«Պարոն Մայիլյանն իր տեսակետն ասել է որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, որն ունի իր կողմից ընտրված իշխանություն, տեսակետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Մայիս Մայիլյանի վերջին հայտարարություններից մեկին, որ «Մադրիդյան սկզբունքներից» (Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային փաստաթուղթ) հրաժարվելու ժամանակն է, ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ «այդ առնչությամբ Մայիլյանի եւ ՀՀ իշխանությունների տեսակետներում հակասություններ կա՞ն», Աննա Նաղդալյանն այսպես պատասխանեց. «Հակասություն չկա, կան հարցեր…մենք մշտապես գործակցում ենք արցախյան գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարն արդեն իսկ հայտարարել է, որ դա այն հարցի շրջանակն է, որ շուրջ ՀՀ-ն երկխոսության մեջ է նաեւ արցախյան կողմի հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ