Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդի գրավումից հետո «հրեշտակների գումարտակի» հրամանատարի պայուսակում 1 միլիոն դրամ է հայտնաբերվել

Մարտ 20,2019 13:47

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց Ոստիկանության գնդապետ Հրայր Հայրապետյանը (լուսանկարում), որը 2016թ. եղել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը: Նա դատարանին հայտնեց՝ գնդի տարածք է մտել օգոստոսի չորսին, երբ զինված խումբն արդեն հանձնված է եղել, եւ մուտք է գործել իր աշխատասենյակ: «Այն թափթփված էր: Ունեցել եմ հեռախոսաքարտեր, կրիչ, եւ ամենակարեւորը՝ 336 հազար դրամ, որը «02» շաբաթաթերթի գումարն էր՝ նախատեսված ծառայողների համար: Իսկ երկաթե պահարանում եղել են փաստաթղթեր, նաեւ՝ անվանական ատրճանակ, լապտեր: Հետո տեղեկացա, որ դրանք հայտնաբերվել են գնդի շենքերից մեկում»,-պատմեց Հրայր Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է գումարին, նա ասաց, որ գույքային պահանջ ունի:

Հայրապետյանի փոխանցմամբ՝ հետագայում իրավապահները լազերային հրաձգարանում մի քանի երկաթե պահարաններ են հայտնաբերել, որոնց թվում Հրայր Հայրապետյանը ճանաչել է իրենը. «Վերեւի դուռը կոտրած էր, ներքեւինը՝ ոչ: Բանալիով այն բացել եմ: Կար կտորից պայուսակ, մեջը՝ սկոտչով փաթաթած գումար»: Ըստ Հրայր Հայրապետյանին՝ իրավապահներն իրեն տեղեկացրել են, որ գումարը կազմել է մեկ միլիոն 116 հազար դրամ, եւ դա եղել է ոստիկան Գեղամ Խաչատրյանի (հայտնի որպես «հրեշտակների» գումարտակի հրամանատար) պայուսակը: «Իմ տեղեկություններով՝ նրա գումարն ավելի շատ է եղել»,-հավելեց Հրայր Հայրապետյանը:

Տեղեկացնենք, որ Գեղամ Խաչատրյանն այս գործով եւս տուժող է: Ըստ քրեական գործի՝ համացանցում հասանելի նյութերի՝ Գեղամ Խաչատրյանն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ զննության ընթացքում գնդի հրաձգարանում հայտնաբերվել է իր կապույտ պայուսակը, որը մինչ այդ եղել է իր աշխատասենյակում: Այդ պայուսակում, ըստ Գեղամ Խաչատրյանի, հայտնաբերվել է մոտ 1.000.000 ՀՀ դրամ եւ 116.000 ՀՀ դրամ: Գեղամ Խաչատրյանը նշել է, որ իր աշխատասենյակից իրեն պատկանող գումարներն անհետացել են, իսկ ահա նշյալ գումարները՝ հայտնվել իր պայուսակում, որում նաեւ նոթատետր է եղել ինչ-ինչ գումարների չափի մասին գրություններով, որոնցից ինքը տեղյակ չէ:

Մեղադրյալներից Վարուժան Ավետիսյանը Հրայր Հայրապետյանին հարցրեց՝ «Տեղյա՞կ էիք, որ գնդի որոշ սենյակներում առկա են եղել պոռնոգրաֆիկ նյութերով կրիչներ, թրաֆիքինգի համար նախատեսված կանանց ցուցակ»: Հրայր Հայրապետյանը բացասական պատասխան տվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031