Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում գաղտնազերծեց ծրագրերից մեկը, որը վերաբերում է էլեկտրախնայողությանը։
«Հետաքրքրություն կա էներգետիկ ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Ես հիմա մի ծրագիր կներկայացնեմ, որը շատ կարևոր է բոլորիս համար, արդեն նույնիսկ անգլերենով ենք թարգմանել, որ ուղարկենք։ Էներգոէֆեկտիվ տեխնոլոգիաների կիրառումն է Գյումրի քաղաքում, կկարողանանք էներգախնայողություն անել՝ մեր արևային ուժը օգտագործելով․ մենք ունենք 273 արևային օրեր։
Ներդրողներ շատ կան, նույնիսկ բանկերն են ներդնում։ Հիմա մենք աշխատում ենք ՎԶԲ-ի հետ, այն ֆինանսավորելու է մոտ 50 տոկոսը, պայմանավորվածություն կա։ Ծրագրի արժեքն այս պահին 3 միլիարդ 34 միլիոն դրամ է, որից 50 տոկոսը ՎԶԲ-ը կտա։ Մի քանի օր առաջ ես Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպեցի, եթե դեսպանն էլ 25 տոկոսը տա, այսինքն, եթե 75 տոկոս ներդրում լինի, 25 տոկոսը համայնքը հաստատ կներդնի։
Մենք տարեկան մոտավորապես 188 միլիոն էլեկտրաէներգիային ենք մուծում, մենք 188 միլիոն մեր բյուջեից փոխանցում ենք էլցանցին, բայց եթե այս ծրագիրը լինում է, 7 տարվա ընթացքում մենք կարող ենք ուղղակի դուրս բերել այս ծախսերը, ու հնարավորություն կունենանք ևս 20 տարի մեր քաղաքը լուսավորել լրիվ ձրի, արտաքին լուսավորության մասին է խոսքը։ Մեր բոլոր ենթակառույցները՝ մանկապարտեզ, թանգարան, սպորտդպրոցները, ընդհուպ քաղաքապետարանի շենքը մոտավորապես կկարողանանք 20 տարի օգտագործել խնայողական էներգիայի հաշվին», -ասաց Սամվել Բալասանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ