ՀՀ-ն հետեւողականորեն ձեռնարկելու է բոլոր քայլերը՝ ապահովելու վերջերս Ադրբեջանում քսան տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի (լուսանկարում) իրավունքներն ու ազատությունը, վերադարձը հայրենիք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Քայլեր ձեռնարկվում են, բայց այս պահին հրապարակային որեւէ բան չեմ կարող ասել: Երբ հնարավոր լինի գործընթացի մասին մանրամասներ հայտնել, կհայտնենք»,-նշեց Աննա Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է 2015թ.-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանին եւ 2017թ.-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին, Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ համապատասխան աշխատանքները կատարում են նաեւ նրանց խնդրի ուղղությամբ. «Պետք է ապահովվեն Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ