Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով փողոցաշինությունից, ներդրումներից, տարբեր ծրագրերից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր վերջին հեռախոսազրույցից։
Aravot.am-ը քաղաքապետից հետաքրքրվեց, թե օպերայի տարածքը սրճարաններից ազատելու սցենարը հնարավո՞ր է կիրառվի նաև Գյումրիում, որտեղ կանաչապատ տարածքները գրեթե ամբողջությամբ զավթված են օբյեկտատերերի կողմից։
«Անպայման, մենք փողոցներից 70 կրպակ ենք հանել, շատ բարդ բան էր, հավատացեք, աշխատող կրպակներ էին, բայց կարողացանք մեր բնակիչների հետ այդ հարցը լուծել, համոզել նրանց, որ այդ փողոցների վրա պետք է լինեն միայն կանգառներ, գեղեցիկ կանաչապատ տարածքներ։ Սա շատ կարևոր է, հատկապես եթե որևէ տուրիստ գալիս է կայարան, կայարանամերձ հրապարակով պիտի կարողանա հասնել Հայուհու հրապարակ։ Մենք կկարողանանք նաև այն խնդիրները, որոնք կան կուտակված Շահումյան փողոցի վրա, նույնպես լուծել, մի մտածեք։
Շահումյան փողոցը՝ Լաչինի միջանցքով մինչև Տերյան փողոց, մի խայտառակ իրավիճակում է։ «Թումոն» ծրագիր ունի, շուկան վերցրել է, պետք է սարքի, սարքելուց հետո մենք կունենանք այլընտրանք, և այլընտրանքի դեպքում ոնց որ հիմա արվում է Երևան քաղաքում օպերայի չորսբոլորը, կանենք։ Արդեն իսկ սկսել ենք, ծանուցել եմ, որ այդ խաժամուժը հանենք, որովհետև Շահումյանը հրապարակ մտնող ամենակարևոր ու ամենալայն փողոցն է։
Սա մեր քաղաքի կույրաղիքն է, մենք պիտի կարողանանք Լաչինի միջանցքը և ընդհանուր փողոցը ձերբազատել՝ չգիտեմ միրգ վաճառելուց․ բերում են Շահումյան փողոցի վրա իրենց բահերը ուղիղ կենտրոնի մեջտեղում ցուցադրում են, տարբեր տեսակի վեճ-վիճաբանություններ են լինում, ասում են՝ օրվա հացն եք կտրում և այլն։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ այլընտրանք, այդ դեպքում որևէ բնակիչ, որն այդտեղ առևտրով է զբաղվում, չի կարողանա ունենալ որևէ խոսակցություն։ Եթե մենք թույլ տանք, Ռիժկովի ճեմափողոցը դարձել էր նույն Լաչինի միջանցքը, ամեն օր կարելի է տեսել, որ նույն մարդը բերում է, իր կանաչիները ուզում է շարել, վաճառել, ամեն օր, ուշադրություն դարձրեք։ Եվ մենք փորձում ենք համոզել, որ գոնե այդ մարդը գնա Հաղթանակի պողոտայի վրա, Լաչինի միջանցքում ինչ-որ տեղ գտնի, իր կանաչին վաճառի։ Բարդ է», ասաց Սամվել Բալասանյանը։
Մեր հարցին, թե կգնա՞ք բախման նախկին իշխանավորների հետ, որպեսզի կանաչապատ տարածքներն ազատեք, չէ՞ որ նրանք ևս տեր են կանգնել այդ տարածքներին, Սամվել Բալասանյանն ասաց․ «Ճիշտն ասած օրենքի սահմաններում է, բախման պետք չէ գնալ, մենք օրենքով ենք աշխատում, անձերի հետ առանձնապես մենք խնդիր չունենք։ Իհարկե, կան խնդիրներ, նույնիսկ այգու մեջ սեփականշնորհված տարածքներ կան։ Հասկանում եմ ձեր ասածը, հիմա մենք «Թումոյին» ենք տրամադրել, «Թումոն» երևի թե օրենքի սահմաններում այդ հարցը կլուծի, որովհետև նրանց համար շատ կարևոր է միջավայրը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ