Լրահոս
Օրվա լրահոսը

Խանջյան գյուղի բնակիչները փող չեն ուզում, «աճուրդով» խլված հողն են ուզում

Մարտ 21,2019 13:00

Արմավիր քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտքում է գտնվում Խանջյան գյուղը։ Այն 1957թ.-ին ավան էր: Իր անվանումը ստացել է ի պատիվ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի։ 1981թ.-ին գյուղն ունեցել է 1580 բնակիչ, այսօր բնակչության թիվը, ըստ «Առավոտի» զրուցակից գյուղաբնակների, մոտ 1900 է:

Բնակչության հիմնական զբաղմունքը պտղաբուծությունն է, խաղողագործությունը, բանջարաբուծությունը:

Խանջյանցիներն ահազանգել են «Առավոտին», թե իրենցից խլվել է իրենց հողերը, եւ այդ մասին թե մարզպետարանը, թե կառավարությունում տեղյակ չեն:

Գեւորգ Հակոբյանը «Առավոտին» ասում է, որ այս տարվա մարտի 11-ին դիմել էր համայնքի նոր ղեկավարին՝ Ա. Արոյանին. «Ունեցել եմ վարձակալական հող, որն ինչ-ինչ պատճառներով հետ են վերցրել: Խնդրում եմ իմ հողը վերադարձնել ինձ»:

Նոր համայնքապետի պատասխանը, որը ստացվել է դիմումը ստանալուց մեկ ամիս երեք օր հետո միայն, նրան չի բավարարում: Համայնքապետը պատասխանել էր. «Հողատարածքը ինչ-ինչ պատճառներով վերցվել է Ձեր համաձայնությամբ, հատկացվել է բարեխիղճ վճարներ վճարողներին, նաեւ աճուրդ է իրականացվել»:

Զրուցակիցներս աճուրդի հետ կապված ասում են, թե իմացել են իրենց դիմումները մերժելիս, նրանք տեղյակ չեն եղել, նաեւ զարմացած են, որ քսան տարի առաջ վարձակալության տրված հողերը կարող են աճուրդի հանվել առանց իրենց իմացության եւ համաձայնության:

Ղազար Թաթոյանը, որի զինվոր զավակը սահմանի թեժ կետերից մեկում է, ասում է՝ խտրականություն են դրսեւորել: Հողի կարիք ունեցողներին հողից զրկել են, նա նույնպես դիմել էր գյուղապետին, որը գրավոր պատասխանել էր. «Ձեր հողը վերադարձվել է նախկին վարձակալներին ձեր իմացությամբ»: Մինչդեռ, Ղ. Թաթոյանը պնդում է, որ նման բան չկա, իրեն որեւէ մեկն ակնարկ չի արել հողից զրկվելու մասին:

Ալիկ Կարապետյանի եւ նրա որդու հողապահանջի դիմումները նույնպես մերժվել են, քանի որ ըստ համայնքի երիտասարդ ղեկավարի գրության, նրանք վարձակալական հող չեն ունեցել ընդհանրապես. «Ես համայնքում ունեցել եմ վարձակալած հողատարածք, որը նախկին գյուղապետի կողմից վերցվել էր իբր աճուրդով վաճառելու համար: Ես այսօր եմ իմացել, որ այդ հողատարածքն աճուրդով գնվել է: Նախկին գյուղապետ Սամվել Ավագյանի մահվանից հետո պարզաբանվել է, թե այդ հողերը գաղտնի վարձակալությամբ տրվել է Ե. Փոլադյանին, ուստի խնդրում եմ նախապատվության իրավունքով ինձ հատկացված տարածքը ետ վերցնել եւ տալ ինձ»:

Ղ. Թաթոյանը հինգ երեխա ունի, ամենքը երեքական երեխա, եւ մեր զրույցի ժամանակ ասում էր, թե իր պապերը մշակել են գյուղի հողը, քարից հաց են քամել, իսկ ինքն իր երեխաներին չի կարող հողով ապահովել. «Վատ եմ զգում, ցավն իմ երեխաներինն է, մյուսների երեխաներինը, որ հող չունեն, որ կարող են սովի մատնվել, կամ հեռանալ գյուղից, ապրուստի այլ միջոց գտնելու հույսով»:

Գյուղում շատերն ապրում են «փորհացով», քանի որ չունեն հող, չեն կարող ինչպես նախկինում՝ ցորեն ցանել, ծիրան, խաղող աճեցնել:

Զրուցակիցներս ասում են, թե իրենց վարձակալած հողն աճուրդի անվան տակ են վերցրել:

Թաթոյանին տարիներ շարունակ խոստումներ են տվել, թե երբ հողաբաժանում կլինի, նրան հող կտան, սակայն մի անգամ նրա ռուսաստանաբնակ եղբայրն է 4000քմ հող գնել, տվել եղբոր ընտանիքին, որպեսզի կարողանան գոյատեւել:

Համայնքի բնակիչ Ռ.Կարապետյանն ընդհանրապես չունի սեփականաշնորհած տարածք, նա էլ խնդրել էր գյուղում գտնվող վարձակալական հողատարածքներից, քանի որ եկամուտի որեւէ աղբյուր չուներ, ընտանիքն էլ բազմանդամ էր՝ հինգ շնչից բաղկացած:

Ժ. Բաղդասարյանին համայնքի ղեկավարը խոստացել էր, թե «հողատարածք ազատվելու դեպքում» կհատկացվի նրան, սակայն ինչու, երբ մարդը մյուսների նման վարձակալել էր հողատարածք:

Զրուցակիցներիցս մեկն ասաց, որ միայն 7-8 հա վարձակալական հողից մարդ կա՝ տասը միլիոն եկամուտ է ունեցել, եւ այդ հողն էլ գնել է հարեւան գյուղի բնակիչը, երբ իրենց գյուղում հողի «դեֆիցիտ» կա:

Մարդիկ վարկեր են վերցրել, ընկել բանկերի տոկոսների տակ, խոստացել են շատերին, որպես աճող ընտանիքի բարելավում, կտան հող, սակայն խոստումները մնացել են օդում արված հայտարարություններ:

Խանջյանցիներից դիմել էին ավագանուն, որպեսզի ավագանու նիստ գումարվելու ժամանակ իրենց էլ հրավիրեն, սակայն նրանց չէին հրավիրել, հետագայում էլ «փոխանցել», թե երկու անգամ նիստ են արել, որոշել հողերի ճակատագիրը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031