Հայաստանի լրատվական դաշտը հեղեղված է տարբեր առիթներով կազմակերպված բողոքի ակցիաների մասին տեղեկություններով եւ սպասվող «էլ ավելի զանգվածային» ակցիաների վերաբերյալ կանխատեսումներով, ու այդ լրահոսում խճճված շարքային քաղաքացին լավ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում երկրում։ Զուգահեռաբար հասարակությանն են ներկայացվում ապոկալիպտիկ «մարգարեություններ», որոնց ընդհանուր իմաստը հետեւյալն է՝ տնտեսությունը փլուզված է, բյուջեում փող չկա, սոցիալական պայթյունն անխուսափելի է, Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու Արեւմուտքից ֆինանսական օգնություն խնդրել, Արեւմուտքն էլ դրա դիմաց ծանրագույն զիջումներ է պահանջելու Արցախի հարցում, այնպես որ՝ պետք է պատրաստվել վատթարագույնին։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Մի կողմից՝ Հայաստանում ունենք հասարակական մի բավականին մեծ շերտ (նախկին իշխանություններն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները, նրանց օրոք արտոնյալ պայմաններում հարստացածները եւ այլն), որը վերջին ամիսներին ոչ միայն կորցրել է իշխանությունն ու «կոմֆորտը», այլեւ ամեն պահի աչքի առաջ ունի ճաղերի ետեւում հայտնվելու հեռանկարը։ Մյուս կողմից՝ Հայաստանն իսկապես ունի լրջագույն խնդիրներ (սոցիալ-տնտեսական, անվտանգային, ժողովրդագրական եւ այլն), որոնց լուծման համար ֆինանսական լուրջ միջոցներ են պետք։ Հիմա տեսեք։ Հայաստանը հավելյալ ֆինանսական միջոցների ընդամենը երկու հնարավոր աղբյուր ունի։ Առաջին՝ բյուջեի ընդլայնումը եւ ավելի արդյունավետ օգտագործումը (ինչը ենթադրում է հարկային բարեփոխումներ, որոնց արդյունքում անպայման կլինեն ե՛ւ գոհ մնացածներ, ե՛ւ դժգոհներ, ինչպես նաեւ օպտիմալացում, ինչի արդյունքում նույնպես դժգոհություններն անխուսափելի են)։ Երկրորդ՝ օտարերկրյա ներդրումների կտրուկ աճը։
Ու ի՞նչ է տեղի ունենում։ Հարկային դաշտում ցանկացած փոփոխության, օպտիմալացման կամ արդարության վերականգնման ցանկացած փորձ նախկինները վարպետորեն վերածում են քարոզչական առիթի՝ հասարակության մեջ հակակառավարական տրամադրություններ արթնացնելու համար, այսինքն՝ «գլխանց» տորպեդահարում են բյուջեն ընդլայնելու ցանկացած փորձ։
Զուգահեռաբար աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե տեսեք՝ Հայաստանում ներդրումներ կատարել չի կարելի, որովհետեւ սեփականության իրավունքը պաշտպանված չէ, պատերազմի վերսկսման սպառնալիքը չափազանց իրական է, «այս իշխանությունների օրերը հաշվված են», եւ այլն։ Այսինքն՝ տորպեդահարում են նաեւ հավելյալ ֆինանսական միջոցներ հայթայթելու երկրորդ ճանապարհը՝ օտարերկրյա ներդրումները։ Դրանով իսկ ստիպելով, որ կառավարությունն Արեւմուտքից ֆինանսական օգնություն ակնկալելուց բացի այլ ելք չունենա։ Ու դա անում են գիտակցելով, որ Արեւմուտքն իսկապես էլ կարող է այդ օգնության դիմաց Հայաստանից լրջագույն զիջումներ պահանջել, ասենք, Արցախի հարցում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում