Ադրբեջանը, բնականաբար, չի կարող համաձայնել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխությանը. հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Նովրուզ բայրամի» առիթով բնակչությանն ուղղված ուղերձում:
«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այդ հակամարտությունը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է Ալիևը:
Նա հերթական անգամ հայտարարել է , որ «Լեռնային Ղարաբաղը մեր պատմական հողն է», և որ «հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»:
«Ինչպես ձեզ հայտնի է, հայկական կողմը հարց է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխության վերաբերյալ: Սակայն Ադրբեջանը, բնականաբար, դա չի կարող ընդունել: Միաժամանակ, Մինսկի խմբի համանախագահ-երկրները՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները, հանդես են եկել լուրջ հայտարարությամբ՝ նշելով, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այսինքն, դա միանշանակ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դիրքորոշումն էլ ավելի մեծ աջակցություն կստանա»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը մի կողմից նշել է, որ հակամարտության կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության, մյուս կողմից հայտարարել է, որ իրենք շարունակում են ավելացնել իրենց ռազմական ուժը:
«Անցյալ տարի տեղի ունեցած երկու ռազմական շքերթները ցույց տվեցին աշխարհին մեր ռազմական ուժը: Այս տարի և հաջորդ տարիներին մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ բանակաշինարարության համար: Վերակառուցվել է, կարելի է ասել, մեր զորամասերի բացարձակ մեծամասնությունը: Ադրբեջանական բանակը հագեցվում է ամենաժամանակակից տեխնիկայով, և մեր մարտունակությունն օրեցօր աճում է»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ