ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է: Հանձնաժողովի կազմում են ներկայացուցիչներ ԵՊՀ գիտակրթական բոլոր ստորաբաժանումներից և Ուսանողական խորհրդից:
Հանձնաժողովի նիստի սկզբում անդամներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ այն բոլոր խնդիրները, որոնք իր առջև դնելու է հանձնաժողովը, պատվով կկատարի. «Մենք դժվար շրջան ենք թևակոխել. բարձրագույն կրթության առջև ծառացած խնդիրները շատացել են, դժվարացել: Մենք երկար մտորեցինք՝ այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված, ոչ միայն այն բանի համար, որ սա օրախնդիր պահանջ էր հասարակության կողմից, այլև նախևառաջ այն պատճառով, որ ինքներս ենք գտնում այս հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը: Մենք՝ ինքներս, լավ հասկանալով, որ համալսարանին մշտապես անհրաժեշտ են բարեփոխումներ, ցանկանում ենք նոր թափ հաղորդել, նոր շունչ տալ դրանց »,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ԵՊՀ-ում բազում խնդիրներ կան, որոնք պետք է քննարկվեն. «Առաջարկությունները, որոնք ստացել և ստանալու եք ստորաբաժանումներից և ուսանողներից պետք է քննարկեք, և ես կցանկանայի, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը պարբերաբար ներկայացվի Գիտական խորհրդին՝ քննարկման համար, որը հետո կարող է վերածվել գործողությունների պլանի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ ԵՊՀ պաշտոնական կայքում: