Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետներից մեկի աշխատանքային գրքույկի առաջին գրառումը մարզպետի պաշտոնն է. «Հրապարակ»

Մարտ 20,2019 12:51

Ծանոթանալով նոր կառավարության մարզպետների կենսագրությանը՝ կարելի է հասկանալ, թե որտեղ է նրանց ձախողումների պատճառը. նրանցից շատերը չունեն համապատասխան աշխատանքային փորձառություն։ Անգամ մարզպետներից մեկի աշխատանքային գրքույկի առաջին գրառումը մարզպետի պաշտոնն է։ Թեեւ նրանք ունեն բարձրագույն կրթություն, բայց պրակտիկ գիտելիքներ ոմանք չունեն, իսկ դա ոչ պակաս կարեւոր է այնպիսի բարդ ոլորտ ղեկավարելու համար, ինչպիսին է մարզը։

Արմավիրի 27-ամյա մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ոչ հարուստ կենսագրությունը հիմնականում կապված է արտերկրի հետ։ Ծնվել է Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո, մինչեւ 2016-ն ապրել եւ աշխատել է Հայաստանից դուրս. 6 տարի կրթություն է ստացել ԱՄՆ-ում, այնուհետեւ աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում նախ որպես շուկայի պատասխանատու, այնուհետեւ՝ որպես Դոնեցկում ՀՀ հյուպատոսի խորհրդական։ 2016-ին վերադարձել է Հայաստան եւ աշխատել Ամերիկյան համալսարանում՝ որպես ֆակուլտետի կառավարիչ եւ կրթության գծով խորհրդական։ Իսկ 2018-ի հոկտեմբերին նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Նրա կենսագրականում նշված աշխատանքները որեւէ առնչություն չունեն ո՛չ հայաստանյան համայնքների, ո՛չ էլ, առավել եւս, մարզերի հետ։

Մաթեւոսյանը մինչ մարզպետ նշանակվելը ծանոթ չէր հայաստանյան ներքին կյանքին, նրա խնդիրներին, մարզերի առանձնահատկություններին։ Ուստի պատահական չէ, որ արմավիրցիները նրան համարում են ոչ յուրային՝ դրսից եկած մարդ, եւ որեւէ խնդիր ունենալու դեպքում բողոքի ակցիաներ են անում, ճանապարհ փակում, որպեսզի իրենց խոսքը միանգամից հասնի Փաշինյանին։ Նրանք մարզպետի հետ հույսեր չեն կապում։

Արարատի մարզպետի անունն ամենաշատն է հիշատակվում մամուլում եւ համացանցում։ 31-ամյա Գարիկ Սարգսյանը մինչեւ մարզպետ նշանակվելը մոտ մեկուկես տարի եղել է Արարատի Նոր կյանք համայնքի ղեկավարը։ Դա է նրա աշխատանքային գործունեությունը, դրանից հետո միանգամից նշանակվել է Հայաստանի ամենաբարդ մարզի՝ Արարատի մարզպետ։ Հարկ է նշել, որ համայնքի ղեկավար լինելու ժամանակ նա աչքի է ընկել համայնքանպաստ քայլերով։ Նրա ղեկավարած Նոր կյանքը համարվում է Հայաստանի առաջին հեղափոխական գյուղը։ Մարզպետ դառնալուց հետո Սարգսյանի իմիջն գնալով դառնում է շարքային չինովնիկի իմիջ, ով պաշտոնների է նշանակում իր ազգուտակին։

Վայոց ձորի 30-ամյա մարզպետ Տրդատ Սարգսյանը ԵՊՀ արեւելագիտության եւ իրավագիտության ֆակուլտետներն ավարտելուց հետո, կարելի է ասել, միանգամից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: Թեեւ նրա կենսագրականում այդ նշանակումից առաջ գրված է, որ 2016-2018 թթ․ եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ, բայց դա պետական աշխատանք չէ։ Տրդատ Սարգսյանը մշտապես ակտիվ հասարակական գործունեություն է վարել, մասնակցել է քաղաքացիական շարժումների:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031