Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատշաճ հիմնավորում չեմ տեսնում, թե ինչու պետք է պետական տուրքը բարձրանա հենց այս չափով». Արտակ Մանուկյան

Մարտ 20,2019 17:20

«Անարդարության սկզբունքը դա է, որ փոքր ու միջին ընկերությունները կանգնում են փակման շեմին: Սա տնտեսական հեղափոխությանը դեմ է, փոքր ու միջին բիզնեսը փակվելու է»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը հայտարարեց Գրավատնային գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Մհեր Գևորգյանը:

Գրավատների աշխատողներին և սեփականատերերի դժգոհությունն է առաջացրել այն, որ որոշվել է բարձրացնել պետական տուրքը: Նրանք պահանջում են հետ կանգնել պետական տուրքի բարձրացման նախագծից:

Մհեր Գևորգյանի համոզմամբ՝ նախ պետք էր շուկայի ուսումնասիրություն կատարել, հետո նման որոշում կայացնել: Մինչդեռ ըստ նրա՝ անգամ հանրային լսումներ չեն կազմակերպվել: Նա վրդովված է, որ այս նախագծի իրականացման հարցում որևէ լուրջ պատճառաբանություն չի ներկայացվել. «Միակ պատճառաբանությունը եղավ այն, որ պետությունը որոշել է երկու տոկոս շահութահարկից նվազեցման պատճառով 6-6.5 միլիարդ օժանդակություն է տրվում ֆինանսական դաշտին և երկու միլիարդը փորձում ենք հետ ստանալ: Ստացվեց, որ 4-4.5 միլիարդ էլ օգտվում ենք: Բայց հարց է, թե որ ընկերություններն են օգտվում»:

Մհեր Գևորգյանի համոզմամբ՝ այս որոշումից օգտվում են խոշոր վարկային կազմակերպություններն ու բանկերը: Մյուս կողմից նշեց. «Հայաստանում այսօր գործում է 128 գրավատուն, որից հնարավորություն կունենա վճարել այդքան պետտուրք 70-80 տոկոսը: Հարյուրավոր մարդիկ մնալու են գործազուրկ, և տարիներով ստեղծված բիզնեսները կփակվեն: Տուրքի այսպիսի բարձրացմամբ փորձում են ֆինանսական կայունացում ապահովել: Սակայն եթե հաշվի առնենք վերլուծությունները, որ գրավատները կես տոկոսից էլ քիչ մաս են կազմում, այդքան փոքր տոկոսը ինչպե՞ս կարող է ազդել երկրի ֆինանսական կայունացման վրա»:

Ըստ Մհեր Գևորգյանի՝ չի եղել որևէ քննարկում, լուրջ բացատրություն, թե ոնց կարող է փոքր ընկերության պետտուրքը բարձրանալ 60 անգամ և ստեղծել մի այնպիսի վիճակ, որ փոքր կազմակերպությունները ստիպված լինեն փակվել. «Տանում են խոշորացման. դա միանշանակ թե՛ տնտեսության, թե՛ նոր կառավարության հռչակման, տնտեսական հեղափոխության գաղափարներին հակառակ գործընթաց է: Այն գրավատունը, որը կփորձի բանկի հետ մրցակցել, կդատապարտվի փակման»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը քննարկման ընթացքում հայտարարեց՝ պատշաճ հիմնավորում իր համար ակնհայտ չէ, թե ինչու է պետական տուրքը բարձրանում հենց այս չափով. «Ես նայել եմ՝ 1997 թվականին է վերջին փոփոխությունը եղել: Եթե ուսումնասիրում ենք պետտուրքի մասնաբաժինը ձեր շահութաբերության մեջ, մոտ մեկ տոկոս է, իսկ առաջարկվող տարբերությունից հետո 47 տոկոսի կարգի է. էականորեն խնդիր կա: Մենք պետք է նախ հասկանանք՝ ինչ ռազմավարություն է, քանի որ այսպիսով ազդում ենք խաղացողների վարքագծի վրա: Մենք պետք է հասկանանք՝ եթե 60 անգամ ենք բարձրացնում, ինչ խաղացողներ են լինում, ինչ է լինում է, եթե 40 տոկոս ենք բարձրացնում, որն է էֆեկտը: Հիմա կյանքը զարգացել է, փոփոխման համար տարրեր կան, բայց պետտուրքի այն թվաքանակը, որ դրված է, բավական նվազեցնելու է այս ոլորտի գրավչությունը»:

Այնուհետև պատգամավորն ամփոփեց. «Պատշաճ հիմնավորում չեմ տեսնում, թե ինչու պետք է պետական տուրքը բարձրանա հենց այսքան չափով: Հենց այսքանի հիմնավորումն ինձ համար ակնհայտ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031