Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխանակման կետերի մոտ ութսուն տոկոսը փակման եզրին կկանգնեն». Արամայիս Խաչատրյան

Մարտ 20,2019 14:50

«Այսօրվա դրությամբ ՀՀ տարածքում գործում են 231 փոխանակման կետեր: Եթե պետտուրքը 3 անգամ բարձրանա, դրանց մոտ ութսուն տոկոսը փակման եզրին կկանգնեն»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը հայտարարեց Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ փոխանակման կետերի պետական տուրքը 6 անգամ բարձրանալու է և հայտարարեց. «Փոխանակման կետերը չեն կարող համարժեք մրցակցել բանկերի հետ: Պետական տուրքը նոր օրենքով նախատեսված է սահմանվել 350 հազար դրամ, իսկ նախկինում բանկի մասնաճյուղը պետտուրք չէր վճարում, բանկի գլխամասը 3 միլիոն դրամ պետտուրք էր վճարում, իսկ փոխանակման կետը վճարում էր 50 հազար դրամ տարեկան: Նոր օրենքի նախագծով բանկի գլխամասի պետտուրքը սահմանվել է 7 միլիոն դրամ, իսկ մասնաճյուղինը՝ 350 հազար դրամ: Եթե համեմատություն անենք, կողք կողքի աշխատող բանկի մասնաճյուղը, որը 15 և ավելի գործառույթ է իրականացնում և բոլորից եկամուտ ստանում, կողքն աշխատող փոխանակման կետը, որն ընդամենը բանկի մեկ գործառույթ է իրականացնում, հավասար մրցակցել չեն կարող, և փոխանակման կետը տարեկան 3 միլիոն դրամ պետական տուրք պետք է վճարի, իսկ բանկի մասնաճյուղը՝ տարեկան 350 հազար դրամ: Սա ոչ համաչափ է: Միգուցե հնարավոր է երկխոսության արդյունքում ելքեր գտնենք, բայց մինչ օրս կառավարությունը կամ Կենտրոնական բանկը մեզ հետ երկխոսության չի մտել»:

Արամայիս Խաչատրյանը տեղեկացրեց՝ միջին հաշվով փոխանակման կետերը Երևանում 10 միլիոն դրամի գումար են շրջանառում, իսկ մարզերում միջին հաշվով 3 միլիոն դրամ. «Եթե այդ տեսանկյունից նայենք, մեր ամսական եկամուտը 500.000 դրամի չափ է. աշխատավարձը և ծախսերը վճարելով՝ հաստատ չենք կարող ամսական կտրվածքով ևս 250 հազար դրամ պետական տուրք վճարել»:

Արամայիս Խաչատրյանը միևնույն ժամանակ նշեց, որ շահութաբերությունը 2.2 անգամ նվազել է՝ կախված երկրում մուտք եղող տրանսֆերտների հետ. «Տասը տարի առաջ շատ ավելի տրանսֆերտներ էր մտնում երկիր, իսկ հիմա ավելի քիչ, իսկ փոխանակման կետերը սպասարկում են հենց դրսից եկած հարյուր-երկու հարյուր դոլարները: Այդ գումարները բանկեր չեն մտնում, սպասարկվում են փոխանակման կետերում, և փոխանակման կետերն էլ ունեն իրենց մշտական հաճախորդները»:

Հարցին՝ մինչև այս նախաձեռնության առաջ քաշելը հանդիպե՞լ են իրենց հետ, Արամայիս Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ ոք մեզ հետ չի հանդիպել: Երբ բողոքի ցույցեր էին անում, մեզ հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, լսեց մեզ ու խոստացավ որոշակի ժամկետներում տեղեկացնել մեզ: Որոշ ժամանակ անց մեզ տեղեկացրեց, որ ԿԲ-ն մնացել է իր կարծիքին. ոչ մի փոփոխություն չի կատարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031