Կառավարությունը նախաձեռնում է տեղական հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարել, որից հետո համայնքի բնակիչները կկարողանան իրենց վերաբերմունքն արտահայտել համայնքապետի նկատմամբ՝ նա պե՞տք է շարունակի պաշտոնավարել, թե՝ ոչ: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով որոշ համայնքներում գյուղապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերին:
Համայնքապետի նկատմամբ վերաբերմունքն արտահայտելու միջոցն, ըստ Պապիկյանի, պետք է լինի օրենքով. «Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին ակնկալիք չունենան, որ իշխանությունները պետք է իրենց իրավասությունից դուրս որեւէ քայլ կատարեն: Հայաստանի հանրապետությունում բոլոր քաղաքացիները պաշտպանված են օրենքով՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ նրանից, թե երբ են պաշտոնավարել: Այսինքն, այստեղ չի լինելու քաղաքական հաշվեհարդար: Եթե այդ ընթացքում նաեւ մեզ են փնովում, եւ այն ակնկալիքները, որ հանրության կողմից կան, որ կենտրոնական իշխանությունները պետք է օգտագործեն գործիքներ, որոնց իրավունքը չունեն, ես պետք է հիասթափեցնեմ՝ Հայաստանի հանրապետությունում գործում է Սահմանադրությունը եւ օրենքները: Յուրաքանչյուր պաշտոնյա իր գործողությունները պետք է բխեցնի դրանցից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ