Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների իրավունքների պաշտպան. «Փաշինյանի` «Մռութներ, վաղվանից դասի կգնաք» արտահայտությունը Ավշարի դպրոցում չի աշխատի»

Մարտ 20,2019 14:43

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում կրքերը շարունակվում են լարված մնալ: Աշխատակազմն ու աշակերտությունը պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը, որն աշխատանքից ազատել է սիրված մանկավարժ եւ փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին ու փոխտնօրեն դարձրել մարզպետի բարեկամուհուն:

«Տնօրենը մեկ ժամվա ընթացքում կարողացել է ե՛ւ ուսուցիչներին ե՛ւ աշակերտներին, գործավարից սկսած բոլորին տրամադրել իր դեմ: Պետք է լինել հզոր կոնֆլիկտային մարդ, որ մեկ ժամվա ընթացքում 38 հոգանոց կոլեկտիվը կարողանաս տրամադրել քո դեմ»,-«Հենարան» ակումբում թեմայի շուրջ խոսելիս ասաց Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, մանկավարժ հոգեբան Արմինե Դավթյանը:

Նրա ձեւակերպմամբ, էթիկայի խախտում է թույլ տրվել, երբ աշակերտների ներկայությամբ նման հարցադրում է արել տնօրենը. «Ում չեք սիրում, ասեք, աշխատանքից ազատեմ»:

Մանրամասները` տեսանյութում

Տիկին Դավթյանը համարում է, որ տնօրենը ողջամիտ կգտնվի, եթե հեռանա, եւ այս պարագայում, նրա խոսքերով, Նիկոլ Փաշինյանի` Չարենցավանում արված՝ «Մռութներ վաղվանից դասի կգնաք» արտահայտությունը Ավշարի դպրոցում չի «աշխատի», այն չի կանգնեցնի դասադուլավորներին ու գործադուլավորներին:

Արմինե Դավթյանը նշում է, որ Ավշարի դպրոցի դեպքը տարածված երեւույթ է, սակայն մասնավոր է նրանով, որ ուսուցիչները համախմբված դուրս են եկել իրենց պահանջատիրական խնդիրը առաջ տանելու: Նա տարօրինակ է համարում նաեւ դպրոցը քաոսային իրավիճակում գտնվելով հանդերձ` այնտեղ աուդիտ իրականացնելը եւ մերժված տնօրենի` ոստիկանության ուղեկցությամբ դպրոց մտնելը:

Մանրամասները` տեսանյութում 

Նրա խոսքերով, մարդիկ դուրս են եկել, որպեսզի դպրոցները ապաքաղաքականացվեն, սակայն Ավշարի դպրոցի նորընտիր տնօրենը ազատված ուսմասվարի փոխարեն փոխտնօրեն է նշանակում մարզպետի բարեկամուհուն: Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահը փաստեց, որ տնօրենը փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին աշխատանքից ազատելուց առաջ նրան պետք է տեղեկացներ շուրջ 60 օր առաջ, քանի որ Մարտիրոսյանը մոտ 33 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մասնագետ է:

Մանրամասները` տեսանյութում

Բանախոսը համաձայն չէ շրջանառվող այն տեսակետի հետ, թե Ավշարի դպրոցի դեպքը անձնական մակարդակի հարց է: Նա ասում է, որ հարցը մասնագիտական, մարդկային ու էթիկական խնդիրների դաշտում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031