«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարել եւ արգելել կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։ Հարցն այսօր քննարկվում էր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացավ:
Ըստ նախագծի՝ գիտական ուսումնասիրություններ ու ատենախոսություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Մինչդեռ գովազդի տարբեր միջոցներով անարգել տարածվում են ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ կատարելու, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ, որոնք ուղղակիորեն միջամտություն են կրթության եւ գիտության արդյունքների կեղծմանը, հետեւաբար նաեւ հարված` որակի ցուցանիշներին, շրջանավարտի իրական ձեռքբերումներին ու աշխատաշուկայում վստահության նվազեցմանը։
Հովհաննես Հովհաննիսյանը նկատում է`ԲՈՒՀ-երում էլ պետք է շահագրգիռ լինեն այս հարցով, տարբեր միջոցներ ձեռնարկեն`դա կանխելու համար: Օրինակ, խնդիրներից մեկն էլ այն է, որ ամբիոնները ամեն տարի միեւնույն թեմաներն են հաստատում կուրսայինների, դիպլոմայինների համար: Բացի այդ, ակադեմիական գրագրության դասընթացներ էլ չկան բուհերում:
Պատգամավորը գնացուցակ էլ ներկայացրեց, թե կազմակերպություններն ինչքանո՞վ են վաճառում այդ աշխատանքները. «Ռեֆերատ՝ 3000 դրամ, կուրսային 5-7 հազար դրամ եւ այսպես շարունակ: Գնացուցակները հասանելի են, կարող եք մտնել, տեսնել կամ էլ էջերով են հաշվում՝ ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800 և այլն, սա ուղղակի խայտառակություն է»:
Պատգամավորի հավաստմամբ, նաեւ այսպիսի դեպքեր են լինում` շատ ուսանողներ տանում են իրենց աշխատանքները պատճենահանելու, այդ կազմակերպությունները պահում են, հաջորդ ուսանողին վաճառում: Ինքը գիտե նման դեպք. «Հոգեբանության ֆակուլտետում նույն աշխատանքն այլ ուսանողի վրա վաճառել են»: Շատ երկրներ այս խնդիրը լուծելու համար, նման արարքը քրեականացրել են: Հովհաննես Հովհաննիսյանը համաձայն է կառավարության այն առարկության հետ, որ այս օրինագիծը չի լուծում խնդիրը վերջնական, այն դրվագային է: Ըստ նրա, լուծման վերջնական տարբերակը բուհերում է, որոնք պետք է ներդնեն համապատասխան համակարգեր`աշխատանքները նույնականացնող. «Այդ հարցը հնարավոր է լուծել մոտակա մեկ տարվա մեջ, եթե բուհերի ղեկավարները ցանկանան, այդ համակարգն այդքան էլ թանկ չէ, եւ ամեն բուհ կարող է իրեն թույլ տալ այդպես աշխատել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ