քննարկել եւ գտնել խնդիրների լուծումներ»:
Արցախի իշխանությունները, վստահաբար, բավարարված լինելով Փաշինյանի վերջին՝ ստեփանակերտյան հանդիպումներում տված հավաստիացումներից, այնուամենայնիվ, առաջիկայում ավելի ակտիվ, նախաձեռնող ու պահանջկոտ կլինեն: Սա միանշանակ կամրացնի հայկական կողմերին եւ ինքնավստահություն կհաղորդի պաշտոնական Երեւանին առաջիկա բանակցություններում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.03.2019