Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենն ասել էր, որ կոնյակի գործարանի մասնավորեցմանը կողմ չքվեարկենք». Անդրանիկ Քոչարյան

Մարտ 20,2019 22:45

«1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին»,- Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում գրում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Aravot.am-ի հետ զրույցում, պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը (լուսանկարում) հավելում է`երկակիություն Վազգեն Սարգսյանը նաեւ Վարդան Օսկանյանի պահվածքում էր նկատել եւ կառավարության նիստում խիստ հանձնարարել էր`նիստից ուշանալու պարագայում անգամ չմոտենալ կառավարության շենքին. «Բոլորին դա եղավ դաս: Դավիթ Հարությունյանը, Վարդան Օսկանյանը, այսինքն, Ռոբերտ Քոչարյանի անմիջական թիմը, որն ընդգրկված էր կառավարությունում, բոլորը հասկացան, որ կառավարման համակարգի հստակ տարանջատում կա`նախագահական, վարչապետական եւ օրենսդիր: Այսինքն, վարչապետը լիարժեք իրականացնում էր Սահմանադրության պահանջը` լինելով պառլամենտական մեծամասնության կողմից ձեւավորված կառավարության ղեկավար»:

Վահան Շիրխանյանը նաեւ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած ֆինանսական չարաշահումների մասին տվյալներ է նշում. «1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակի գործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 մլրդ $-ի վնաս։ Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնանկ արվեիր, նորմալը՝ դատվեիր, սակայն 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լարվում»:

Անդրանիկ Քոչարյանը Կոնյակի գործարանի մասնավորեցման հարցով խորհրդարանի նիստից մանրամասներ է հիշում. «Ինքս այդ ժամանակ պատգամավոր էի, եւ Վազգենն ասել էր, որ կոնյակի գործարանի մասնավորեցմանը կողմ չքվեարկենք (Վազգեն Սարգսյանն այդ ժամանակ պաշտպանության նախարար էր-Ն. Գ.): Բայց ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ, եւ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ խարդավանքով կողմ քվեարկելու խնդիրը լուծել: Կոնյակի գործարանը Վազգենը համարում էր մեր ազգի թողած կարեւոր տնտեսական ժառանգություն, եւ նա շատ լավ հասկանում էր, որ այդ գնով, ինչ գնով Ռոբերտ Քոչարյանն էր վաճառում, կոռուպցիոն ռիսկեր կան: Հիմա շատ բաներ չբացեմ, հետագայում, եթե գործընթացները գնան ավելի շատ բան բացելու`ասելու բան շատ կա: Բայց Վազգենից հետո, հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի հրեշավոր գործարքներ արեց`Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը եւ այլն: Ընդհանրապես, կարծես Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էին խանգարում իրենց տնտեսական ախորժակին: Բայց դա մեր երկրի ունեցվածքն էր»:

Հարցին`այս իշխանությունը կդնի՞ «հոկտեմբերի 27»-ի բացահայտման հարցը, նա պատասխանեց. «Հոկտեմբերի 27»-ից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի գոնե դրա բացահայտմանը  հասնելու հնարավորությունը պահենք: Դա մի գործողություն է մեր պետության դեմ, որը չբացահայտել`նշանակում է ապրել խավարի մեջ»,-հավելելով, որ այս իշխանությունն, իհարկե, պետք է ցանկանա բացահայտել «հոկտեմբերի 27»-ը, քանի որ, եթե այդտեղ կա աշխարհաքաղաքական խնդիր, ապա իր համոզմամբ առաջացրել էր Ռոբերտ Քոչարյանը`Մեղրին դարձնելով շահարկման առարկա: Մեր զրուցակիցը գիտե, որ Վազգեն Սարգսյանն իր կյանքի վերջին մեկ ամսվա ընթացքում Մեղրիի հետ կապված ուշագրավ գրառումներ ունի: Ինքն էլ ապշած է`ինչպե՞ս հնարավոր էր Մեղրին շահարկման թեմա դարձնել. «Առնվազն հայ չպետք է լինես, որ նման բան մտածես: Այդ 48 կմ-ն ավելին է քան զուտ հողային տարածքը: Դա մեր կարեւորագույն դարպասն է»: «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը առաջնահերթություն համարելով, Անդրանիկ Քոչարյանը նկատում է`այժմ ոչ պակաս կարեւոր բացահայտման ուղղությամբ է ներգրավված քննչական ողջ ներուժը`«մարտի 1»-ի, որը նաեւ ճանապարհ է բացում «հոկտեմբերի 27»-ի բացահայտման համար:

Ինչ վերաբերվում է «մարտի 1»-ի գործին՝ Անդրանիկ Քոչարյանն ասում է`դրա բացահայտումից շատերն են վախենում, քանի որ շատերին է առնչվում գործը, պետական ապարատի հսկայական հատված է օգտագործվել. «Դատավարությունը կգնա`կտեսնեք, թե ի՞նչ է տեղի ունեցել: Բայց դեռ ինչքա՜ն էլ կա բացահայտելու»: Անդրանիկ Քոչարյանն, ի դեպ, ով նախկինում կողմ էր, որ դրսից անկախ փորձագետներ հրավիրվեն այս գործի համար, այժմ կարծում է, որ ներքին ռեսուրսներով պետք է հարցը լուծենք: Բացատրում է`այժմ դրսի փորձագետներ հրավիրել ցանկանում են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ գործը բացահայտվի, քանի որ մինչեւ նրանք գործի մանրամասներին ծանոթանան, վաղեմության ժամկետը կլրանա: Իսկ իրենք այն ժամանակ պահանջում էին արտաքին փորձագետներ հրավիրել, քանի որ իշխանությունը չէր ցանկանում գործը բացահայտել: Այժմ այդ խնդիրը չկա, իշխանությունը ցանկանում է, որ բացահայտվի գործը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031