Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի պահեստարաններում գրեթե տեղ չկա. աշխատած միջուկային վառելիքը ՌԴ տեղափոխելու ուղիներ ենք փնտրում

Մարտ 20,2019 15:49

Այս պահին Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի պահեստարանները, որտեղ պահվում է աշխատած միջուկային վառելիքը, գրեթե լիքն են եւ այն երկրից հանելու խնդիր ունենք: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց «Արմատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը: Նա մասնակցում էր «Միջուկային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկմանը: Պարոն Պետրոսյանի խոսքով, աշխատած միջուկային վառելիքը պահվում է ՀԱԷԿ-ի տարածքում՝ ավազաններում ու չոր պահեստարաններում, ինչը, ըստ նրա, ճարահատյալ քայլ է, որովհետեւ նախկինում, աշխատած միջուկային վառելիքը արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն՝ վերամշակման:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը նշեց, որ վերջին անգամ աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից տեղափոխվել է 1989 թվականին՝ Ադրբեջանի տարածքով: Այսօր սակայն, այդ ճանապարհը չկա եւ այլընտրանքը Վրաստանով է:

Aravot.am-ի հետ զրույցում Արտյոմ Պետրոսյանն ասաց, որ ներկայումս նախնական քննարկումներ են տեղի ունենում՝ աշխատած միջուկային վառելիքը տեղափոխելու հնարավորությունները ուսումնասիրելու համար:

«Օդային ճանապարհով աշխատած միջուկային վառելիքի փոխադրում հնարավոր չէ իրականացնել, որոնք աշխատել են էներգետիկ ռեակտորներում: Միջազգային պրակտիկայում կան որոշակի փորձեր հետազոտական ռեակտորներում աշխատածը օդային ճանապարհով տեղափոխման: Սակայն դրանց ծավալները եւ ակտիվությունը շատ ավելի փոքր է, քան էներգետիկ ռեակտորինը: Վրաստանի հետ դեռ պայմանավորվածություն չունենք եւ քննարկում ենք տեխնիկական հնարավորությունները՝ արդյոք դա հնարավոր կլինի իրականացնել երկաթգծով, արդյոք ֆինանսապես նպատակահարմար է, տնտեսապես արդյունավետ է եւ այլն»:

Պարոն Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները, ե՞րբ էներգաբլոկը կսկսի աշխատել, շահագործման ժամկետը երկարաձգելու համար տրամադրված 300 միլիոն դոլարից որքա՞ն գումարն է արդեն ծախսվել:

Ի պատասխան, պարոն Պետրոսյանն ասաց, որ մոտ 180 միլիոն դոլարն արդեն ծախսվել է եւ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2019-20 թվականներին: Ասաց նաեւ, որ աշխատանքները ընթանում են սահմանված գրաֆիկով:

Քննարկմանը ներկա մասնագետները նշեցին, որ ՀԱԷԿ-ը տալիս է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մեկ երրորդը:
Միջոցառումը կազմակերպել էր «Ռոսատում» ընկերությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031