Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու գործընթացի մասին ՀՀ ԱԳՆ-ն հանրությանը լրացուցիչ տեղյակ կպահի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ չհստակեցնելով Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հնարավոր ժամկետները:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվո՞ւմ է այցելել Իսրայել: «Մենք Իսրայելի հետ ունենք ձեւավորված օրակարգ, որի մասն են այցելությունները: Երբ հստակեցում լինի, կհայտարարենք համաձայնեցված կարգով»,-նշեց Աննա Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Իսրայել լարված հարաբերություններին եւ այդ համատեքստում նաեւ Հայոց ցեղասպանության հարցի շահարկմանը, Աննա Նաղդալյանն ընդգծեց. «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունն անհերքելի փաստ է, որի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը նախեւառաջ բարոյական պատասխանատվություն է: Ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը համամարդկային արժեքների գերակայությունն է: Այդ ամենը պետք է զերծ լինի ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից: Պետք չէ երկկողմ ընթացակարգ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա»:
Աննա Նաղդալյանի խոսքով՝ ՀՀ-ի համար անընդունելի է ցեղասպանության հարցի շահարկումը՝ Թուրքիայի հետ լարվածության համատեքստում. «Ճանաչումը եւ դատապարտումը բարոյական հարթակում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ