Ասում են՝ իրավիճակ է փոխվել, բայց արի ու տես, որ իրավիճակ չի փոխվել Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող «Փակ Շուկայի» 2-րդ հարկի Mon Cheri «բրենդային» կանացի խանութում: Երբ սպառողը ապրանք է գնում՝ նա իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքը ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության միջոցով:
Տուժած անձը փորձելով վերադարձնել ապրանքը՝ ստացել է բացասական պատասխան: Mon Cheri խանութի տնօրեն Գայանե Դանիելյանը պատճառաբանելով՝ ասաց, որ իրենց մոտ վերադարձ չի ընդունվում և դա իր խանութի կանոններն են: Զգեստը, որը ետ չի ընդունվել՝ գտնվել է 50% զեղչի տակ, այնինչ վրան եղել են հետքեր: Սպառողը մինչ գնելը բացատրել է, որ եթե հետքերը չանցնեն՝ այն վերադարձնելու է: Տնօրենն ակնարկել է, որ հետքերն անցողիկ են:
Չվերացած հետքերով զգեստը գնորդը փորձել է վերադարձնել, իսկ Գայանե Դանիելյանը մերժել է՝ սպառնալով, որ խանութից դուրս կհրավիրեն բռնի ուժով:
Արդարանալով՝ տնօրենը նաև շեշտել է, որ երբ զգեստը գտնվում է 50% զեղչի տակ՝ այն ետ չի ընդունվում բոլոր դեպքերում: Բայց ըստ օրենքով սահմանված կարգի՝ գնորդն իրավունք ունի հրաժարվել առքուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը, վաճառողն էլ իր հերթին իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը`դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ համանման հանգամանքների հետևանքով, ինչպես նաև անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելու հետ կապված իր կատարած ծախսը:
ՀՀ-ում չպետք է ոտնահարվեն սպառողի իրավունքներն ու անհարգալից վերաբերմունք ցուցադրվի նրա նկատմամբ: Յուրաքանչյուր սպառող պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները և չվախենալ տնօրենների «ոտնձգություններից»: Բոլոր դեպքերում՝ պահանջեք ՀԴՄ կտրոններ և թույլ մի տվեք, որպեսզի ոտնահարվեն Ձեր իրավունքները:
Ռուբինա ՍԱՐԳՍՅԱՆ