Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի հարցից հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սամվել Բալասանյանի հետ

Մարտ 20,2019 17:37

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը բարձրաձայնեց Գյումրու փողոցների թեման՝ նշելով, որ չորս ամիս առաջ դարձյալ բարձրաձայնել էր այդ հարցը, այն ժամանակ փողոցների վիճակը վատ էր, հիմա ավելի վատ է․ փողոցները քանդվում են կառուցվելու նպատակով, սակայն չկա հստակ նախագիծ ու ժամանակացույց։ Վարչապետը խոստացել էր հեռախոսազրույց ունենալ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։

Այսօր Սամվել Բալասանյանը ևս մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով փողոցաշինության աշխատանքների մեկնարկից։ Քաղաքապետը ցույց տվեց, որ նեղված է այդ հարցից, չհամաձայնեց հարցադրման հետ։

«Չի կարելի ասել` վատ էր, հիմա ավելի վատ է, հետո ավելի վատ կլինի, փողոցները քանդել ենք, պարզ է, որ այդ քանդման ընթացքում եղել է տարբեր տեսակի անհանգստություն մեր ժողովրդի մոտ՝ կապված ցեխի, փոսերի հետ և այլնի հետ, բայց շինարարությունը, որը պիտի կատարվի, բնականաբար, այդ ընթացքում կլինի թոզ, ցեխ․․․

Ժողովրդին նաև կանհանգստացնենք, որի համար ես մի քանի անգամ ներողություն եմ խնդրել՝ հորդորելով լինել համբերատար, դրանք հետո լինելու են ամենագեղեցիկ փողոցները։ Եթե լավ աշխատանք ենք անում, պիտի օբյեկտիվ ներկայացնել։ Գյումրի քաղաքում նման ծրագրերը միանգամից չեն իրականացվում։ Ուղղակի ես խնդրում եմ, հարգելի՛ լրագրողներ, եղեք օբյեկտիվ, ինչ թերություններ կան բարձրացրեք, ինչը որ թերություն չէ, պետք է ճիշտը ներկայացնել»,- ասաց քաղաքապետը։

Նա տեղեկացրեց, որ քաղաքում կան 220 փողոցներ, սակայն իրենք չեն կարող մեկ տարվա ընթացքում վերանորոգել, ծրագրերով կարող են փողոցների 60 տոկոսն ասֆալտապատել։ Սամվել Բալասանյանն ասաց, որ փողոցաշինության առաջին փուլը սկսված է, հստակ կան ժամկետները։

«Մենք պետք է իրազեկենք մեր հասարակությանը, որ միանգամից հնարավոր չէ դնենք ու կախարդական փայտիկով ասենք ՝ փողոց դու սարքվի, փողոցը սարքելու համար անհրաժեշտ է մոտավորապես նվազագույնը մեկ տարի ժամանակ, մեր ծրագիրը երեք տարի է»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Ըստ Սամվել Բալասանյանի, ժամանակը հստակ ֆիքսված է, եթե որևէ շինարար չի կատարում իր պարտականությունները, ամեն օր տույժ ու տուգանքի է ենթարկվում, այդպիսին են միջազգային պայմանագրերի պահանջները։

«Մտահոգվելու կարիք չկա, հունիս ամսին մենք կվերջացնենք առաջին փուլը, երկրորդ փուլը մենք կվերջացնենք հաջորդ տարի հունիս ամսին, և երրորդ փուլը տնտեսված գումարներով մենք կկարողանանք անել վերջնական լուսավորությամբ, խնայողական լույսերով՝ 11 հազար 500 լույս ենք ունենալու քաղաքում, նաև մտածում ենք առանձին լույսեր տեղադրել բակերում»։

Սամվել Բալասանյանն ասաց, որ վարչապետը իրեն զանգահարել է․ առավոտյան են խոսել։

«Ասել եմ ամեն ինչ, ասել եմ, որ մամլո ասուլիս կտամ, մանրամասն կներկայացնեմ, ինչ հարցեր որ կան, լրագրողները թող տան, պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին, որպեսզի մեկնաբանություններն անելուց իրազեկված լինեն, հստակ չասեն՝ նախագիծ չկա, ժամանակացույցը չկա, վատ աշխատանք կա, լավ աշխատանք կա, էսպիսի աշխատանք չի եղել քաղաքում»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը։

Ըստ նրա, փողը կա, նախագծերը կան, ժամանակացույցը կա, պայմանագրերը կան, եթե որևէ մեկը թերանում է, թող պատասխան տա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031