2011թ. հունվարի 14-ին հանդես գալով մամուլի ասուլիսում՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ գոյություն ունի կարգավորման երեք սկզբունք.
– ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում,
– ինքնորոշման իրավունք,
– տարածքային ամբողջականություն։
Նալբանդյանը նշել էր նաեւ վեց տարր, որոնք առաջարկվել են կողմերին միջնորդ երկրների կողմից.
1. Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան,
2. մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ,
3. պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը,
4. բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձը անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումից հետո,
5. անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահների ներկայություն,
6. տարածքների վերադարձ։
Նալբանդյանը նշել էր, որ վերջին տարրը չի հստակեցնում, թե ինչ տարածքների մասին է խոսքը։
Հակամարտության կարգավորման այս սկզբունքների եւ տարրերի մասին բազմիցս խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, համանախագահ երկրների նախագահներն իրենց հայտարարություններում։ Բավական է հիշել Լ՚Աքվիլլայի, Հանթսվիլի հայտարարությունները։
Եվ հետաքրքիր է, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, թե այս ուղղությամբ տեղեկատվություն ստանալու առումով շատերի հետ է զրուցում եւ զրուցել, վարչապետ դառնալուց հետո հանդիպել էր հենց Էդվարդ Նալբանդյանին։ «Ես նոր մարդ եմ բանակցություններում, ես ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ։ Վարչապետ ընտրվելուց հետո արտաքին գործերի նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մենք խնդրել ենք, որ նա գա եւ որոշակի տեղեկություններ հաղորդի, եւ այս գործընթացը շարունակվում է։ Ես՝ որպես նոր մարդ բանակցություններում, ունեմ բազմաթիվ հարցեր բոլորին եւ նույնիսկ երկրների ղեկավարների հետ այդպիսի հարցեր եմ քննարկում։ Այն, ինչի մասին խոսում ենք, ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն»,-ընդգծել էր վարչապետը։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում