Նանե Ավանեսյան
ՄԱՀՀԻ XVII ժողովրդավարության դպրոցի շրջանավարտ
Անահիտ Բայանդուրի անվան առաջնորդության ակադեմիա
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրոս
Միջազգային ասպարեզում հայտնված Արցախյան հարցը կովկասյան տարածաշրջանի բարդ ու խճճված հակամարտություններից է, որի վրա ազդում են տարբեր աշխարհաքաղաքական գործոններ: Արցախյան հակամարտության դեպքում դրանցից առավել էականներն են առաջին կարգի ուժային կենտրոնների, մասնավորապես՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի շահերի բախումն Անդրկովկասյան տարածաշրջանում, Թուրքիայի պանթուրքական նկրտումները, Թուրքիայի և Իրանի շահերի բախումն Անդրկովկասում, Կասպից ծովի ընդերքի նավթային պաշարների և ապագա նավթամուղների համար պայքարը:
Առանձին-առանձին ներկայացնենք Արցախյան հակամարտության վրա ազդող գործոնները, այլ գործոնների հետ առնչությունները՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարներին դասակարգելով առաջին (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան) և երկրորդ (Թուրքիա, Իրան) կարգի ուժային կենտրոնների:
Թուրքիայի (թուրքական) գործոն: Տարածաշրջանում ու դրանից դուրս Թուրքիան և Իրանը շարունակում են իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնել Կովկասում և Միջին Ասիայում՝ անկախացած հանրապետությունների միջոցով:
Թուրքիան, հենվելով այն իրողության վրա, որ Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն էթնիկապես (ծագումնաբանական առումով) լեզվական, մշակութային, կրոնական (բացառությամբ ադրբեջանցիների, մյուսները պատկանում են իսլամի սուննի ճյուղին, ինչպես և իրենք` թուրքերը) ընդհանրություններ ունեն, փորձում է ներկայանալ որպես ընդօրինակելի պետականության տիպար, որտեղ մեծ վարպետությամբ համադրված են աշխարհիկ, ասել է թե եվրոպամետ և կրոնական գործոնները՝ ապահովելով դրանց համագոյակցությունը:
Վերոնշյալ պետությունների ղեկավարները ժամանակին հանդիպելով Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալին՝ վերջինիս անվանեցին «մեծ եղբայր»: Սակայն, ինչպես տեսնում ենք, վեց եղբայրների միավորմանն էլ հենց մեծապես խանգարում է Հայաստանը` արցախյան անլուծելի թնջուկով: Բնական է, որ Թուրքիան չի կարող միայնակ նման բարդ խնդիր լուծել, քանի որ այն շոշափում է և՛ տարածաշրջանում հարևան երկրների, և՛ Մեծ ութնյակի մեջ մտնող երկրների շահերը: Թերևս Թուրքիայի հետապնդած այս նպատակի մասին են վկայում ոչ միայն նրա վարած քաղաքականության մեջ նեոօսմանականության դրսևորումները, նաև թյուրքալեզու ժողովուրդների ու պետությունների ռազմա-քաղաքական, տնտեսական ու ազատ առևտրի տարածքներ ստեղծելու նկրտումները:
Իրանի գործոն: Եթե Թուրքիայի շահերը տանում են դեպի թյուրքախոս պետությունների ու ժողովուրդների աշխարհ (համաթուրանական ծրագիրը), ապա նույնը չի կարելի ասել Իրանի մասին: Չնայած այն հանգամանքին, որ Իրանը մոտ 500 մլն դոլարի վարկ է տրամադրել նույն հանրապետություններին, նկատելի է դառնում, որ նա չի կարող ունենալ իրական լծակներ այդ ժողովուրդների վրա իր ազդեցությունն ամրապնդելու համար: Նրա հիմնական զենքը մահմեդականության գործոնն է: Ըստ էության, Իրանին այդ հանրապետությունների հետ կապող միակ գործոնն իսլամն է: Իրանի նպատակն է իսլամական ֆունդամենտալիզմի միջոցով գրավել այդ հանրապետությունների ժողովուրդներին, որոնք խորհրդային շրջանում որոշ չափով ապաիսլամացել էին: Այսինքն` Իրանն այդ ճանապարհով իր ազդեցությունն է փորձում տարածել այդ պետությունների վրա, ինչը, անխոս, կհանգեցնի Թուրքիայի ներգրավվածության նվազեցմանը: Թուրքիայի և այդ պետությունների թեկուզև կոնֆեդերատիվ բնույթի միավորումն իսկ նշանակում է համաթուրանականության (պանթուրքիզմի) գաղափարախոսության առարկայացում մինչև Տիբեթի բարձրավանդակ: Իրանը հստակ գիտակցում է, որ համաթուրանականության հնարավոր հաղթարշավի պայմաններում կվտանգվի իր տարածքային ամբողջականությունը (ի դեպ, Միջին Ասիայում էթնիկական առումով միայն Տաջիկստանն է, որ կարող է հարել Իրանին), ինչպես նաև՝ թյուրքական օղակի արդյունքում կհայտնվի մեկուսացման մեջ, հատկապես Անդրկովկասով դեպի Արևելյան Եվրոպայի հետ առևտրատնտեսական կապեր հաստատելու առումով: Ահա հենց այդտեղ է, որ Իրանը կենսական շահեր է ձեռք բերում Կովկասում՝ ի դեմս Ադրբեջանի և Հայաստանի, նաև Վրաստանի տարածքով կարող է կապեր հաստատել Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ:
Ռուսաստանի գործոն: Համեմատության մեջ պետք է ընդգծել, որ Ռուսաստանի դերակատարումը Հայաստանի համար առանձնանում է. նա Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերն է: Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը բազմապատկելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով: Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ ստացան ՀԱՊԿ, այնուհետև ԵԱՏՄ համագործակցությունների շրջանակում:
Արցախյան հակամարտության առկայությունը, այսպես ասած, ձեռնտու է մեծ պետություններին, նախևառաջ հակամարտ երկրների նկատմամբ ազդեցության լծակներ ունենալու տեսանկյունից: Այս համատեքստում Ռուսաստանը ևս անմասն չէ հակամարտության զարգացման գործընթացներից: Գիտակցելով, որ Ռուսաստանը և’ Ադրբեջանի, և’ Հայաստանի նկատմամբ ունի որոշակի նկրտումներ, հայկական կողմը Ռուսաստանի հետ համագործակցությունների շրջանակում պետք է առավելագույնս պահպանի և ամրապնդի բարիդրացիական հարաբերությունները: Մեր կարծիքով՝ հակամարտության հնարավոր լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ռուսաստանը ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազամավարական մեխանիզմի արդյունքում Ադրբեջանին զսպող ուժերից մեկն է լինելու:
Արևմուտքի (ԱՄՆ, Եվրոպա) գործոն: ԽՍՀՄ փլուզումից ու Պարսից Ծոցի պատերազմից հետո ԱՄՆ-ի դիրքերն աշխարհում բավական ամրապնդվեցին որպես գերտերություն: Միաժամանակ, Ծոցի պատերազմի ընթացքում Թուրքիայի մատուցած ծառայությունների շնորհիվ ԱՄՆ-ի և Թուրքիայի, իբրև ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի հարավային թևի «հարվածող ուժի», դաշնակցային կապերը դրվեցին նոր հիմքերի վրա: Այդ նույն շրջանում, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական զինված ուժերն արդյունավետ հակահարձակման արդյունքում ճեղքում ու տարածքային լրջագույն նվաճումներ արձանագրեցին, դա լրջորեն անհանգստացրեց Թուրքիային: Եթե մինչ այդ վերջինս բազմիցս հայտարարել էր իր չեզոքության մասին, անգամ առաջիններից մեկն էր ճանաչել Հայաստանի անկախությունը, հայկական կողմի տարածքային առաջխաղացումներին զուգընթաց անցում կատարեց դեպի հակահայկական դրսևորումներ՝ ընդհուպ միակողմանիորեն փակելով Հայաստանի հետ սահմանն ու միանալով Հայաստանը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությանը: Թուրքիային առաջնահերթ մտահոգեց, որ Արցախի ազատագրումը չի կարող չշոշափել նաև իր շահերը, քանի որ խոշոր առումով այն Հայ դատի բաղկացուցիչն է: Մինչ այդ Անկարան անգամ փորձում էր աշխարհին համոզել, որ ինքը կարող է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում հանդես գալ որպես անաչառ միջնորդ:
Վերջին տասնամյակում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական ու տնտեսական հարաբերությունները “Մեկ ազգ, երկու պետություն” հայեցակարգի ներքո ավելի են մեծացրել նրանց ընդհանրությունները, այդ թվում Արցախի հակամարտության լուծման հարցում՝ Անկարային վերածելով Բաքվի մեծ եղբոր: Սակայն, եթե նախկինում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սերտության պայմաններում ռիսկ կար, որ ԱՄՆ-ի շահերն էլ Արցախյան հարցում կարող էին ենթարկվել աշխարհաքաղաքական նպատակահարմարություններին, ապա վերջին տարիների միտումները նվազեցրել են դրանք. Սիրիական ճգնաժամն ու դրանում Անկարայի հետապնդած նպատակները, այդ թվում՝ քրդական գործոնի շուրջ Վաշինգտոնի ու Անկարայի տարաձայնությունները, զուգահեռաբար՝ Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ ավտորիտարիզմի խորացող միտումները, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ նեոօսմանականության տարրերը բավական մեծ լարվածություն են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Անկարան ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում, փորձում է ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել ու խուսանավել ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան տարաձայնություններում:
Ադրբեջանի մեծացած «ախորժակը»: Հայկական կողմի դիրքավորման ու ռազմավարության իրացման համատեքստում տեղին է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի քաղաքական շահերը, այլ նաև նրա հավակնությունները, որոնք այդ երկիրը չի թաքցնում հատկապես վերջին տասնամյակներում: «Միասնական Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպության հրատարակած գրքույկում (լույս է տեսել 90-ականների սկզբին) կարելի է հանդիպել «Միացյալ և Մեծ Ադրբեջանի» երևակայական ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել մասնավորապես Իրանի ու Հայաստանի հաշվին: Ըստ այդ ծրագրի ու կազմված քարտեզի` Հյուսիսային Իրանի մի հսկայական տարածք կազմում են Մեծ Ադրբեջանի հարավային շրջանները: Թավրիզը հայտնվել է երազային Ադրբեջանի ուղիղ կենտրոնում: Լենքորանից մինչև հարավ-արևելյան ծովեզերքը ճիշտ այնքան է, որքան Լենքորանից մինչև Բաքու: Ուրմիա լիճն ամբողջությամբ Ադրբեջանի մեջ է: Ըստ այդ քարտեզի՝ Ադրբեջանի հյուսիս-արևելյան սահմանը ներկայիս Իրան-Թուրքիա սահմանն է, որը, ձգվելով դեպի հարավ, իր մեջ է առնում Քերմանշահը, անցնում է Հայաստանի հարավով, ապա ուղղվում է դեպի հյուսիս-արևելք և հասնում մինչև Կասպից ծովի ափ: Հյուսիս-արևմուտքում Մեծ Ադրբեջանի մեջ են Զանգեզուրը, Վայքը, Վարդենիսի ու Մարտունու շրջանները:
Գրքույկի շարադրանքում ադրբեջանական սլաքները նախ ուղղված են Իրանի դեմ: Այն ընդհուպ ներկայացված է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: «Իրանը մեր թշնամիների բարեկամն է և մեր բարեկամների թշնամին», – գրվում է գրքույկում, – «նա ձգտում է ոչնչացնել ադրբեջանական հոգևոր և նյութական արժեքները: Եվ ափսոս է, որ այդ կեղտոտ նպատակներն իրագործելու համար օգտվում է մեր սուրբ հավատից», – նշվում է գրքույկում: Հեղինակները, թշնամիներին բարեկամ ասելով, իհարկե, նկատի ունեն հայերին և բարեկամներ ասելով` նկատի ունեն թուրքերին: Ըստ գրքույկի հեղինակների՝ Իրանի ղեկավարները չարաշահում են ադրբեջանցիների եղբայրությունը և ձգտում են Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական կառույցն ուժասպառ անել իրենց իմպերիալիստական նպատակներին հասնելու համար: Հեղինակները գրում են, որ, երբ 1991թ. Ռուսաստանի և Իրանի օժանդակությամբ Հայաստանն Ադրբեջանի հողերի վրա հարձակում սկսեց, Թավրիզի հայկական եկեղեցում կազմակերպեց «Օգնություն Հայաստանին» միջոցառում, և դրա շրջանակներում հավաքվեց 18 միլիոն դոլար: Այդ գումարն Իրանի կենտրոնական բանկի միջոցով ուղարկվեց Փարիզի բանկ, նրանով զենք գնվեց և ուղարկվեց Ղարաբաղ:
Գրքույկում անտեսված չէ զուտ հայկական թեմատիկան: Ուշագրավ, բայց ոչ ամենևին օրիգինալ բացատրություն է տրված Մեծ Եղեռնին: Հետևելով իրենց ավագ եղբորը՝ Միացյալ Ադրբեջանի կողմնակիցներն այսպես են խեղաթյուրում պատմական իրողությունը. 1915թ. ռուսների հետ դաշնակցած՝ հայերն ապստամբություն էին բարձրացրել թուրքերի դեմ: Թուրքերին հաջողվեց ճնշել այդ ապստամբությունը: Հայերը հիմա տոն են համարում այն և ամեն տարի նշում են: Իր տարածքային ամբողջականության պաշտպանությամբ հանդես եկող Ադրբեջանը դեմ չէ նաև ի հաշիվ հարևանների ընդլայնել իր սահմանները:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Հակամարտության աշխարհաքաղաքական ասպեկտի մասին խոսելիս հարկ է ընդգծել, որ աշխարհաքաղաքական հակասությունների հորձանուտում ներգրավվում են առաջին հերթին այն երկրները, որոնք ունեն կա՛մ չափազանց անբարենպաստ, կա՛մ շատ բարենպաստ աշխարհաքաղաքական դիրք և բնական հարստություններ: Թերևս Արցախյան հակամարտության բռնկման ու կարգավորման հարցում անհնար է շրջանցել բուն տարածաշրջանի ու հակամարտության կողմ հանդիսացող երկրների ռազմավարական կարևորությունը շահագրգիռ պետությունների ու տերությունների համար:
Որքան էլ համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող հակասական տեղաշարժերը քաոսայնություն են մտցնում աշխարհաքաղաքական զարգացումներում, մյուս կողմից էլ դրանցում հիմնական խաղացողների շահերի հստակեցումն ու դրանց մասին բավարար պատկերացումը թույլ են տալիս որոշակի մոտավորությամբ ուրվագծել հնարավոր դիպաշարերն ու զարգացումները:
Արցախյան հակամարտության վրա ազդող տեղական և արտաքին գործոններից Արցախի և Հայաստանի համար միանշանակ նպաստավոր են տեղական գործոնները, այն է` պատմական, տնտեսական, ազգային-էթնիկական, բնակչության կամք և այլն: Արցախյան հակամարտության մեջ վերը նշված դերակատարների (առաջին և երկրորդ կարգի ուժային կենտրոններ) շահադրդումները տարբեր են: Ընդհանուր առմամբ, առաջինների դեպքում դրանք հակասական են, երկրորդների դեպքում` փոխզսպող: Հակամարտող կողմերը` Արցախը/Հայաստանը և Ադրբեջանը, իրենց հերթին, խիստ ընդգծված ու տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ են արտահայտում. հայկական կողմն ազատագրված հայրենիքը պաշտպանելու աներկբա մոտիվացիա ու վճռականություն ունի, իսկ ադրբեջանական կողմը՝ անասելի մեծացած տարածքային հավակնություններ ու սադրիչ, միլիտարիստական ռազմավարություն: Այս պարագայում ավելի քան կարևոր է բանակցային առողջ միջավայրի ձևավորումը, հարցի կարգավորման հեռանկարը քննարկումային հարթակ տեղափոխելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի` միջնորդական առաքելության ինտենսիվացումը:
Նման բարդ խճանկարում հայ ժողովրդից, նրա իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից պահանջվում է առաջին հերթին միավորել բոլոր միջոցներն ու ռեսուրսներն ավելի միասնաբար պաշտպանելու ռազմավարական նպատակների իրականացման բանալի հանդիսացող Արցախը:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)