Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենը միայն կարող էր վախենալ, որ տուրուդմփոցի մեջ Ղարաբաղը չկորցնենք». Անդրանիկ Քոչարյան

Մարտ 20,2019 23:15

«Որ Ռոբերտ Քոչարյանը շանտաժի ձեւով է մտել նախագահի պաշտոնը վերցնելու, դա տեղի է ունեցել բոլորիս դիմադրությունը`Վազգենի միջոցով հաղթահարելով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրած բաց նամակին: Այդ նամակում Վահան Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին որոշ հետաքրքիր դրվագներ է հիշեցնում անցյալից. «1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»։

«Հայաստանում կա՞ մեկը, մի՞ գյուղ, որտեղ մարդիկ կասկածում են, որ հաղթել է ոչ թե Կարեն Դեմիրճյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե՝ ոչ: Խարդախության մեծ ծավալների մասին փաստեր կան: Անգամ կատակներ էին անում`ասում էին, տեղամաս է եղել, որտեղ 1000 քվեաթերթիկ են լցոնել, որից 999`Ռոբերտ Քոչարյանի համար: Քվեատուփը բացելուց հետո, պարզվել է Կարեն Դեմիրճյանն է հաղթել: Արդյունքում, այո, մենք ունեցանք այն, ինչը որ Վազգեն Սարգսյանին ստիպեց միասնություն կազմել Կարեն Դեմիրճյանի հետ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի: Վազգեն Սարգսյանը գիտակցել էր, թե ինչ քաղաքական մթնոլորտ հնարավոր է ստեղծվի Հայաստանում, որի արդյունքում երկրի անվտանգությունը հնարավոր էր խորտակեինք»,- ասում է մեր զրուցակիցը:

Անդրանիկ Քոչարյանը հիշում է քսանամյա վաղեմության իրադարձությունները. «Բոլորը հասկանում էին`Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մի քանի ճանապարհ կար. կամ իշխանությունը մնում էր ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի տնօրինության տակ եւ հետո անցկացվում էին նախագահական ընտրություններ: Կոնսենսուսային տարբերակն այդ ժամանակ Գագիկ Հարությունյանի թեկնածության առաջադրումն էր: Բայց, Ղարաբաղի տղաները` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կարողացան 2-3 գիշերվա ընթացքում… որովհետեւ, ես հիշում եմ, որ ուրբաթ օրը, որ Վազգենը կառավարության շենքից դուրս էր գալիս, ասեց`որ շատ եք պնդում, ես իմ թեկնածությունը կդնեմ: Բոլորս հանգստացանք: Այդ 2-3 օրվա ընթացքում ինչ-որ բան տեղի ունեցավ եւ կառավարական ամառանոցներում Վազգենը հայտնվեց 4-ը մեկի դեմ: Գագիկ Հարությունյանի թեկնածությունը չքննարկվեց, եւ որպեսզի Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունը չխաթարվի, Վազգենը գնաց Ռոբերտ Քոչարյանի թեկնածության ճանապարհով եւ իր թեկնածությունն էլ չդրեց»:

Մեր դիտարկմանը`Վազգեն Սարգսյանին վախեցնելը կամ շանտաժով նրա հետ խոսելն այդքան էլ հեշտ բան չէր, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց. «Ոչ: Վազգենին ոչ ոք չէր կարող վախեցնել: Վազգենը միայն կարող էր վախենալ, որ այդ տուրուդմփոցի պարագայում հանկարծ Ղարաբաղը չկորցնենք»: Այդպիսի իրական վտանգ, մեր զրուցակիցը հավաստիացնում է, այդ ժամանակ կար եւ նկատում, որ այդ նույն վտանգի սպառնալիքով է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ընտրություններն այսքան տարի կեղծելով`իշխանություն են պահել: «Մի մոռացեք, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ հանրապետության վարչապետն էր, եւ գործադիր իշխանությունը գտնվում էր իր տնօրինության տակ: Օգտագործելով իր այդ պաշտոնը եւ Ղարաբաղի խնդրի անվտանգությանը վերաբերող շանտաժը՝ չունենալով առաջադրվելու իրավունք, ինքը պարտադրեց այդ առաջադրվելը, որի արդյունքում վտանգներն ավելի խստացան, որովհետեւ ընտրություններն ակնհայտ կեղծվեցին: Դրա դիմաց, գիտակցելով երկրի անվտանգության եւ պետականության կորստի առումով անշրջելի վտանգը, Վազգենը գնաց Կարեն Դեմիրճյանի հետ միավորման եւ ստեղծեց լեգիտիմ իշխանություն`հանձին խորհրդարանի»:

Վահան Շիրխանյանի`Ռոբերտ Քոչարյանին հաջորդ հիշեցումը`այդ ժամանակ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունն է եւ Քոչարյան-Խորխոռունի լարված հարաբերությունների մասին. «1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավել քան լարված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել»։ Անդրանիկ Քոչարյանը նկատում է. «Շիրխանյանի ասածները պետք է լուրջ ընդունել եւ ամեն մի ասածի ուղղությամբ, եթե վաղեմության խնդիր չունենք, պետք է իրականացնել քննություն: Դրանից հետ եղել է նաեւ Արծրուն Մարգարյանի  (ոստիկանության ներքին զորքերի հրամանատար-Ն. Գ.) սպանությունը, որն այս կամ այն կերպ հնարավոր է, որ առնչվեր քաղաքական անցուդարձին»:

Հարցին`կարծում եք պատկան մարմիններն այս բաց նամակը պետք է ընդունեն իբրեւ հաղորդում հանցագործության մասի՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա պատասխան է Ռոբերտ Քոչարյանի ստախոս գրքի, որի մեջ Շիրխանյանը շարադրել է շատ հավաստի տեղեկատվություն, որովհետեւ ինքս, նշված կետերից շատ շատերին տեղյակ եմ, սկսած նրանից, որ Վազգեն Սարգսյանը, որպես վարչապետ, կադրային բազան ինչպես ամբողջացրեց դեպի կառավարություն: Դա իր հայտնի 904 որոշումն էր: Այդ որոշման վրա ինքս էլ աշխատել եմ`լինելով իր խորհրդականը անվտանգության եւ կադրային քաղաքականության հարցերով: 904 որոշումով Վազգենը պետության կառավարումն ավելի կանոնակարգեց, մոբիլիզացրեց: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, երբ Արամ Սարգսյանի կառավարության խնդիրը կարողացավ լուծել, դարձյալ ապօրինաբար, երբ Վաղարշակ Հարությունյանին կարողացավ հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից` Սահմանադրության խախտումով, իր առաջին որոշումը եղել է 904 որոշման ոչնչացումը, որովհետեւ այդ որոշումով, իշխանությունը հստակ տարանջատված էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031