ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց ոստիկանության զորքերի ծառայող Փայլակ Մնացականյանը: Նա դատարանին հայտնեց՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, ապա հրահանգ է ստացել շարժվել դեպի Սարի թաղի եւ Խորենացիի հատման կետ. «Տեղեկություններ կային, որ հնարավոր է՝ զանգվածային անկարգություններ լինեին քաղաքացիների կողմից: Նրանք ցանկանում էին շարժվել դեպի գունդ: Այդ հատվածքում քաղաքացիները քարեր եւ պայթուցիկներ նետեցին, մենք վահաններով պաշտպանվում էինք: Հետո Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո ժողովուրդը ցրվեց»:
Ոստիկանի պատմելով՝ այնուհետեւ հետ են շարժվել Խորենացի փողոցով՝ ՊՊԾ գնդի հարակից տարածքով, երբ վիրավորվել է. «Գնդի տարածքից կրակոցներ էին լսվում: Որովայնիս հատվածում ցավ զգացի: Շտապօգնությունն ինձ տեղափոխեց հիվանդանոց, որտեղ վիրահատվեցի: Հաստ աղիքիս միջից փամփուշտի գնդակ հանեցին: Այն ենթարկվել է փորձաքննության, թե ոչ, չգիտեմ, միայն գիտեմ, որ կրակոցը գնդի տարածքից էր»:
ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված երեք ոստիկանների մասին Փայլակ Մնացականյանը տեղեկություններ չուներ:
Գործով մեկ այլ տուժող-ոստիկան Մայիս Հովհաննիսյանն էլ դատարանին հայտնեց, որ գնդի հարակից տարածքներից մեկում այրվել է իր ծառայողական ավտոմեքենան. «Պահանջում եմ, որ վերականգնվի գույքային վնասը: Չգիտեմ, թե ով է այրել»:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբի անդամները նաեւ ոստիկանական ավտոմեքենաներ են այրել: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ տուժողին հայտնեց, որ գույքային վնասի վերականգնման համար նա պետք է հայցադիմում ներկայացնի դատարան:
https://www.facebook.com/aravot.am/videos/273106500283390/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ