Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի մասնակիցները քննարկել են հայկական կողմի մշակված ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ ԵՄ կողմի մեկնաբանություններն ու ճանապարհային քարտեզում դրանցից բխող կատարվելիք փոփոխությունները:
Օրակարգում էին մասնավորապես համաձայնագրի ճանապարհային քարտեզի նախագծում ներառված քաղաքական երկխոսության, արդարադատության, միգրացիայի, էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և կլիմայի, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ԵՄ կողմի առաջարկությունները և դիտարկումները:
Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը նիստի մասնակիցներին ներկայացրել է ԵՄ նկատառումներն ըստ ոլորտների, ինչից հետո գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով: Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնց հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև նիստին ներկա Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի մի շարք անդամները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով նիստը, նշել է, որ hաշվի առնելով եվրոպական կողմի առաջարկությունները և դրանց վերաբերյալ միջգերատեսչական նիստի քննարկման արդյունքները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի և դրա վերջնական տարբերակը կտրամադրվի եվրոպական կողմին:
ՀՀ կառավարություն