Գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումային ծրագրեր են նախապատրաստվում: Այս մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Նախարարը փակագծեր բացեց`ներկայացվում է բիզնես ներդրում թռչնաբուծության ոլորտում, որպեսզի կարողանանք ինքնաբավության մակարդակը բարձրացնել: Հայաստանում, ըստ նրա, այսօր հսկայական ծավալներով թռչնի միս է ներկրվում: Համանման ծրագիր նաեւ տավարաբուծության ոլորտում են իրականացնում. «Սուբսիդավորել ենք խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծումը 0-2%-ով: Սահմանամերձ գյուղերում սոցիալական աջակցություն ստացողները՝ 0 տոկոս, մնացածներում՝ 2%, բավական մեծ քանակի մասին է խոսքը, որպեսզի նաեւ ցեղը բարելավվի, եւ կարողանանք արդյունք ստանալ»:
Ըստ նախարարի պաշտոնակատարի, մեծ ծրագիր են ներկայացնելու նաեւ ջերմոցային տնտեսությունների ներդրման ֆինանսավորման, զարգացման համար: Արդյունքում` առնվազն 4 ուղղություններով՝ թռչնաբուծություն, ջերմոցային տնտեսություն, այգեգործություն, նաեւ ենթակառուցվածքների զարգացում, 10 մլն-ից ավելի ներդրումային փաթեթ են ներկայացնում:
Նախարարի պաշտոնակատարը հայտարարեց`վարելահողերից մոտավորապես 200,000 հա չի մշակվում. «Անդադար հավաքում եք տվյալներ, որպեսզի ավելի օբյեկտիվ տվյալներ տանք, բայց այստեղ կարեւոր է, թե մարդն ինչո՞ւ մշակի կամ չմշակի հողը. այնպես անենք, որ հողի մշակումը դառնա արդյունավետ»:
Նշյալ ծրագրերը հանձնարարված էին վարչապետի կողմից եւ արդեն ընթացքի մեջ են: «Գյուղացին սպասելու կարիք չունի, սեզոնին նախապատրաստված ենք մտել: Ջրի խնդիրն է գլխավոր խնդիրը, փորձում ենք Տարածքային կառավարման նախարարության գործընկերների հետ օպերատիվ լուծումներ տալ, որպեսզի գլխավոր խնդիրն էլ այս տարի հնարավորինս կարողանանք սեզոնին համահունչ իրականացնել»,-ասաց նա:
Հայաստանից արտահանումների հնարավորությունների եւ Հայաստան ներկրվող էժան բելառուսական մսի մասին նախարարի պաշտոնակատարի տեսակետը` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ