Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Համայնքների խոշորացումը եղել է քաղաքական նպատակահարմարությամբ, վաղօրոք իմացել են ովքեր են լինելու համայնքի ղեկավարները»

Մարտ 20,2019 14:09

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ համայնքների խոշորացմանը: Նա ասաց, որ այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ. «Օբյեկտիվն այն է, որ հաճախ ունեցած խոշորացումները տեղի են ունեցել քաղաքական նպատակահարմարությունները հաշվի առնելով: Այնուամենայնիվ, փաստ է, որ այսօր խոշորացման օբյեկտիվ խնդիրներից խոսելուց զատ, բարձրաձայնվում է նաեւ մեկ խնդիր, որը սուբյեկտիվ է: Այսինքն, նախկին իշխանավորները, համայնքապետերը, որոնք 10-20, ընդհուպ 30 տարի պաշտոնավարել են, հիմա դժգոհ մնալով իրենց կարգավիճակից՝ չունեն այն կարգավիճակը, որը նախկինում ունեին, փորձում են քաղաքական նոր իրողություններն օգտագործել ի շահ իրենց: Այս ամենի մասին մենք տեղեկատվություն ստանում ենք, խաղում են հանրային զգացմունքների վրա: Մենք պետք է հանրության հետ շփվենք եւ ներկայացնենք իրականությունը: Այո, մենք պետք է լսենք նաեւ իրական պրոբլեմները: Բայց երբ խոսում ենք, որ համայնքները պիտի համաձայն լինեն, մենք չենք խոսում համայնքապետերի համաձայնության մասին, մենք խոսում ենք հանրության եւ քաղաքացու համաձայնության մասին, մենք չենք խոսում ազգերի կամ կլանների համաձայնության մասին»:

Այստեղ, ըստ Պապիկյանի, պետք է լինի տնտեսական հաշվարկ, եւ պետք է քաղաքացուն ներկայացնեն, թե՝ ինչ է շահում քաղաքացին խոշորացումից, իսկ քաղաքացին պետք է ներկայացնի, թե ինչպես է տուժում համայնքն ու քաղաքացին:

«Այս ամենի արդյունքում, անհրաժեշտության դեպքում, հանրային լսումներից զատ, մենք կունենանք տեղական հանրաքվեներ: Ի դեպ, տեղական հանրաքվեների մասին օրենքում առաջիկայում Ազգային ժողովի տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հանձնաժողովը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն թույլ կտա մեզ հանրային լոկալ դժգոհությունները լուծել տեղական հանրաքվեների միջոցով»,-ասաց նախարարը:

Նա օրինակ բերեց, որ այսօր սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ակնհայտ է դառնում, որ փոքր համայնքը, որը կախված է պետությունից ու մշտապես սպասում է պետությունից տրվող դոտացիային, ի վիճակի չէ հոգալ սեփական խնդիրները.«Այս պարագայում ինչպե՞ս մենք կարող ենք խոսել այն մասին, որ համայնքն ինքնուրույն է, որ պետք է Հայաստանում ապակենտրոն կառավարում իրականացվի: Մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ: Երբ մենք կունենանք տնտեսապես եւ նաեւ մասնագիտորեն պատրաստ թիմեր տեղերում, այդ ժամանակ մենք կարող ենք մարզպետարանի շատ լիազորություններ պատվիրակել մեր համայնքներին»:

Նախարարի դիտարկմամբ՝ խոշորացման գործընթացում հիմնական խնդիրն աշխարհագրորեն սխալ միավորումներն են.«Որովհետեւ դա, կրկնում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որ վաղօրոք իմացել են ովքեր են լինելու համայնքի ղեկավարները, ու համայնքապետերի միջեւ կոմպրոմիս է եղել, որ դուք կշարունակեք լինել վարչական ղեկավարներ, այսինչը, որը շատ ավելի հաճելի է իշխանությանը, պետք է ղեկավարի համայնքը: Խոշորացումը տեղի չի ունեցել այնպես, ինչպես պետք է, եւ սա մի օր գուցե վերանայման կարիք ունենար: Բայց մենք չենք կարող անընդհատ գնանք վերանայումների: Եթե սխալներ ենք արձանագրել, սպասենք վերջնական արդյունքին, եւ ըստ այդմ անենք եզրահանգումներ: Կարճաժամկետ եզրահանգումները պետական կառավարման համակարգում հղի են վտանգներով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031