Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալիս եք Հայաստա՞ն՝ իմացեք ինչ անել մաքսային գոտում խնդիրներ չունենալու համար եւ ձեզ հետ ինչ հագուստ բերել  

Մարտ 20,2019 23:30

Նրանք, ովքեր Հայաստանում չեն եղել, առաջարկում ենք անպայման այցելել:  Մեր հյուրընկալ երկիր գալու համար  որեւէ հարմար առիթ պետք չէ,  պարզապես, հավաքեք  ճամպրուկներն ու ուղեւորվեք դեպի Հայաստան:  
Ձեր ժամանակը խնայելու համար Հայաստանի մասին մի քանի օգտակար տեղեկություններ ենք հավաքել, որոնք ձեզ, հաստատ, պետք կգան:

Ո՞ր ճանապարհներն են բերում Հայաստան

Աշխարհի ավելի քան 50 քաղաքներից կան թռիչքներ դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ:  Մոսկվա, Կիեւ, Մինսկ, Փարիզ, Վիեննա, Պրահա, Բրյուսել, Հռոմ, Լոնդոն, Բեյրութ, Թել Ավիվ, Դուբայ, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան,  Միլան,  Վարշավա, Ստամբուլ եւ այլն: Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան, որոնք սպասարկում են քաղաքացիական չվերթները: Գլխավորը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Երեւանից 12 կմ հեռավորության վրա: Երկրորդը՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն է: Այն գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ եւ Երեւանից 120 կմ հեռավորության վրա:

Հայաստան կարելի է հասնել նաեւ ցամաքային եւ ջրային ճանապարհներով՝ Իրանի եւ Վրաստանի կողմից:

Ի՞նչ անել մաքսային գոտին անցնելիս խնդիրներ չունենալու համար 

Երկրում տարադրամի ներմուծումն ու արտահանումը հնարավոր է առանց արգելքների, սակայն 10 հազար դոլարից ավելի գումարը եւ այլ տարադրամով արժույթները պետք է պարտադիր հայտարարագրել:

2 լիտր թունդ ալկոհոլի, ինչպես նաեւ 50 տուփ ծխախոտի անմաքս ներմուծումը թուլատրված է: Հայաստանի սահմանին խնդիրների առաջ կկանգնեք, եթե փորձեք առանց համապատասխան թույլտվության անտիկվար իրեր,  ձեռագրեր, թանկարժեք քարեր, մետաղադրամներ եւ արվեստի գործեր արտահանել:

Որտեղ փոխանակել տարադրամը

Հայաստանի ազգային արժույթը հայկական դրամն է: Բոլոր կանխիկ գործարքները մեր երկրում հնարավոր է անել միայն տեղական արժույթով: Ամենուր գործում են բանկեր եւ տարադրամի փոխանակման կետեր, որտեղ կարելի է փոխել ձեր արտարժույթը հայկական դրամի: Կան տարադրամի փոխանակման կետեր, որոնք բաց են ժամը 09.00-ից մինչեւ 22.00 կամ 24.00 հանգստյան օրերին, տոներին եւ աշխատանքային օրերին:

Այդ պահին գործող փոխարժեքները կարելի է տեսնել նաեւ rate.am կայքում:

Լեզուն հայերենն է, բայց շատերը ռուսերեն ու անգլերեն էլ են խոսում

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Սակայն պետական շենքերի ու հասարակական վայրերի ցուցանակները նաեւ այլ լեզուներով էլ են: Հայերենից բացի մեր երկրում լայնորեն կիրառվում է նաեւ ռուսերենը, շատերը խոսում են նաեւ անգլերեն:

Ժամանակը Հայաստանում

Հայաստանում ամառային եւ ձմեռային ժամանակներ չեն գործում: 2012 թվականից մինչ օրս Ժամանակային անցում չի կատարվում:

 Անկախ նրանից որ սեզոնին եք գալիս, տաք հագուստ բերեք

Հայաստանի կլիման գիշերային եւ ցերեկային ջերմաստիճանների կտրուկ տարբերություններով է, այնպես որ, անկախ նրանից՝ ձմռանն եք գալիս Հայաստան, ամռանը, թե այլ սեզոններին, լավ կլինի ձեզ հետ տաք հագուստ ունենաք: Անգամ ամռանը, հատկապես լեռնային շրջաններում, երեկոյան ժամերին ցուրտ է:

Ընդհանրապես Հայաստանյան կլիման մերձարեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Ամառանը, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C-ի միջեւ: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով:

Հայաստանում ինչպես տեղաշարժվել

 Երեւանն ունի մետրո, սակայն այն զբոսաշրջիկներին, այսպես ասած, լայն հնարավորություններ չի ընձեռում: Ինչպես տեղացիներն են կատակում՝ երեւանյան մետրոն կենտրոնը կապում է կենտրոնին: Մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի` 10 կայաններով: Երթեւեկության վարձը 100 դրամ է:

Ավտոբուսները երթեւեկում են գլխավոր ուղղություններով: 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթեւեկում են գրեթե բոլոր ուղղություններով: Թե՜ ավտոբուսների, թե՜ միկրոավտոբուսների ուղեվարձը մայրաքաղաքում 100 դրամ է: Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում տաքսի ծառայությունը բավականին մատչելի է: 1 կիլոմետրը՝ 100 դրամ: Բացի այն, որ տաքսի կարող եք պատվիրել առցանց եղանակով, կան նաեւ տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով:

Փողոցների խաչմերուկներում եւ մարդաշատ վայրերում նույնպես կարելի է օգտվել տաքսիներից:

Հայաստանում գնացքներն ավելի դանդաղ են աշխատում, քան ավտոբուսները: Այդ պատճառով էլ ավելի նպատակահարմար է օգտվել միջմարզային միկրոավտոբուսների ծառայություններից: Փոխադրումներն իրականացվում են մասնավոր ընկերությունների կողմից՝ երեք կայարաններից:  Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվողը «Կիլիկիա» ավտոկայանը նաեւ միջազգային եւ քաղաքամերձ երթուղիներն է սպասարկում, Սասունցի Դավիթ կայարանից հիմնականում Արարատի մարզի «չվերթներն են» կատարվում, իսկ Հյուսիսային ավտոկայանից Տավուշի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր են մեկնում: Հայաստանում կարելի է օգտվել նաեւ ավտոմեքենաների, ինչպես նաեւ ուղղաթիռի վարձույթի ծառայությունից:

 

 Ինչպե՞ս զանգահարել Հայաստան այլ երկրներից`

 Ֆիքսված հեռախոսահամարից`   +374 (Հայաստանի կոդը) + տեղական կոդը +բաժանորդի հեռախոսահամարը

Բջջային հեռախոսահամարից` +374 (Հայաստանի կոդը) + բջջայինի բնորոշիչ կոդը + հեռախոսահամարը

 

Ինչպե՞ս զանգահարել Հայաստանի ներսում

 

Ֆիքսված հեռախոսահամարից` 0 + տեղական կոդը+ բաժանորդի հեռախոսահամարը

Բջջային հեռախոսից` 0 + բջջային բնորոշիչ կոդը + բաժանորդի հեռախոսահամարը

 

Կարեւոր  հեռախոսահամարներ

 

Հրդեհային ծառայություն – 101

Ոստիկանություն – 102

Շտապ օգնություն – 103

Օդանավակայան – 187

Երկաթուղային տեղեկատու  – 184

Տեղեկատու ծառայություն – 109

Եղանակ – 186

Ժամ-110

 

Ինչպե՞ս ստանալ հայկական վիզա

 

 Հայաստանը մի երկիր է, որտեղ զբոսաշրջիկների համար գործում է վիզային ամենաբարենպաստ համակարգը: Մի շարք երկրներ (ցանկը տեսեք այստեղ) միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից: Կան երկրներ էլ (ցանկը՝ այստեղ), որոնց հետ Հայաստանը երկկողմ առանց վիզային ռեժիմի է աշխատում:

Մնացած բոլոր պետությունների քաղաքացիները, անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ), ինչպես նաեւ ՄԱԿ-ի անցագիր (Laissez-Passer) կրողները, չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:

Մի շարք երկրներ կան (ցանկը տեսեք այստեղ) , որոնք մուտքի վիզա կարող են ստանալ հենց Հայաստանի սահմանին՝ ժամանումից անմիջապես հետո` օդանավակայանում:  Գործընթացը տեւում է մոտ 20-25 րոպե: Արժեքը` 3000 դրամ 21 օրվա համար (մոտ 8$ / 6€) եւ 15000 դրամ` 120 օրվա համար (մոտ 41$ / 40 €):

Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` էլեկտրոնային կապի միջոցով` դիմելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը այս հասցեով՝ էլ-վիզա: Էլեկտրոնային վիզան արժե 10$` 21 օրվա համար եւ 60$` 120 օրվա համար: Վճարումները ընդունվում են միայն քարտով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031