«Մենք կռիվ-կռիվ չենք խաղում, որ մերոնցական ու ձերոնցական լինեն: Բուհի խորհուրդն ինքը պետք է որոշի, դա բուհի ներքին խնդիրներն են: Եթե որոշվել է, որ պետք է շարունակի պաշտոնավարել մի մարդ, ով պետք է շարունակի դեգրադացնել բուհը, ապա բուհի ներքին խնդիրն է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն`անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հարցին:
Հիշեցնենք, ԵՊՀ խորհուրդը որոշեց`ռեկտորի պաշտոնում Արամ Սիմոնյանը պետք է շարունակի պաշտոնավարել:
Արայիկ Հարությունյանի համար խորհրդի որոշումը տարակուսելի չէ: Հիշեցնենք, եղան չքվեարկողներ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը: «Եթե ցանկանայինք մոնոլիտ խորհուրդներ ձեւավորել, այո, կլցնեինք ՔՊ-ականներով եւ մերոնցով եւ կունենայինք մոնոլիտ խորհուրդներ: Մենք չենք ուզում այդպես զարգացնել բուհերը: Բուհերի խորհուրդներում պետք է լինեն մարդիկ, որոնք ունենք իրենց կարծիքը, ովքեր բիզնեսի ներկայացուցիչ են եւ աշխատաշուկայի հետ կկապեն բուհը: Մեր հավատամքն ու սկզբունքը սա է`մարդիկ իրենք պետք է վերափոխվեն եւ իրենք պատասխանատու լինեն իրենց ընտրության համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի կողմից պրոռեկտորին աշխատանքից ազատելու հարցին:
ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը հեռացվել էր աշխատանքից`ռեկտորի հրամանով, անվստահության պատճառով: Պրոյեկտորը հստակեցրել էր`հեռացման պատճառն այն է, որ հանդիպում է ունեցել նախարարի հետ եւ ԵՊՀ ղեկավարությունը մտահոգություն է ունեցել, թե իրեն կարող են ռեկտոր նշանակել: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իր հետ պրոռեկտորը չի հանդիպել. «Ես պարոն Գեւորգյանին տեսել եմ մի քանի ամիս առաջ հոգեհանգիստներից մեկի ժամանակ: Դատարանն անկախ է, եւ պարոն Գևորգյանը կարող է իր իրավունքները վերականգնել դատարանի միջոցով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ