«Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ տպավորություն կա մշակույթի հատվածից, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել սրան»,- ՀՀ ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում անդրադառնալով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի զեկույցին` Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին, այսպիսի կարծիք հայտնեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Նա հորդորեց Նազենի Ղարիբյանին, թե լավ կլիներ գար ու լսեր սպորտի նախարարի զեկույցը, որտեղ հստակ թվեր ու կատարված գործողություններ էին ներկայացված:
Այնուհետև Մխիթար Հայրապետյանը որոշ մեջբերումներ կատարեց Նազենի Ղարիբյանի ներկայացրած զեկույցից. «Ասում եք՝ կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձանների քանդելու դեպքերը: Արդյոք համաձայն չե՞ք, որ սա չի համապատասխանում ձևաչափին: Արդյունավետ համարո՞ւմ եք այսօրինակ հայտարարությունները դնել տեքստի մեջ, որպես զեկույց ներկայացնել խորհրդարանին»:
Մխիթար Հայրապետյանը ևս մեկ օրինակ բերեց. «Նշում եք, որ ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Այսինքն՝ չեմ հասկանում, որովհետև իմ պատկերացմամբ մենք խոսում ենք, թե ինչ է արել մշակույթի նախարարությունը 2018-ին: Եթե այս ռեկորդային թվով գիրքը վաճառվել է, մշակույթի նախարարության կոնկրետ քաղաքականության մշակմա՞ն արդյունքում, պիտի խնդրեմ՝ մանրամասնեք: Նույնը վերաբերում է նաև թանգարաններ այցելությունների թվին»:
Նազենի Ղարիբյանը հայտարարեց, թե միանգամայն ընդունում է դիտողությունները, բայց միևնույն ժամանակ ասաց. «Սա ես մենակս չեմ գրել. սա մի տեքստ է, որը մշակվել է ոչ միայն նախարարության աշխատակազմի կողմից, այլև կառավարության անդամների. հետ է եկել, մշակվել և նաև դեբատներ են եղել այս առումով: Ամեն դեպքում ես ամբողջությամբ վերցնում եմ պատասխանատվությունը. որևէ խնդիր չունեմ: Իսկ թանգարանների այցելությունները վերաբերում են միայն մեր ենթակայության թանգարաններին: Հուշարձանների քանդման դեպքում հնարավոր է՝ ձևակերպումն այնքան էլ կատարողական չէ»:
Մխիթար Հայրապետյանն արձագանքեց՝ շատ գեղարվեստական և պոպուլիստական է: Նազենի Ղարիբյանն ընդունեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ